Թուրքական նախաձեռնություն, հայկական ընդվզում

Թուրքական նախաձեռնություն, հայկական ընդվզում
Եթե Թուրքիան դառնա Եվրամիության լիարժեք անդամ` սեփական պատմությունն ընդունելու, «Զրո խնդիր հարեւանների հետ» սկզբունքին հավատարիմ, դրանից Հայաստանը միայն կշահի: Այսօր, սակայն Թուրքիան փորձում է դառնալ խոշոր խաղացող տարածաշրջանում եւ աշխարհում` ուրանալու սկզբունքին հետեւելով, որից Հայաստանը, մեղմ ասած, հաստատ չի շահելու:



 



Այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ Թուրքիան պատրասակամություն է հայտնել Ստամբուլում սիրահոժար տեղակայել-ընդունել Միավորված ազգերի կազմակերպության տարածաշրջանային, Արեւելյան Եվրոպայի կամ Կենտրոնական Ասիայի 16 գրասենյակ` յոթ երկրից: Թուրքիան արդեն քանի տարի է ջանում է դա անել եւ հիմա առաջարկում է հոգալ գրասենյակային ծախսերի մի մասը` պայմանով, որ Ստամբուլ կտեղափոխվեն Սլովակիայից ՄԱԿ-ի կանանց հարցերի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակը, Հունգարիայից` Պարենի եւ Գյուղատնտեսության` FAO, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակը, Դանիայից Առողջապահության համաշխարհային կազմակերպության` WHO, Եվրոպայի գրասենյակը, Ժնեւից ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` UNICEF,  Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակը եւ այլն: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն մի առիթով արդեն հայտարարել է, որ ՄԱԿ-ի գրասենյակները կտեղափոխվեն Ստամբուլ եւ Ստամբուլը կդառնա ՄԱԿ-ի քաղաք: Բրատիսլավայից (Սլովակիա) արդեն Ստամբուլ է տեղափոխվել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակը: Սա անակնկալ է եղել Սլովակիայի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար Միրոսլավ Լայչակի համար: Տեղափոխման առիթով նա պաշտոնապես հայտնել է իր «զարմանքը, հիասթափությունն ու ափսոսանքը»:



 



Հայաստանի 16 հասարակական կազմակերպություն` «Արազա», «Տապան էկո-ակումբ», «Հանուն կայուն մարդկային զարգացման», «Քաղաքացիակակ հասարակության զարգացման կենտրոն» եւ այլն ստեղծել են «Հանուն ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանության» կոալիցա ու նամակով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին եւ ՄԱԿ-ի այն գործակալությունների ղեկավարներին, որոնց տարածաշրջանային գրասենյակները Թուրքիան ուզում է «իրենով անել»:



 



«Քաղաքացիակակ հասարակության զարգացման կենտրոնի» նախագահ Սվետլանա Ասլանյանը տեղեկացրեց, որ իրենց պահանջով Երեւան է եկել ՄԱԿ-ի բարձր մի պատվիրակություն եւ հավատացրել, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ՄԱԿ-ը առաջնորդվում  բացառապես հարցի ֆինանսական տեսանկյունից, քաղաքական ոչ մի շարժառիթ չկա: Մերոնք էլ ասել են, որ սկսած Հայերի ցեղասպանությունից ու Ղարաբաղի հարցից, վերջացրած հայ-թուրքական արձանագրություններով, Թուրքիան մեկ անգամ չէ, որ ցուցադրել է իր կանկախալ ու բացասական վերաբերմունքը մեր նկատմամբ: Թուրքիան խնդիրներ ունի գրեթե բոլոր հարեւանների հետ: Բացի դա, ՄԱԿ-ի կանոնադրության առաջին հոդվածի առաջին կետի համաձայն, «Միավորված ազգերի կազմակերպության նպատակներն են. պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը եւ այդ նպատակով արդյունավետ համախմբված միջոցներ ձեռնարկել՝ կանխելու եւ վերացնելու խաղաղության սպառնալիքները, ինչպես նաեւ ճնշելու ագրեսիայի կամ խաղաղությունը խախտող այլ գործողությունները, եւ խաղաղ միջոցներով, արդարության եւ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հասնելու միջազգային վեճերի կամ խաղաղության համար վտանգավոր իրավիճակների շտկմանը կամ կարգավորմանը»:



 



Սա մեկն է այն հոդվածներից որ կխախտվի, եթե ՄԱԿ-ի տարածաշրջանային բոլոր գրասենյակները տեղափոխեն Ստամբուլ: Գումարած ՄԱԿ-ի կանոնադրության հավասարության մասին կետը` համաձայն որի մեծ ու փոքր երկրներ չկան եւ ՄԱԿ-ի որոշումը պետք է հաշվի առնի բոլոր երկրների շահը: «Մենք մեր փաստարկները ներկայացրեցինք եւ ՄԱԿ-ի պատվիրակությունը մեզ խոստացավ, որ հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի կենտրոնակայանում: ՄԱԿ-ում նպատակ չունեն ոտնահարելու կամ անտեսելու մեր շահերը, սա Հայաստանի դեմ չէ: Թուրքիան է, որ դա կօգտագործի քաղաքական նպատակներով: Պաշտոնապես դեմ են միայն Հայաստանն ու Կիպրոսը, իրականում նաեւ Հունաստանն ու այլ երկրներ: Թուրքիան իրավունք չունի ՄԱԿ-ի գրասենյակները տեղափոխել թեկուզ միայն նրա համար, որ մարդու իրավունքների ոտնահարման մասին միջազգային կազմակերպությունների զեկույցներում միշտ առաջին տեղում է: Այսօր Թուրքիայում կա 70 բանտարկված լրագրող»,- ասաց տիկին Ասլանյանը: «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանն էլ ասել է, որ եթե գրասենյակները տեղափոխվեն Ստամբուլ ու այդ գրասենյակների աշխատակազմերում գերակշռեն թուրքերը, կֆինանսավորվեն հակահայ ծրագրերը, կքայքայեն Հայաստանը:  Այսօր հայկական ՀԿ-ները չեն ֆինասնավորվում ՄԱԿ-ի Ստամբուլում գտնվող գրասենյակներից:



 



Հարցը հուզել է ՀՀ Հանրային խորհրդին: «Հասկանալի է Թուրքիայի նպատակը: Այդ գրասենյակներում աշխատելու են զգալի թվով թուրքեր, Թուրքիայի ազդեցությունը բավականին մեծանալու է, սակայն այդ ամենը ոչ միայն մեր շահերին է հակասում, այլեւ ՄԱԿ-ի ընդհանուր գաղափարախոսությանն եւ փիլիսոփայությանը. մի երկրում, որտեղ մարդու իրավունքները բարվոք վիճակում չեն եւ որը խնդիրներ ունի իր հարեւանների հետ, նման կառույցների կենտրոնացումն այնտեղ ճիշտ չէ»,- ասել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ ասել է. «Խնդիրը բարձրացնելու եւ որոշակի արդյունքի հասնելու համար պետք է օգտագործել միջազգային բոլոր խորհրդարանական հարթակները: Սա կարող է դառնալ մեր խորհրդարանական դիվանագիտության օրակարգային հերթական հարցը: Խորհրդարանական յուրաքանչյուր պատվիրակություն պետք է դրսում հանդես գա այս հարցերի վերաբերյալ: Մենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել եւ ձեռնարկում ենք, որպեսզի մեր դիրքորոշումը ոչ միայն հայտնի դառնա, այլեւ առաջ տարվի»:



 



Հարցն առայժմ սառեցված է, այլ երկրներից Ստամբուլ ՄԱԿ-ի գրասենյակների տեղափոխություններ չեն եղել: Բայց «Հանուն ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանության» կոալիցան չի հանդարտվում, մեր ԱԳՆ քայլերին չի սպասում: Նախաձեռնությանը միացել են արդեն հարյուրավոր հայկական ՀԿ-ներ:



 



Արամ ԶԱՔԱՐՅԱՆ