Հայաստանը կդառնա ուժեղ պետություն

Հայաստանը կդառնա ուժեղ պետություն
Ապրիլի 24-ի նախօրյակին Ադրբեջանում կրկին հարմար են գտել անդրադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը` այն  համարելով անարդյունավետ, առաջարկելով, ոչ ավել ոչ պակաս, փոխարինել Թուրքիայի միջնորդական առաքելությամբ` հղում անելով ապրիլի 18-ին Ներկայացուցիչների պալատում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի այն մտքին, թե  Թուրքիան կարող է կառուցողական դեր խաղալ Կիպրոսի եւ ԼՂ հակամարտության խնդրում:



 



ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան առաջին համանախագահ, 1994-ին ԼՂ հակամարտության կարգավորման խնդրում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը մեզ հետ զրույցում ասաց, որ ԵԱՀԿ ՄԽ-ն խնդրի լուծման ամենաճշգրիտ ձեւաչափն է եղել եւ մնում, այն այս տարիներին բավականին մեծ աշխատանք է տարել: «Միեւնույն ժամանակ գտնում եմ, որ հայաստանյան կողմի դիրքորոշումն այս հարցում նույնպես շատ խելամիտ, հավասարակշռված եւ ճշգրիտ է եղել»: Խոսակցություններ կան, որ հնարավոր է Ստեփանակերտի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու համար ՀԱՊԿ արագ արձագանքման զորամիավորումներ տեղակայվեն. նման բան Դուք հնարավոր համարո՞ւմ եք: «Ոչ, ես չեմ կարծում, թե բանը դրան կհասնի. ցանկացած հարցում միշտ հնարավոր է հասնել փոխըմբռնման»:



 



Իսկ Իրանի սահմանագծո՞ւմ, այնտեղ տեղակայվելիք սաղավարտների «գույնը» եւս երբեմն-երբեմն քննարկման առարկա է դառնում: «Կգա ժամանակ, որ Հայաստանը կդառնա ուժեղ պետություն, եւ անհրաժեշտություն չի լինի, որ ռուսական զորքերը պաշտպանեն Հայաստանի սահմանները: Հավատացեք` անկեղծ եմ ասում, մենք դրան հավատում ենք: Ամենամեծ դատավորն աշխարհում ժամանակն է. «դոկտոր» ժամանակը բոլոր հարցերն իր տեղը կդնի»:  Իսկ ի՞նչ եք կարծում` Իրանը «կռմբակոծվի՞», ինչպես մերթընդմերթ հայտարարում է Իսրայելը: «Հույս ունենանք, որ այդպես չի լինի»: