Մի իմպրովիզացիա էլ ես անե՞մ

Մի իմպրովիզացիա էլ ես անե՞մ
Վերջապես գտնվեց «Ժառանգության» եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական քայլերի ճիշտ բնորոշումը՝ իմպրովիզացիա: Վերջին իմպրովիզացիան այս հացադուլն է:



 



Սրանից ավելի առաջ իմպրովիզացիա էր Երեւանի հանրահավաքները մի քանի օրով դադարեցնելն ու մարզեր մեկնելը, իմպրովիզացիա էր Գագիկ Ծառուկյանի հետ փակ բանակցությունը, իմպրովիզացիա էր նախագահական նստավայրի հրավերը մերժելը, խայտառակ իմպրովիզացիա էր «իմ դիակի վրայով» արտահայտությունը:



 



Այս ամենի պատճառը, մեզ թվում է, այն է, որ Րաֆֆին չի կարողանում հստակ ասել՝ ես եմ հաղթել: Ճիշտ է, ժողովուրդն այդ քարտ-բլանշը տվել է նրան, բայց դա տեղի է ունեցել հենց իր համար շատ անսպասելի, ինչն էլ այսպիսի իրավիճակների է մատնել «Ժառանգության» առաջնորդին: Նա այս պահին, շատ ներողություն, նման է մեր հեքիաթի հերոսին, ում թագավոր են դարձրել, ու չի իմանում ինչ հրամաններ տա:  Րաֆֆին իրականացրել է իր երազանքը՝ գոնե մեկ անգամ մասնակցել Հայաստանի նախագահական ընտրություններին: Բայց նա, դարձյալ ներողություն, երկրորդը լինելու, առավել եւս հաղթելու մասին չի էլ երեւակայել: Այլապես մենք հետընտրական շրջանում կտեսնեինք քայլերի հստակ ծրագիր եւ ոչ թե, այդ քայլերի փոխարեն՝ իմպրովիզների շղթա:



 



«Իմպրովիզացիա» բառն (լատիներեն՝ improvisus), ինքնին դրական լիցքեր առաջացնող բառ է: Դա հանպատրաստից ինչ-որ բաներ ստեղծելն է, անելը, դիցուք՝ բանաստեղծություն գրելը, էքսպրոմտ հորինելը, սցենարից դուրս որեւէ ֆրազ արտասանելը: Սերժ Սարգսյանի նախընտրական հավաքներում իմպրովիզացիաները մեծ տոկոս կազմեցին: Ընտրությունների ժամանակ ժողովուրդն էր ամենամեծ իմպրովիզատորը, այսօր ԲՀԿ-ն փորձում է օգտագործել ԱԺ ընտրություններում իրեն հաջողություն բերած իմպրովիզացիան, իմպրովիզացիաների գծով իր հավասարը չունի Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով իր վերջին իմպրովիզացիայի (քաղաքագիտական վերլուծության) արդյունքում փառավորապես ոչնչացրեց ՀԱԿ-ը: Չմոռանանք նաեւ, որ իմպրովիզացիաների մեծ վարպետ է նաեւ «Ժառանգությունն» ու, մասնավորապես, նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ճիշտ է, վերջինիս որոշ իմպրովիզացիաներ Ահարոն Ադիբեկյանի շուրթերով «էպատաժ» որակումն են ստացել, բայց, այնուամենայնիվ, դրանք իմպրովիզացիաներ են իրենց խորքում:



 



Ինչպես ֆիլմի սցենարից դուրս հանճարեղ դերասանի որեւէ իմպրովիզացիա՝ շարժում, ֆրազ, կարող է, չխաթարելով բուն սցենարը, կատարելության հասցնել ֆիլմը, այնպես էլ ծրագիր ունեցող քաղաքական գործչի երբեմն-երբեմն թույլ տված իմպրովիզացիոն քայլերը կարող են հարստացնել նրա պայքարը, դարձնել մասսաների համար ավելի գրավիչ, ավելի համոզիչ, ինչու չէ՝ այդ պայքարն ավելի մոտեցնել հաղթական ավարտին: Րաֆֆի Հովհաննիսյանի իմպրովիզացիաները, սակայն, մի պարզ պատճառով, շարժմանը ոչինչ չեն հաղորդում, որովհետեւ դրանք՝ իմպրովիզները, որեւէ ծրագրի շուրջ չեն, այլ պարզապես իմպրովիզներ են, որոնք եւս մեկ անգամ ընդգծում են իրենց հեղինակի, չգիտեմ, անկանխատեսելիությունն ասեմ թե ազնվությունը, կառավարելիությունն ասեմ, թե անկառավարելիությունը, մանկամտությունն ասեմ, թե խոհեմությունը:



 



Տեսեք՝ ՍԴ-ին նույնիսկ մի լուրջ փաստ չկարողացան ներկայացնել, որից «տեղյակ» չլիներ ԿԸՀ-ն կամ ոստիկանությունը: Մի՞թե պարզ չէ, որ ընտրությունները կեղծվել են՝ հռետորական հարցեր են հնչեցնում: Ոչ, պարզ չէ, հարգելի «Ժառանգություն»: Բոլորս գիտենք, որ կեղծվել են, բայց ոչ ոք փաստ չունի, որ կեղծվել են: Սրանք տարբեր բաներ են: Հետեւաբար՝ իմպրովիզացիա է նաեւ ՍԴ դիմելը: Իմպրովիզացիա է նաեւ Ստեփան Սաֆարյանի հայտարարությունը՝ դիմեցինք, որ հետո չասեն՝ ինչու չդիմեցիք: Է, հիմա էլ ձեզ ասում են՝ գնացեք տուն: Ուրեմն գնացեք, որ հետո չասեն՝ ինչու չգնացիք:



 



Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մարտի 10-ին շատ կարեւոր հայտարարություն է անելու, իսկ ինքը գնաց Գեղարքունիք: Շատ չանցած՝ լուրը հասավ, թե քիչ է մնացել Մարտունիում եւ Սեւանում ծեծեն նրան: Հետո ինքը հասավ Երեւան ու իր ժամադրած օրը՝ մարտի 10-ին, հայտարարեց հացադուլի մասին: Դա՞ էր այն ամենակարեւոր բանը, որ Րաֆֆին կարող էր ասել բերնեբերան լցված Ազատության հրապարակին: Հարցնում ես՝ ինչո՞ւ հացադուլ, մարդ Աստծո, պատասխանում է՝ միայն իմ դիակի վրայով: Այսքանից հետո էլ՝ մամլո ասուլիս եւ հայտարարություն՝ իմ պայքարը լուրջ է:



 



Չեք համոզում, պարոն Հովհաննիսյան:



 



Սա իմ ու Սերժի պայքարը չէ, սա հին ու նոր Հայաստանի պայքարն է: Հասկացա: Տուր ինձ անցման մեխանիզմը, հարգելի պարոն Հովհաննիսյան, եթե պարզ է, որ Սերժ Սարգսյանը, այսինքն՝ հին Հայաստանը, չի ցանկանում Րաֆֆի Հովհաննիսյանին, այսինքն՝ նոր Հայաստանին փոխանցել նախագահական նստավայրի բանալիները: Ի՞նչ անենք, ազգովի նստենք հացադուլի՞: Ինքնահրկիզումը, ինքնախարազանումը ազգը չի ընդունում, ի՞նչ անենք, եկեղեցին չի ընդունում, իսկ խարույկ բարձրանալու ժամանակներն էլ անցել են:



 



Այսօր իշխանությունները մեր գլխի տակ փափուկ բարձեր են դնում՝ խոստանում են աներեւակայելի փոփոխություններ, դրական տեղաշարժեր եւ այլն: Այդպես Ադրբեջանի իշխանությունները ամենալայն ինքնավարություն են խոստանում Արցախին: Տարբերություն չկա: Ամեն ինչ խաղաղվեց, թե չէ, առաջվանն է լինելու, մի բան էլ ավելի վատ: Ուրեմն պետք չի թողնել, որ խաղաղվի, որ հանգստանան, որ հաշվեն՝ էս անգամ էլ պլստացինք: Քթներիս տակ Երեւանի ընտրություններն են: Ի՞նչ իմպրովիզացիայի ժամանակ է, ասացեք, խնդրեմ, երբ կարելի է քաղաքապետարանից ուղղակի քշել հին Երեւանը եւ նորը բերել: Դրա համար ծրագիր է պետք, քայլերի հաջորդականություն, անելիքի հստակ իմացություն: Հակառակ դեպքում սա միայն նվեր է իշխանությանը՝ Սերժ Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին եւ Արթուր Բաղդասարյանին: Թույլ տվեք, ուրեմն, մի իմպրովիզացիա էլ ես անեմ, շնորհավորեմ այդ պարոններին առաջիկա ընտրություններում արդեն իսկ արձանագրած հաջողությունների կապակցությամբ:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ