Բոլորս դեպի ընդդիմություն կամ՝ բան Օսկանյանի ասացեալ

Բոլորս դեպի ընդդիմություն կամ՝ բան Օսկանյանի ասացեալ
Ի՞նչ մեղքս թաքցնեմ, ես միշտ փորձել եմ ըմբռնումով մոտենալ մեր քաղաքական դաշտի հիմնական խաղացողների գործելաոճին՝ ինչ-որ տեղ մտածելով, որ այդ գործելաոճն իրենց մենաշնորհն է: Ինչ ուզում է, թող անեն, միայն թե պետությանը, ժողովրդին, մարդուն օգտակար լինի:



 



Մարդ կա՝ գործ ես հանձնարարում, ասում է` ես դա չեմ կարող անել, բայց կարող եմ օգտակար լինել այս, այս, այս հարցերում: Ի՞նչ կարող ես անել: Ոչ ոք այդ մարդուց ավելի լավ նրա հնարավորությունները չգիտի, հետեւաբար, հարկ է հաշվի առնել նրա կարծիքը: Ինչպե՞ս մեղադրես մեկին ընդհանուր գործին 10 հազար դրամ չնվիրաբերելու համար, եթե նրա գրպանում հազար դրամ էլ չկա, ու նա ասում է՝ ահա իմ վերջին 5 հարյուր դրամը, վերցրեք, ես այն տալիս եմ սիրով:



 



ԲՀԿ առաջատարներից մեկի՝ Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը մեզ ստիպեց խոսել այս հարցերի մասին: Պարոն Օսկանյանը ներկայացրել է իր անձնական տեսակետն այն մասին, որ, սեպտեմբերից սկսյալ, ԲՀԿ-ն պետք է ինքնահռչակվի որպես ընդդիմադիր կուսակցություն: Խոսքը մեր մեջ՝ մենք դրա ոչ պատճառն ենք տեսնում, ոչ էլ նպատակը: Ավելին ասենք՝ մենք չենք տեսնում, որ ԲՀԿ-ն այդպիսի հնարավորություն ունի: Իսկ գուցե Վարդան Օսկանյանին ներսից ամեն ինչ ավելի լա՞վ է երեւում, ու նա քաջատեղյա՞կ է Գագիկ Ծառուկյանի հնարավորություններին:



 



Երբ Օսկանյանն անցավ ԲՀԿ շարքերը, շատերը խոսեցին այն մասին, որ դրանով ԲՀԿ քաղաքական թեւն ուժեղացավ: Մեր կարծիքով՝ ԲՀԿ-ն այդ ժամանակ ոչ մի քաղաքական թեւ էլ չուներ, որ Օսկանյանով ուժեղանար: ԲՀԿ-ում քաղաքական թեւ ավելի շուտ առաջացավ Օսկանյանի մուտքով: Իսկ պե՞տք էր արդյոք ԲՀԿ-ին քաղաքական թեւ: Եթե այո, ապա ինչո՞ւ չպահեցին Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին, ով ԲՀԿ ցուցակում էլ չէր դադարում իշխանություններին քննադատել: Եվ, ուրեմն, ԲՀԿ-ին պե՞տք էր Վարդան Օսկանյան քաղաքական ֆիգուրը: Օսկանյանի վերջին հայտարարությունից հետո, կարծում ենք, ԲՀԿ-ի առաջ նոր խնդիրներ կծագեն, եւ դրանք նախեւառաջ կլինեն ներքին խնդիրներ, որովհետեւ Օսկանյանը հաշվի չի առել ԲՀԿ-ի ներքին հնարավորությունները: Այդ ո՞ր մեծահարուստ ԲՀԿ-ականը կհամաձայնի դառնալ ընդդիմադիր եւ Օսկանյանի հանգույն գլուխը դեմ տալ հողմերին: Եվ հետո. ի՞նչ է նշանակում՝ ճիշտ կլինի, որ մենք դառնանք ընդդիմադիր: Այդ երբվանի՞ց են գցել-բռնելով դառնում ընդդիմադիր, պարոն Օսկանյան: Դուք ինքներդ այդքան ընդդիմադիրներ եք ունեցել՝ նրանցից ո՞ր մեկն է ընդդիմադիր հռչակել ինքզինքը՝ աշխարհի բաները մի լավ «բաբաթ փիքր» անելուց հետո:



 



Տեղի ունեցան 2012թ. ԱԺ, ապա՝ 2013թ. նախագահական ընտրությունները: Ընդդիմադիր դառնալու պատճառներ ու առիթ, ինչպես ասում են, ինչքան ուզեք: Ինչո՞ւ է ԲՀԿ քաղաքական թեւի շոգեքարշն այսքան ուշ արթնանում: Վերջապես՝ ինչո՞ւ ԲՀԿ-ն ընդդիմադիր չհռչակել հենց այսօր, երբ քթի տակ են Երեւանի ընտրությունները: Դա չի՞ օգնի արդյոք ԲՀԿ-ին՝ ավելի լավ հանդես գալ ու ավելի շատ ընդդիմադիր ձայներ տանել: Բա էլ ինչո՞ւ է Վարդան Օսկանյանն այդ նշանակալից իրադարձությունը տեղափոխում մինչեւ սեպտեմբեր:



 



Հարցին, մեր կարծիքով, պետք է նայել երեք ուղղությունից: Նախեւառաջ՝ չի բացառվում, որ խնդրո առարկա հայտարարությունը Օսկանյան-ԲՀԿ փոխհարաբերություններում հերթական անհամաձայնության դրսեւորում է: Երկրորդ՝ քանի որ ոչ մի կերպ չի բացահայտվում, թե իրենց վերջին հանդիպման ժամանակ ինչ պայմանավորվածությունների են եկել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը՝ կազմավորվող կառավարության կազմում ԲՀԿ-ի լինել-չլինելու հարցում, ապա միանգամայն ենթադրելի է, որ այս հայտարարությամբ փորձ է արվում ավելին կորզել նախագահից, եթե, իհարկե, Ծառուկյանը դժգոհ է մնացել իր չափաբաժնից: Եվ վերջապես երրորդ՝ հայտարարությունն անում է Երեւանի ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Օսկանյանը, ինչը նպաստում է, որ նրա նկատմամբ ուշադրության լրացուցիչ չափաքանակ գոյանա:



 



Նկատենք, որ ընդդիմություն անցնելը ԲՀԿ-ի համար քաղաքական դիվիդենտների զգալի կորուստ կնշանակի: Մասնավորապես, լրիվ կարժեզրկվի այդ կուսակցության այլընտրանքային «դարաշրջանը», ինչը կերտելու համար այնքան ջանք ու միջոցներ են ծախսվել: ԲՀԿ-ն ստիպված կլինի ամբողջ համացանցից ջնջել, հեռացնել (դա հնարավո՞ր է) իր առանձին անդամների՝ այլընտրանքայնության գաղափարին ուղղված ներբողներն ու քաղաքական դաշտում այլընտրանքային ուժի (ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն) անհրաժեշտության մասին իրենց  հավաստիացումները: Կստացվի, որ երկու տարուց ավելի, երբ սկսեցին փախսահարվել կոալիցիոն նոր համաձայնագրից, պարզապես գլուխ են արդուկել, չեղած բաներով ու դատարկախոսությամբ աղավաղել քաղաքական դաշտը:



 



Մի պարզ հարց ԲՀԿ-ին՝ իսկ ինչո՞ւ դառնալ ընդդիմություն եւ ոչ թե մտնել իշխանություն: Տարբերությունը ԲՀԿ-ի համար ո՞րն է: Եթե նույնիսկ մի պահ վերանանք այն մտայնությունից, որ ընդդիմության մեջ էլ ԲՀԿ-ն դարձյալ նկատվելու է որպես արատավոր համակարգի բաղկացուցիչ, ապա կարելի է ասել, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր դաշտում էլ ԲՀԿ է: ԲՀԿ-ն նույնիսկ Բրյուսելում է ԲՀԿ, եւ մենք՝ բոլորս, դրա ականատեսն ենք: Կարելի է հիշատակել նաեւ ԲՀԿ-ին բացարձակապես չվերաբերող՝ էշի Մեքքա գնալու պատմությունը, որտեղ խոսվում է այն մասին, որ այդ այցելությունից ոչ էշը փոխվեց, ոչ Մեքքան:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ