«Դժվար է ասել, թե առավոտյան մարդիկ ում օգտին են քվեարկել». հայտարարում է ԿԸՀ նախագահը

«Դժվար է ասել, թե առավոտյան մարդիկ ում  օգտին են քվեարկել». հայտարարում է ԿԸՀ նախագահը
Հայաստանում ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամ, Իռլանդիայի Հանրապետության արտաքին գործերի եւ արդարադատության նախկին նախարար Դերմոտ Ահերնի նամակի թեման, որն օրերս հրապարակվեց մամուլում, երեկ բարձրաձայնվեց նաեւ Սահմանադրական դատարանում, որտեղ շարունակվում է քննվել նախագահի երկու թեկնածուների՝ ընտրությունների արդյունքների վիճարկման պահանջը:



 



Հիշեցնենք, որ դիտորդը Հայ իրավաբանների միության ատենապետին ուղղված նամակում պատմել էր, թե ընտրության օրն ինչպես է մասնակցել Եղվարդի թիվ 3 դպրոցում տեղակայված 26/1 ՏԸՀ-ում քվեների հաշվման գործընթացին: Դիտորդը նշում է, որ հաշվարկի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն ակնհայտ առաջատար է եղել: Երբ դիտորդները ժամը 22-ին մոտ լքել են տեղամասը, ձայների 30%-ը հաշվարկված է եղել, եւ մոտավորապես 3/1 հարաբերակցությամբ Րաֆֆին առաջ է եղել: Տեղամասը լքելու պահին արձանագրված է եղել նաեւ 10-ից ավելի անվավեր քվեաթերթիկ: Դիտորդն արդեն ՏԸՀ-ում, որտեղ ամփոփվել են բոլոր տեղամասերից եկող արդյունքները, տեղեկացել է, որ իրենց դիտարկած 26/1 ՏԸՀ-ում հաղթել է Սերժ Սարգսյանը՝ հաղթել է 382/302 հարաբերակցությամբ, իսկ անվավեր քվեաթերթիկներ ընդհանրապես չեն եղել: «Ես 32 տարի է՝ քաղաքականությամբ եմ զբաղվում այստեղ՝ Իռլանդիայում, մասնակցելով եւ հաղթելով յուրաքանչյուր ընտրություն, որոնցում ես անձամբ պայքարել եմ: Ես նման բանի երբեք ականատես չեմ եղել: Իմ փորձը ցույց է տալիս շեղում, երբ ես տեսնում եմ մի բան, եւ տեղի է ունենում մի տարօրինակ բան, որը շրջում է ընտրության արդյունքն այն բանից հետո, երբ մենք լքեցինք թիվ 26 ՏԸՀ-ն»,-նամակում գրում է դիտորդը:



 



Երեկ ՍԴ-ում, երբ գործով հարակից պատասխանող՝ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Կորյուն Փիլոյանը ներկայացնում էր, թե իրենք ինչ գերբնական օպերատիվությամբ են արձագանքել թեժ գծի բոլոր 5 ահազանգերին եւ ընդհանրապես բոլոր դիմում-բողոքներին, ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը հետաքրքրվեց, թե ինչ ընթացք են տվել իռլանդացի դիտորդի նամակին, որտեղ կոնկրետ հանցագործության մասին է բարձրաձայնվում: Պարզվեց, որ դատախազությունը նամակում հայտնված տեղեկությունների հիման վրա գործ է հարուցել, որը դեռ ընթացքի մեջ է: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից փորձեցինք պարզել, թե ինչպես է պատահել, որ դիտորդը մի բան է արձանագրել, իսկ ՏԸՀ-ն՝ տրամագծորեն  այլ բան:



 



- Անկեղծ ասած, բավականին տարօրինակ երեւույթ է, որովհետեւ, նախ, առաջինը քվեարկության գիշերը, ժամը 00-ից սկսած, բոլոր տեղամասերի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվել են կայքէջերում, ԿԸՀ-ի կայքէջում, տեղամաս առ տեղամաս հրապարակվել են արդյունքները, ինչի մասին, իհարկե, տեղեկացվել են բոլոր դիտորդները: Այդ տեղամասի հետ կապված արդյունքները նույնությամբ արտացոլված են եղել տվյալ տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմած արձանագրության մեջ: Առաջին հարցը, որ բոլորի մոտ առաջանում է, այն է, որ որեւէ խնդիր չկար, որ անմիջապես այդ օրն առավոտյան կամ հաջորդ օրն այդ տեղեկությունները հրապարակվեին, հասկանալու, ճշգրտելու վերաբերյալ դիտողություններ ներկայացվեին, որ պարզաբանում տրվեր: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդքան ժամանակ չէր ասվում դրա մասին:



 



- Բայց դա չէ էականը: Դիտորդը կոնկրետ փաստեր, թվեր է նշում, կոնկրետ դեպքի մասին է խոսում, եւ, ինչպես երեւում է նամակից, պատրաստակամ է նաեւ լրացուցիչ տեղեկություններ տրամադրել:



 



- Գիտեք, խոսքը վերաբերում է ընտրական տեղամասում որոշակի ժամանակահատվածում իրականացված աշխատանքին: Այստեղ կարող են լինել ամենատարբեր փաստական հանգամանքները: Նա սկսել է մասնակցել ինչ-որ ժամի, ապա թողել ու դուրս է եկել տեղամասից, գնալով մեկ այլ տեղամաս: Բայց այդ տեղամասում դեռ հանվել են քվեաթերթիկներ, եւ շատ դժվար է ասել, թե ինչ արդյունք կլինի վերջում: Տուփի տակ դեռ քվեաթերթիկներ են եղել, մարդիկ, ովքեր քվեարկել են առավոտյան, դժվար է ասել, թե նրանք ում օգտին են քվեարկել (այդ դեպքում նշանակում է, որ, իսկապես, առավոտյան մարդկանց պարտադրաբար բերել են տեղամասեր՝ քվեարկելու Սերժ Սարգսյանի օգտին՝ խմբ. կողմից):



 



- Բայց մինչեւ հեռանալը դիտորդն արձանագրել է 10 անվավեր քվեաթերթիկ, իսկ արդյունքներն ամփոփելու ժամանակ ՏԸՀ արձանագրության մեջ նշվել է 0 անվավեր քվեաթերթիկ: Այս փա՞ստն ինչպես կմեկնաբանեք:



 



- Երբ դուրս են գալիս քվեաթերթիկներ, հանձնաժողովն ինքը, սեփական քվեարկությամբ որոշում է, գնահատում է՝ դրանք վավե՞ր են, թե՞ անվավեր: Այդ հարցերում ՏԸՀ-ները, իհարկե, միասնական, շաբլոն մոտեցում ցուցաբերել չեն կարող: Լինում են դեպքեր, երբ, օրինակ, ենթադրենք տարբեր թեկնածուների մոտից դուրս են գալիս նույնական բնույթ կրող քվեաթերթիկներ: ՏԸՀ-ն որոշում է, ասենք, երկուսի պարագայում էլ քվեաթերթիկները համարել վավեր կամ հակառակը:



 



- Ուզում եք ասել, որ հանձնաժողովի որոշմամբ 10 անվավեր քվեաթերթիկն էլ վավե՞ր է դարձվել: Որքանո՞վ է դա օրինական, հավանական եւ իրատեսական:



 



- Գիտեք, որ, պայմանավորված ՍԴ-ում այս գործի քննությամբ, մենք նույնիսկ ժամանակ ու հնարավորություն չենք ունեցել այդ հանձնաժողովի անդամներին հրավիրելու եւ նրանցից փորձել հասկանալ, թե, այնուամենայնիվ, ինչ է տեղի ունեցել:



 



- Այսինքն՝ ՍԴ նիստի ավարտից հետո հրավիրելո՞ւ եք նրանց:



 



- Իհարկե, մեզ էլ են հետաքրքրում այդ տեղեկությունները, եւ կփորձենք հասկանալ ամբողջական պատկերը, թե ինչ է տեղի ունեցել: Ես համոզված եմ, որ ոչ միայն ԿԸՀ-ն, այլեւ դատախազությունն ու ոստիկանությունը, այդ հանգամանքների ուսումնասիրությամբ  պայմանավորված, որոշակի քայլեր կանեն:



 



- Եթե պարզվի, որ նամակում նկարագրվածը ճշմարտություն է, եւ ընտրական հանձնաժողովը միտումնավոր աղավաղել է նշված տեղամասում քվեարկության արդյունքները, կարո՞ղ ենք համարել, որ բազմաթիվ այլ տեղամասերում եւս նման աճպարարություններ են արել:



 



- Իհարկե ոչ: Մենք գործ ունենք փաստական հանգամանքների հետ: Դուք նաեւ մի մոռացեք, որ տարբեր հանձնաժողովներում աշխատում են տարբեր մարդիկ: Եթե պայմանականորեն ընդունենք, որ մի հանձնաժողովի նախագահը եղել է հանցագործ, ապա չենք կարող այդ պրեզումպցիան տարածել մյուսների վրա: Եվ, վերջիվերջո, գոյություն ունի անմեղության կանխավարկած: