Արմավիրի մարզպետին ազատելու հիմք

Արմավիրի մարզպետին ազատելու հիմք
Ասում են՝ Սերժ Սարգսյանը, մեղմ ասած, զայրացած է մարզերում արձանագրված փետրվարի 19-ի ընտրության արդյունքներից, սակայն երբ որոշել է մարզպետներին պաշտոնանկ անել, նրան հուշել են, որ 1996-ին` ՀՀ նախագահի ընտրությունից հետո, Լեւոն Տեր-Պետրոսյանը նման բան արեց, ու նրա ՀՀՇ կուսակցությունը թուլացավ: Այնքան, որ Տեր-Պետրոսյանը դրանից հազիվ երկու տարի անց հրաժարական տվեց:



 



Մինչ օրս փետրվարի 19-ի համար հրաժարական է տվել միայն Շիրակի մարզպետը: Արմավիրի քաղաքապետն էլ հրաժարական տվեց, որը կառավարությունը չընդունեց: Արմավիրի մարզպետի հրաժարականի մասին էին խոսում, որն այդպես էլ չեղավ: Հիմա Արմավիրի մարզպետին գործից ազատելու ոչ ընտրական հիմքեր կան: Խոսքը կառավարությանն է:



 



Արմավիրի մարզում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին պարտվել է խոշոր քաղաքներում. Արմավիր՝  986 : 7 838, էջմիածին-Վաղարշապատ` 7 336 : 11 027: Գյուղերում փոփոխական է. Հայթաղում հաղթել է Սերժ Սարգսյանը, Տանձուտում` Րաֆֆի Հովհաննիսյանը, Շենիկում` Սերժ Սարգսյանը, Մյասնիկյանում` Րաֆֆի Հովհաննիսյանը եւ այլն: Ողջ մարզում Սերժ Սարգսյանն ստացել է 67 360, Րաֆֆի Հովհաննիսյանը` 52 880 ձայն: ՀՀ Սահմանադրության 88.1 հոդվածի համաձայն, «մարզպետները նշանակվում եւ ազատվում են կառավարության որոշմամբ: Կառավարության այդ որոշումները վավերացվում են հանրապետության նախագահի կողմից: Մարզպետներն իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը»:



 



Հանրապետությունում ամենից շատ պարտքեր ունի Արմավիրի մարզը. եթե հունվարի մեկի դրությամբ բոլոր 10 մարզերում կար միայն 2,268 միլիոն դրամ պարտք, ապա արդեն փետրվարի 15-ի դրությամբ՝ 5,461 միլիոն դրամ, որից 4,964 միլիոնը հենց Արմավիրի մարզի պարտքն է: Շիրակում հաջողել են մարել պարտքերը, եւ հիմա կա ընդամենը 452 հազար դրամի պարտք, մյուս մարզերը պարտքեր չունեն: Եթե սակավածառ Արմավիրի մարզում` հենց մարզկենտրոնում զանգվածային ծառահատում է լինում, եթե քաղաքապետի ազգականներն ու մարզկենտրոնի ավագանու անդամը ծեծկռտուք են սարքում, եթե մարզում քաղաքական եւ ոչ քաղաքական ինչ լինի` մարզպետն ու մարզպետարանը չեն երեւում, ժամանակը չէ՞ վերանայել Արմավիրի մարզում տարվող կադրային քաղաքականությունը:



 



Արամ ԶԱՔԱՐՅԱՆ



 



ՀԳ - Հրապարակման մեջ ներկայացված վիճակագրական բոլոր տվյալները պաշտոնապես տարածել են ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: