Հրաշամանո՞ւկ, թե՞, այնուամենայնիվ, երիտթեւ

Հրաշամանո՞ւկ, թե՞, այնուամենայնիվ, երիտթեւ
ՀՀԿ-ն, ինչպես երեւում է, անցած նախագահական ընտրություններից որեւէ դաս չի քաղել, եւ այդ ընտրությունների հետ կապված ոչ դրական, ոչ էլ բացասական որեւէ բան ՀՀԿ-ի ոչ մտածելակերպի եւ ոչ էլ արտահայտչամիջոցների վրա չի ազդել: Դա վա՞տ է, թե՞ լավ: Նկատի ունենք՝ ՀՀԿ-ի համար:



 



Թե հանրությունն ինչպես ընդունեց առաջին տեղը  «բրոնյա» արած լինելու կամ Սերժ Սարգսյանի՝ մի ուրիշ ձեւ հաղթելու» մասին էդուարդշարմազանովյան հրովարտակները, բոլորին է հայտնի: Վկա՝ նախագահական ընտրությունները, որոնց արդյունքներից գոհ լինելու հատուկ պատճառ չունեն ոչ ՀՀԿ-ն, ոչ հայաստանցիները եւ ոչ էլ միջազգային հանրությունը՝ չնայած մի շարք հանրահայտ դեմքերի հարմարվողական շնորհավորանքներին:



 



Օրերս ՀՀԿ խորհրդի նիստից հետո, որտեղ քննարկվել է Երեւանի ավագանու ընտրություններին իշխող կուսակցության նախապատրաստման հարցը, Էդուարդ Շարմազանովը դարձյալ շեփորել է իր թիմի մոտալուտ հաղթանակը՝ նշելով, որ երկրորդ տեղի համար պայքարը հակաիշխանական ուժերի միջեւ թեժ է լինելու: «Հակաիշխանական» բառը հատուկ ենք ընդգծել: Մենք դրան կանդրադառնանք ավելի ուշ, իսկ այժմ մի քանի խոսք այն մասին, թե ինչպես է ՀՀԿ-ն դարձյալ ոտք դնում ճիշտ նույն ճանապարհին, որն արդեն մերժվել է հասարակության կողմից: Մենք, ի դեպ, ելնում ենք այն ճշմարտությունից, որ ՀՀԿ-ն նաեւ Երեւանում է ՀՀԿ եւ ոչնչով չի տարբերվում Գյումրիի, Վանաձորի, Կապանի, Էջմիածնի ՀՀԿ-ներից: Որոշակի վերապահումներով, իհարկե, հայաստանցին հայաստանցի է նաեւ Երեւանում, եւ ինչո՞ւ պիտի նա այլ վերաբերմունք ցույց տա ՀՀԿ-ին, քան ցույց տվեցին նշված քաղաքներում ապրող հայաստանցիները:



 



Նշենք, որ ՀՀԿ-ի՝ ջուրը չմտած բոբիկանալու այս սովորությունն ավելի վաղ շրջանից է գալիս: Ոգեւորված 2007 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ նրանք այսպիսի հայտարարություններ արդեն անում էին 2008-ին, ապա՝ 2009-ին, երբ պետք է առաջին անգամ ընտրեինք Երեւանի ավագանի: ՀՀԿ-ի դեմ խաղ չկա, մենք հաղթել-պրծել ենք հայտարարություններն այն օրերի ծնունդ են: 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ նույնն էր: Փողին մուննաթ՝ ՀՀԿ-ն իր ճանապարհին մրցակից ու հակառակորդ չէր տեսնում եւ վերջ: Բայց ՀՀԿ-ն չէր տեսնում նաեւ խորացող դժգոհության ողջ ծավալը, որն իր հետ այլեւս նոր որակներ էր արթնացնում հասարակության մեջ: Ոչ իշխանական կարող ուժերի հրաժարումը նախագահական ընտրություններից եւ նրանց հայտարարությունները, թե ընտրությունների ելքը կանխորոշված է, կարելի է ասել, այն պատասխանն էր, որ տրվեց Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը. «Սերժ Սարգսյանը մի ուրիշ ձեւ է հաղթելու»: Եվ Սերժ Սարգսյանը, փաստորեն, մի ուրիշ ձեւ հաղթեց: Նա հաղթեց մինչ այդ հազիվ 0,1-5 տոկոս տեսած իր մրցակիցներին, բայց ահա, չի կարողանում ամրագրել այդ հաղթանակն ու համոզել երկրորդ տեղ գրաված Րաֆֆի Հովհաննիսյանին՝ դադարեցնել հացադուլն ու համագործակցել իր հետ: Հետեւաբար, այո, մի ուրիշ ձեւ է հաղթել եւ ոչ մաքրամաքուր ընտրություններով: Այս ամենի պատճառն այն է, որ ՀՀԿ-ի հանդեպ եղած դժգոհությունն ավելին է, քան ՀՀԿ գրասենյակից, եւ, մանավանդ, Էդուարդ Շարմազանովի պատուհանից է դա երեւում:



 



Եվ հիմա, երբ Ազատության հրապարակում տակավին կրքերը չեն հանգստացել, երբ նույնիսկ արտերկրի (Մոսկվայի) գործարարներն են իրենց զորակցությունը հայտնում ժողովրդական շարժմանն ու այդ շարժման գագաթին հայտնված Րաֆֆի Հովհաննիսյանին, երբ հրապարակում խտանում ու աստիճանաբար բյուրեղանում է միլիոնների երթի եւ ալտերնատիվ երդման արարողության գաղափարը, Էդուարդ Շարմազանովը, բըլթ, հայտարարություն է անում Երեւանի ավագանու ընտրություններում առաջին տեղի հարցը փակված լինելու մասին: Ստացվում է, որ ՀՀԿ-ի ուղեղն ավելի կարծր է, քան, առհասարակ, բնության մեջ եղած որեւէ ուղեղանման նյութ: Օստապ Իբրահիմովիչը նման դեպքերում իր պոտենցիալ զոհին ասում էր՝ Ձեր նախնիները, քաղաքացի Կորեյկո, կապիկներ չեն եղել: Դուք այնքան ծանր եք մտածում, ասես կովից եք առաջացել: ՀՀԿ-ի պարագայում մենք նույնիսկ ծանր մտածելու պրոցեսը չենք նկատում: Ուրեմն էլ ինչի՞ց կարող են առաջացած լինել նույն երգն արդեն քանի տարի երգող մեր հանրապետական գործընկերները:



 



Կարելի է, իհարկե, այս ամենը վերագրել Շարմազանովի ոգեւորությանը: Որքան մեզ հայտնի է, առաջին անգամը լինելով, նրան վստահվել է որեւէ կարեւոր բան ղեկավարելու գործը: Այս դեպքում՝ ՀՀԿ շտաբը: Ու, բնական է, նա փորձում է ոգեւորել թիմակիցներին: Բայց այսպե՞ս:



 



Եվ, առհասարակ, Շարմազանովն իր կերպարով շատ վատ քարոզչական նյութ է, եւ հայտնի չէ, թե որքան է լինելու նրա օգտակար գործողության գործակիցը: Բանն այն է, որ նրան շտաբի պետ նշանակելու որոշումը շատ սովորական copy-paste է, որ հիշեցնում է Հովիկ Աբրահամյանին ՀՀԿ շտաբի պետ նշանակելու պատմությունը: Մարդիկ կարող են մտածել՝ ԱԺ նախագահն ի՞նչ արեց, որ փոխնախագահն ինչ անի: Եվ, բացի այդ, անփորձ Շարմազանովն ուղղակի փնթիություն է հանդես բերում հայտարարություններ անելիս: Նա  հայրենի ընդդիմության հետ ու մասին խոսում է այնպես, ինչպես սովորել է խոսել զանազան ալիեւների, էրդողանների եւ դավութօղլուների մասին: Էդուարդը պարտավոր է լուրջ դպրոց անցնել, առնվազն Հովիկ Աբրահամյանի դասարանը, այլապես կարող է զայրացնել ընդդիմությանը եւ իր ու ՀՀԿ-ի վրա ուղղել քննադատության բուն սլաքները: Խոսքը վերեւում ընդգրկված բառի մասին է՝ հակաիշխանական: Սա անթույլատրելի է, եւ չի կարելի այդ բառով բնորոշել ոչ իշխանական ուժերին:



 



Մի քանի օր առաջ, երբ ԱԺ-ում պայքար էր գնում էթիկայի հանձնաժողովի կազմի շուրջ, ողջ Հանրապետականն էր ոտքի հանվել, որ «ընդդիմադիր» հասկացությունը մեջտեղից վերանա եւ գործածվի «ոչ իշխանական ուժ» հասկացությունը: Հիմա մենք Շարմազանովի մոտ մի պրոգրես ենք նկատում, որ առնվազն պատիվ չի բերում իշխանություններին: Մենք, հասկանալի է, գիտենք, որ Հայաստանում կա իշխանություն եւ այդ իշխանությունից ծայրահեղ դժգոհ ընդդիմություն եւ անգամ այլընտրանք: Դրսի մարդը, սակայն, կարող է սխալ հասկանալ: Ձեր երկրում, կհարցնի նա, քաղաքական ուժերը հանուն ինչ-որ բանի՞ են պայքարում, թե՞ ուղղակի պայքարում են միմյանց դեմ, որովհետեւ հակա են միմյանց:



 



Դե իսկ վերջում, շնորհավորելով ԱԺ փոխնախագահ Շարմազանովին նոր պաշտոնի կապակցությամբ, կառաջարկեինք ՀՀ նոր Սահմանադրության մեջ նոր կետ ավելացնել: Այսպես՝ իշխող կուսակցության նախընտրական շտաբները, նայած ընտրությունների ռանգին, գլխավորում է ԱԺ նախագահը կամ ԱԺ նախագահի տեղակալը: Նախապես զբաղեցրած պաշտոնից այդ նպատակով հրաժարական տալը կամ չտալը ԱԺ նախագահի կամ նրա տեղակալի որոշելիքն է, իսկ առանձին դեպքերում կարգավորվում է նախագահի այդ պահի տրամադրությամբ:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ