«Ժառանգությունը» պաշտոնների ճոխ փաթեթ պահանջեց

«Ժառանգությունը» պաշտոնների  ճոխ փաթեթ պահանջեց
Երեկ Ազատության հրապարակը կրկին միտինգային էր: Միակ նորույթը պատվավոր հյուրերն էին՝ հանրահավաքը ժողովրդի առաջին շարքերից նստած ունկնդրում էին Րաֆֆի Հովհաննիսյանի ծնողները՝ Ռիչարդ ու Վարդիթեր Հովհաննիսյանները: Իսկ կինն ու երեխաները, ինչպես միշտ, հարթակում էին:



 



Առանց  երկար նախաբանի, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց այն պայմանները, որոնք կատարելուց հետո միայն իրենք Սերժ Սարգսյանին նախագահ կճանաչեն: Դրանք ամփոփված էին երկու գլխավոր պահանջում՝ նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների անցկացում: Ընդ որում, երկրորդի դեպքում միայն նոր խորհրդարանով բանը չէր ավարտվում, նոր խորհրդարանից հետո պետք է մի շարք առանցքային պաշտոններ տրվեն ընդդիմությանը: Առնվազն հինգ մարզպետի պաշտոն, ՀՀ գլխավոր դատախազի, Հարկային ու մաքսային ծառայության, ԱԱԾ-ի, արտաքին գործերի նախարարության, կրթության եւ գիտության նախարարության, Վերահսկիչ պալատի, Արդարադատության խորհրդի, Հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարների պաշտոնները:



 



Ուշագրավ էր, որ այս ցանկում չկար  իրավական Հայաստան ստեղծելու համար անհրաժեշտ մի շատ առանցքային ոլորտի՝ ՀՀ ոստիկանության անունը: Թերեւս «զորավար Գասպարյանի» նկատմամբ Րաֆֆի Հովհաննիսյանի ջերմ վերաբերմունքով է դա պայմանավորված: Այս պատմական պահանջագիրն ընթերցելուց հետո առաջնորդը նստեց աստիճաններին, մի քանի կարեւոր նշումներ արեց, ստորագրեց եւ ուղարկեց Բաղրամյան 26 հասցեով` Սերժ Սարգսյանի համաձայնությունն ստանալու: Թե Ազատիչն ընդդիմությունից պաշտոնավարման «դաբրո» ստանալու դիմաց որ կետերի հետ է համաձայնելու, դա հայտնի կլինի միայն նրա պատասխանից,կամ էլ երկրորդ ասուլիսից հետո: Այս կարեւորագույն փաստաթղթի ընթերցմամբ էլ ավարտվեց հանրահավաքի գլխավոր արարը: Երկրորդ արարն ավելի էմոցիոնալ էր, այն սկսվեց Ռիչարդ Հովհաննիսյանի խոսքով:



 



Նշենք, որ նրա ելույթից զգացվել էին շատերը: «Ես պետք է խոստովանիմ, որ ես բոլորովին հակառակ էի իր թեկնածությանն ու վստահ էի, որ նրան կճնշեին, եւ քաղաքականորեն ինքնասպանություն էր, շատ ուրախ եմ, որ սխալվել եմ, եւ ձեր միջոցով ոչ միայն ցնցեցիք Հայաստանը, այլ ամբողջ սփյուռքը: Ես միշտ կողմնակից եղած եմ երկխոսության եւ փոխադարձ զիջումի, դա կարող է շատերուն համար հաճելի չթվի, բայց ես կուզեմ դուրս գալ այս վիճակեն, ոչ միայն, թեեւ Րաֆֆին առույգ կանգնած է, ու ես գիտեմ, թե որքան կտառապի, այլ, որովհետեւ մեր ազգը հանդարտության պետք ունի, եւ ես կհուսամ, որ այլ  ճանապարհ կգտնենք երկխոսության,  փոխզիջումի ոգիով, որպեսզի մենք ստիպված չըլլանք այստեղ գալ ու կանգնիլ ոտքի վրա, այլ ավելի շինիչ աշխատանքով...»,- ասաց Ռիչարդ Հովհաննիսյանը, ում ասելիքն ընդհատվում էր բուռն ծափահարություններով:



 



Ելույթ ունեցան նաեւ Աշոտ Մանուչարյանը, Ռուբեն Հակոբյանը, «Շատախ» գումարտակի հրամանատար Սամվել Ասլանյանը: Ապա հայտարարվեց հաջորդ  վճռական հանրահավաքի մասին, որը տեղի է ունենալու  մեկ շաբաթ անց՝ մարտի 29-ին: Այդ օրը թերեւս պետք է Ազատության հրապարակում քննարկվի Սերժ Սարգսյանի պատասխան նամակը: Նշենք նաեւ, որ իշխանությունն ի գիտություն է ընդունել ապրիլի 9-ին հրապարակում հանրահավաք անցկացնելու իրազեկումը: Այդ օրը պետք է տեղի ունենա Րաֆֆի Հովհաննիսյանի ինաուգուրացիան, իհարկե, եթե Սերժ Սարգսյանը չհամաձայնի այս պահանջագրին: