Փոխհրաձգություններ

Փոխհրաձգություններ
Շոգ ամառն արդեն լիարժեք տնօրինություն է անում, սակայն քաղաքական կյանքը դեռ շատ հեռու է արձակուրդային լինելուց: Հանգստյան օրերն անցան Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության ստվերի ներքո:



 



Անգամ իրենց բակերի զրուցարաններում նստած տատիկ-պապիկներն այս օրերին քննարկում էին ՀՀ նախագահի ելույթի մանրամասները եւ չէին կարողանում հասկանալ, թե ինչու էր նա այդքան զայրացել Վերահսկիչ պալատի նախագահի վրա: Զարմանքի նոտաներ էին հնչում նաեւ շատ ավելի բարձր մակարդակներում՝ մի՞թե Իշխան Զաքարյանը չէր համաձայնեցրել իր հաշվետվության տառն ու բառը ՀՀ նախագահի հետ: Զաքարյանին ճանաչողները բացառում էին ինքնագլուխ գործելու հանգամանքը: Մյուս կողմից՝ ի՞նչ իմաստ ուներ ամենակոռումպացված ու իրենց պարտականություններում ակնհայտորեն թերացող բազում պաշտոնյաների «բերանը լեզու» դնելը, իսկ ՎՊ «լեզուն կարճացնելը»: Եթե վարչապետի օֆշորը չի արժանանում ՀՀ նախագահի գնահատականին, ինչո՞ւ է ՎՊ նախագահի՝ թույլատրելիից մի քիչ ավելի ոգեւորվելը, մի քիչ իր դերը կարեւորելն այդքան դաժան գնահատականի արժանանում:



 



Այդ հրապարակային դատափետումն անշուշտ իր հետեւանքները կունենա. երեկ արդեն Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը «հակահարված» էր տվել ՎՊ-ին՝ հայտարարելով, թե համաձայն չէ ՎՊ ստուգումների արդյունքների հետ: Ինչին հաջորդեց ՎՊ հաղորդագրությունն այն մասին, որ ՎՊ-ն ոլորտում հայտնաբերել է 2 մլն 608.75 հազար  դրամ ծավալային հավելագրումներ, որոնք վերականգնվել են, եւ 47 մլն 158.19  հազար դրամի անորակ աշխատանք, որոնք վերացվել են: Իսկ ստուգումների արդյունքում կազմված արձանագրություններն ստորագրվել են Կոմիտեի պատասխանատուների կողմից, եւ որեւէ առարկություն չի ներկայացվել: Հիմա մնում է պարզել, թե ով է ստում: