Եվ նորից ողջույն, Վիգեն

Եվ նորից ողջույն, Վիգեն

Հայերեն կարդալու հմայքը:



Երբ հոգնում ես իսպանական ֆանտասմագորիկ ասքերից, Բորխեսներից ու Կորտասարներից, Մարկեսներից ու Լյոսաներից: Երբ Սթերն ու Ֆիլդինգը հանկարծ քեզ հեռավոր ժայռապատկերներ են թվում, երբ կաֆկայական արվարձաններում մահ չկա, ու պիտի որոշես` վերադառնալո՞ւ ես, թե՞ մահվան բացակայության մեջ շարունակելու ես ազատությունդ: Երբ Արեւմուտքի միջակ գործերի փառաբանումներն ասեղնահարում են քո կաշկանդված դուռը, եւ գրախանութները պայթում են համաշխարհային գրականության ռուսական տռուզ սկուտեղից: Քանի որ «մեր շունչը» չի հերիքում, մեր թոքերը հնացած են՝ կաղկանձող, քրքրված շան հեւքը մեր հորինած երազների մեջ:



Հայերեն կարդալու հմայքը:



Իսկական անառակ որդու պես, իսկական թշվառ ու անտերությունից հոգնած թափառականի պես հանկարծ վերադառնում ես տուն, ծեծում դուռը, ներս մտնում, ընկնում ես լքված մահճակալիդ: Հետո ժամանակն է լվացվելու, ժամանակն է վերականգնելու կորցրած տարածության զգայունությունը ու ձեռքդ վերցնելու հայերենը, եւ բնավ անձեռնմխելի չեն մեր գրականության մեջ պսպղացող հատուկ կնիքով «գոհարները», որոնց դժգույն, պասիվ ու անորակ կողմերն իբր տեսանելի չեն որոշ ցից պռունկներով տնայնագործ գրականագետների: «Ես երբեւիցե նոթեր կամ օրագրեր չեմ պահել, չեմ գրառել ոչ մի բան իմ կյանքից, ամեն ինչ ապրել է հիշողությանս մեջ»: Սա է ընտրությունը: Ու նորից գնալ Վիգեն Իսահակյանի մտապատկերի մեջ՝ թողնելով բոլոր հայերեն փառաբանված գրքերն ու տետրերը պեդանտների ճամպրուկներին:



Հայերեն կարդալու հմայքը:



Հայրիկը խմում է իր մի բաժակ օղին ու կրկնում` հայերեն կարդալու հմայքը, հայերեն կարդալու հմայքը: Եվ պչրանքին խորթ, եւ խաղաղ, եւ երազկոտ, եւ նրբաճաշակ Վիգենի պատումը, բառերը նախադասությունների մեջ ասես միջնադարյան վարպետների ձեռքով պատրաստված հայելիներ լինեն, առանց գոռում-գոչյունների, հուր ու բոցի, հայրենիք ու ցեղի հավերժության ողբը կապած տգետների: Պարզապես գեղեցիկ ու ճշմարիտ, պարզապես լռության բնապատկեր:



«Հյուրանոց էինք փնտրում. շատ-շատ էին, ամեն տեսակի: Իհարկե, խուսափում էինք մեծ, շքեղ «պալասներից»: Վերջապես գտանք մի կոկիկ «պանսիոն», սենյակ վարձեցինք գիշերելու համար, ապա իջանք ճաշարան՝ թեյելու կամ էլ գուցե Պետրոսի մածունից ճաշակելու: Սրահում տիրում էր ռուսերենը: Այստեղ շատ էին Ռուսաստանից եկած հանգստացողները, որոնք այնտեղ տեղի ունեցած դեպքերի հետեւանքով ուղեփակված էին Շվեյցարիայում: Ի՞նչ դառան այդ մարդիկ, երեւի ժամանակի ընթացքում սուզվեցին աղքատության մեջ: Առավոտ կանուխ գնացինք նավամատույց, որպեսզի այս անգամ էլ նավը բաց չթողնենք: Երջանիկ էի, որ նորից մի ամբողջ օր լճի վրա պիտի լինեի` վայելելով այդ զմայլելի վայրերը, նավի ճոճվող սպիտակ առագաստները՝ մեջը գեղեցիկ, ուրախ երեխաներ: Իդիլիական տեսարաններ այն տարիներին, երբ ամենուրեք տիրում էին ավերումներ, աղքատություն, սով, վիշտ...



Իրիկվա կողմ ափ իջանք: Ժնեւի նավահանգստում հայրս սպասում էր մեզ՝ անհանգիստ, հուզված, նեղացած...»:



Հայերեն կարդալու հմայքը: 



Սա է ընտրությունը: Եվ ես նստում եմ Վիգենի նավակն ու վերադառնում իմ տուն: ՈՂՋՈւՅՆ, ՎԻԳԵՆ:



 



Արամ ՊԱՉՅԱՆ