Այդպես ավելի հեշտ չէ՞ր լինի Երեւանի գրավումը

Այդպես ավելի հեշտ չէ՞ր լինի Երեւանի գրավումը
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ եթե անգամ ընդդիմադիրը դառնա Երեւանի քաղաքապետ, չի կարողանա խնդիրներ ստեղծել իշխանությունների համար, որովհետեւ «աղբահանություն անելու համար ինչո՞ւ պիտի կառավարության հետ հակադրվի»:



 



Շատ է արծարծվել, որ նման մոտեցման նպատակն ավագանու ընտրություններին ժողովրդին պասիվության մղելն է: Մամուլում այլ մոտեցումներ էլ են եղել, բայց ինձ հետաքրքիր էր Տարոն Մարգարյանի մոտեցումը, արձագանքը, որը չեղավ: Ստացվում է, որ Տարոն Մարգարյանն աղբահանությա՞մբ է միայն զբաղվում: Կամ լավագույն դեպքում լիֆտերի վերանորոգմամբ… Շատ եկամտաբեր գործ է, եթե հաշվի առնենք նրա ունեցվածքի գույքագրված մասը: Ընդդիմադիր թեւը փորձում է լրջացնել քաղաքապետի գործառույթը, ասել է թե՝ Տարոնի գործը: Քաղաքապետի պաշտոնն այնքան են լրջացնում ու քաղաքական դարձնում, որ զարմանում ես՝ բա որ այդքան լուրջ, քաղաքական պաշտոն է, ինչո՞ւ նախագահի թեկնածուները չեն պայքարում այդ տեղի համար: Տարոնն ի՞նչ գործ ունի այդտեղ…



 



Հանրությունն ավելի քան կկարեւորեր քաղաքապետի քաղաքական գործառույթը, եթե, ասենք, Գագիկ Ծառուկյանը կամ Րաֆֆին քաղաքապետի տեղի համար պայքարեին: Ուժերն ավելի կմոբիլիզացվեին… Ի՞նչն էր խանգարում նրանց դա անելու: Չէ՞ որ նրանք ՀՀ նախագահ չեն եղել, եւ այդ տեսանկյունից լրիվ դրական կընկալվի այդ տեղի համար նրանց պայքարը: Ինչո՞ւ քաղաքական այդ պաշտոնի համար կուսակցություններն առաջին դեմքով հանդես չեն եկել: Այդպես ավելի հեշտ չէ՞ր լինի Երեւանի գրավումը:



 



Հասմիկ  ԲԱԲԱՋԱՆՅԱՆ