ԵՊՀ բուֆետները` կռվախնձոր

ԵՊՀ բուֆետները` կռվախնձոր

Նոր ուսումնական տարվա մեկնարկից` սեպտեմբերի 1-ից, Երեւանի պետական համալսարանի մի շարք ֆակուլտետների, այդ թվում կենտրոնական մասնաշենքի երկու բուֆետները չեն գործում: Ուսանողներից ոմանք դժգոհեցին, որ ընդմիջման ժամերին ստիպված այս ու այն կողմ են վազում՝ ուտելու ինչ-որ բան գտնելու համար: Մի մասը սնվում է Ռադիոտան հարեւանությամբ գործող արագ սննդի օբյեկտներում, մի մասը՝ սրճարաններում: Մեզ հաջողվեց պարզել, որ խնդիրն իրականում կապված է համալսարանի եւ համալսարանի բուֆետները շահագործող ընկերության հետ: Մինչեւ նոր ուսումնական տարին բուֆետները շահագործել է «Բարեւ, լանչ» ընկերությունը, իսկ ներկայումս համալսարանը, դադարեցնելով ընկերության հետ կնքված պայմանագիրը, ցանկանում է այդ բիզնեսն իր ձեռքը վերցնել:



ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ իրենք են դադարեցրել պայմանագրերը: «Ուսանողներից դժգոհություն է եղել՝ դադարեցրել ենք»,-ասաց: Դժգոհությունն էլ կապված է եղել, ըստ Սիմոնյանի, սննդի որակի եւ թանկության հետ: «Այդպիսի բուֆետ ավելի լավ է չունենայինք. ֆաստֆուդով, անառողջ ուտելիք էին մատակարարում, որից ուսանողներն ահավոր դժգոհում էին: Դրա համար մենք այդ բուֆետների գործունեությունը դադարեցրել ենք: Հիմա իրենց հետ բանակցությունների մեջ ենք, որպեսզի մեր եւ իրենց փոխադարձ ֆինանսական խնդիրները լուծենք, որից հետո պայմանագիր կկնքվի մեկ ուրիշի հետ, որը կգա ու կլուծի այդ խնդիրը: Ընդամենը 2-3 շաբաթվա խնդիր է»,- հավաստիացրեց Սիմոնյանը: Մեր հարցին, թե նոր շահագործողի դեպքում այլեւս ֆաստֆուդ չի՞ վաճառվելու ուսանողներին, ԵՊՀ ռեկտորն արձագանքեց. «Ֆաստֆուդ վաճառվելու է, բայց ոչ թե 70 անգամ եռացրած ձեթի մեջ կարտոֆիլի չիպս, որը վնասից բացի ոչ մի օգուտ չի բերում ուսանողին: Մենք կաշխատենք, որ բազմազան ուտելիքներ լինեն եւ էժան»: Իսկ թե իրենք քանի անգամ են եռացրած ձեթի մեջ ֆրի, չիպս պատրաստելու, Սիմոնյանը չասաց:



Մեզ ասացին, որ «Բարեւ, լանչը» պատկանում է «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին, եւ մի քանի տարի շարունակ ինքն է զբաղվել այս գործով: Հիմա էլ կոնֆլիկտը կապված է հենց նրա հետ: Վերջինս, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը ներկայումս առնչություն չունի բուֆետների շահագործման հետ, բայց տեղեկացված է խնդրից: «Տեղյակ եմ, որ համալսարանը, պայմանագիրը խախտելով, ինքն է ուզում վերցնի այդ գործը եւ աշխատացնի: Անձնական շահերի բախում կա այդտեղ: Լրիվ անհիմն կնքել են համալսարանի բուֆետների դռները, եւ սեպտեմբերի 1-ից այդ մարդկանց թույլ չի տրվել, որ մտնեն համալսարան եւ իրենց աշխատանքը կատարեն: Բայց իրենք երկարաժամկետ պայմանագիր ունեն, ժամանակին կատարել են իրենց պարտավորությունները, ոչ մի խնդիր չի առաջացել: Համալսարանը միակողմանի դադարեցրել է պայմանագիրը, որի իրավունքը չի ունեցել»,- ասաց Տեր-Առաքելյանը` ավելացնելով, որ ծանոթ է շահագործող ընկերությանն այնքանով, որ ժամանակին իրենց իրավունքները փոխանցել են այդ ընկերությանը: Իր խոսքով, 2008-2010 թթ. իրենք են շահագործել ԵՊՀ-ի բուֆետները, ապա փոխանցել են «Բարեւ, լանչ»-ին:



Երբ Արամ Սիմոնյանից հետաքրքրվեցինք, թե ինչու են պայմանագիրը միակողմանի դադարեցրել, նա արձագանքեց, թե միակողմանի չի, պայմանագրի ժամկետներն են ավարտվել (նշենք, որ հոդվածի սկզբում ռեկտորն ասում է, որ իրենք են դադարեցրել պայմանագիրը՝ ուսանողների դժգոհության պատճառով): Մեր հաջորդ դիտարկմանը, թե պայմանագիրը երկարաժամկետ է եղել, ԵՊՀ ռեկտորը բորբոքվեց։ «Դե հիմա իրենք շատ բան են ասում, իրանց ասելով չի: Բացի դրանից, կա արդեն կառավարության որոշում: Այսպիսի խնդիրները մենք չենք կարող պարզապես իրանց հետ պայմանագիր կնքելով լուծել: Դա պիտի արվի գնումների հատուկ ընթացակարգի միջոցով»,- ասաց նա` մոռանալով, որ ավելի վաղ ասել էր, թե իրենք պատրաստվում են նոր ընկերության հետ պայմանագիր կնքել: 



«Բարեւ, լանչ» ընկերության հետ կապվել չհաջողվեց, բայց համացանցում որոշ փնտրտուքի արդյունքում պարզ դարձավ, որ «Բարեւ, լանչը» կապ ունի Մանվել Տեր-Առաքելյանի հետ: Արագ սնունդ սպասարկող «Բարեւ, լանչ» սրճարանը տեղակայված է հենց «Հին Էրիվանի» առաջին հարկում: Թեեւ Տեր-Առաքելյանը պնդում էր, որ կապ չունի դրա հետ, սակայն նշում էր, որ համալսարանի բուֆետների շահագործումն այդքան էլ շահութաբեր բիզնես չէ: Նրա խոսքով, ուսանողների մեծ մասը սոցիալական խնդիր ունի, եւ առավելագույն առեւտուրը, որ մեկ ուսանողն անում է բուֆետից, 100-200 դրամի սահմաններում է: «Արտաքինից երեւում է, թե բուֆետում նստելու տեղ չկա, բայց շրջանառության տեսակետից ինքը շատ փոքր է, ամենամեծ առեւտուրը 200-400 դրամն է: Հենց այդ խաբուսիկ տպավորությունից է, որ համալսարանը գնացել է այդ քայլին»,- ասաց «Հին Էրիվանի» սեփականատերը: ԵՊՀ ռեկտորից տեղեկացանք, որ այս խնդրի հետ կապված դատական գործընթաց առայժմ չկա, բայց եթե համաձայնության չգան` կգնան դատարան: 



 



Սոնա ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ



[email protected]