Որոշումը կայացվել է ընդդիմության մասնակցությամբ

Որոշումը կայացվել է ընդդիմության մասնակցությամբ

Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը հետաքրքիր իրավիճակ ուրվագծեց նաեւ ներքաղաքական դաշտում: Քաղաքական ուժերի կեցվածքից, հատկապես խորհրդարանական, ակնհայտ դարձավ, որ այս ուժերը կամ տառապում են «քաղաքական տհասությամբ», կամ զբաղված են հասարակությանը մոլորեցնելով: Խոսքն այն մասին է, որ գրեթե բոլոր խորհրդարանական կուսակցությունները, բացառությամբ «Ազատ դեմոկրատների», այդպես էլ հստակ դիրքորոշում չներկայացրին՝ կողմ են Մաքսային միությանն անդամակցությանը, թե դեմ: Ընդ որում, զավեշտն այն է, որ Սերժ Սարգսյանի միանձնյա որոշման հրապարակումից հետո ընդդիմադիր կոչվածները մեծ աղմուկ բարձրացրին՝ փորձելով ներկայացնել, թե իրենց թիկունքում հանցագործություն է կատարվել, ԱԳ նախարարին բերման ենթարկեցին ԱԺ եւ բացատրություններ պահանջեցին:



Ընդդիմադիր դաշտի լիդերներից Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշմանն առաջինն արձագանքեց  Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում ելույթը դիվանագիտական դասախոսություն էր հիշեցնում: Նա Սերժ Սարգսյանին սովորեցնում էր, թե ինչպես պետք է գործել ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում: Նա բոլորին կոչ արեց չվիրավորել, իսկ Մաքսային միության մասով էլ ասաց, որ չգիտի, թե դա ինչ է: Այլ կերպ ասած՝ Տեր-Պետրոսյանն առաջինը դիվանագիտորեն խուսափեց բուն խնդրի վերաբերյալ կոնկրետ դիրքորոշում հայտնելուց: Նույն մեթոդն ընտրեցին մյուս քաղաքական ուժերն ու դեմքերը՝ հայտարարելով. չգիտենք, թե դա ինչ է։ Կարծես Մաքսային միությունը Լուսնից էր ընկել, եւ ոչ մեկին ծանոթ չեն Ռուսաստանի, Բելառուսի կամ Ղազախստանի՝ այս միության շրջանակներում հարաբերությունները:  Ընդդիմադիրները բոցաշունչ հայտարարություններ  արեցին միայն գործընթացի ընթացակարգի մասին, շեշտադրում, թե հանրությունը տեղեկացված չէ ու պահանջում է հանրաքվե: Ի դեպ, ընդդիմադիրների այս, մեղմ ասած, անհարմար վիճակի վրա իշխող կուսակցությունը զվարճանում է: Միայն «Ազատ դեմոկրատները» խիստ քննադատական պաշտոնական գնահատական  հնչեցրին՝ գործընթացը համարելով  հակասահմանադրական. «Մաքսային միություն մուտք գործելով՝ Հայաստանի Հանրապետությունը կորցնում է անկախության այնպիսի կարեւորագույն ատրիբուտներ, ինչպիսիք են անկախ արտաքին քաղաքականություն եւ ինքնուրույն ֆինանսատնտեսական գործառույթ իրականացնելու հնարավորությունը։ Մաքսային եւ Եվրասիական միությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ Ռուսաստանի կայսրապաշտական հավակնությունների իրականացում եւ նախկին հետխորհրդային երկրներին ինքնիշխանությունից զրկելուն ուղղված քայլ»: ՀԱԿ-ը դատապարտեց ստեղծված իրավիճակն ու հայտարարեց, որ Սերժ Սարգսյանն անվստահություն է առաջացրել Հայաստանի հանդեպ եւ Արեւմուտքում, եւ Ռուսաստանում, ինչը շտկելու ելքը նրա հրաժարականն է: Կուսակցության հայտարարության մեջ էլ բացակայում է բուն Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ հստակ դիրքորոշումը՝ պե՞տք է դա Հայաստանին որպես հեռանկար, թե՞ ոչ:



Փոխարենը ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանին  չի էլ մեղադրել եւ հրաժարական չի պահանջել: ՀՅԴ հայտարարության տեքստում մի քանի լղոզված արտահայտությամբ ընդամենը շեշտադրվում է հանրության անիրազեկության եւ իշխանությունների եվրաինտեգրման մասին ակտիվ հայտարարությունների հանգամանքը: Իսկ ինչ վերաբերում է Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշմանը, ապա ՀՅԴ-ն անորոշ մի մեկնաբանություն է ներկայացրել. «Ինչ-որ հանգրվանում, ելնելով առկա աշխարհաքաղաքական իրավիճակից եւ զարգացումներից, Հայաստանը միանալու էր իր ռազմավարական գործընկերոջ կողմից նախաձեռնված Մաքսային միությանը եւ ներգրավվելու էր Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացում»։ Թե ինչ է ենթադրում այդ միությունը, որն է լինելու Հայաստանի շահը կամ հակառակը, ՀՅԴ-ն լռում է, ինչպես լռել է բոլոր կարեւորագույն պահերին: Իսկ նախօրեին Արմեն Ռուստամյանը եթերում անգամ նշեց, որ Սերժ Սարգսյանն այս պարագայում ճիշտ որոշում է կայացրել: «Ժառանգությունը» կուսակցության անունից հայտարարությամբ հանդես չի եկել, Րաֆֆի Հովհաննիսյանը միայնակ է մարտի նետվել եւ «բադասխան» պահանջել Սերժ Սարգսյանից. «Գուբերնատորի կարգավիճակ ինքնակոչ ստանձնած Սերժ Սարգսյանը պետք է հեռանա: Հակապետական հայտնի արձանագրություններից, կազմակերպված հանցագործությամբ գողացված ընտրություններից, հակաքաղաքացիական շարունակվող բռնաճնշումներից, իսկ հիմա էլ Կրեմլում մեր հանրապետության ինքնիշխանության դեմ միանձնյա արձակած որոշումից հետո Հայաստանի սահմանադրությունն ու ազգային շահը ստեղծված արտակարգ դրությունից այլ ելք չեն հանդուրժում: Թող Արեւելքը շատ չոգեւորվի, ոչ էլ Արեւմուտքն անտեղի բողոքի. մեղսակից են բոլորն էլ»: Իրեն այլընտրանք հայտարարած «Բարգավաճ Հայաստանը» պաշտոնական տեսակետ չի հայտնել, անգամ կողմ է արտահայտվել Սերժ Սարգսյանի այս քայլին, եւ դրա ուղենիշը տվեց Ծառուկյանը սեպտեմբերի 2-ին՝ «ամենա-ամենա» դիրքերից ներկայացնելով Ռուսաստանը եւ սեր բացատրելով Մեծ եղբորը: Այստեղ էլ  վրդովմունքը միայն Սերժ Սարգսյանի միանձնյա որոշման վերաբերյալ է: Թերեւս այս ուժերին պետք է  մխիթարեր անտեղյակ ՀՀԿ-ականների հանգամանքը, երբ նույն օրը Գալուստ Գրիգորիչի սիրտը Եվրոպա էր ուզում, մինչդեռ ժամ անց Սերժ Սարգսյանի շուրթերը Ռուսաստան գոչեցին:



Իրականում, ըստ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի, ընդդիմությունն ինքը մասնակցություն է ունեցել  Հայաստանը Մաքսային միությանը կցելու գործընթացին: Բանն այն է, որ այդ քաղաքական ուժերը, մեղմ ասած, բավականաչափ ժամանակ ունեին ծանոթանալու Մաքսային միություն ասվածին, Եվրամիության հետ ասոցացման գործընթացին, ժամանակ ունեին համադրելու եւ համեմատելու այդ գործընթացներն ու հեռանկարները, իսկ եթե իշխանությունները որեւէ բան գաղտնի էին պահում, ապա առնվազն կարող էին պահանջել, որ վերջիններս հաշվետու լինեն իրենց եւ հասարակության առաջ: Սակայն քաղաքական այդ ուժերը լուռ էին։ «Այն բանից հետո, երբ 2011թ. հոկտեմբերի 3-ին «Իզվեստիայում» տպագրեց իր հոդվածը Մաքսային միություն ստեղծելու մասին, ընդդիմությունը որեւէ կերպ չարձագանքեց այդ հարցին: Անգամ նախընտրական իրենց պլատֆորմներում չանդրադարձան այս խնդրին: Այս տարիներին նույնպես չքննարկվեց»,- ասում է քաղաքագետը: Ինչո՞ւ չշոշափեցին։ «Որովհետեւ չէին ուզում, իրենց համար նպատակ էին դրել, այդ հարցի վերաբերյալ պատասխանատու մոտեցումից խույս տալ»: Կողմ են Ռուսաստանին, դա՞ է պատճառը։ «Չես կարող ասել, պարզապես չէին ցանկանում պատասխանատվություն ստանձնել այդ հարցում որպես քաղաքական ուժ, ինչպես չցանկացան իրենց ժողովրդի առջեւ պատասխանատվություն ստանձնել նախագահական ընտրություններին»:



 Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]