Կիվիրյանին տուժող չեն ճանաչում

Կիվիրյանին տուժող չեն ճանաչում

 Օգոստոսի 24-ին Կոմիտասի 5-ում տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկանական մեքենայում բռնության ենթարկված վերլուծաբան, քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի հայտարարության հիման վրա մինչ օրս քրեական գործ չի հարուցվել, եւ Կիվիրյանը տուժող չի ճանաչվել: Դեռեւս նյութեր են նախապատրաստվում: Հիշեցնենք, որ այդ օրը, Կիվիրյանին բերման ենթարկելու ժամանակ, ոստիկանական մեքենայում վերջինս բռնության էր ենթարկվել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ նրա մոտ ուղեղի ցնցում էին ախտորոշել: Սակայն դեպքից միայն 5 օր անց էին նրան դատաբժշկի ուղեգիր տվել: Այս գործին զուգահեռ, ՀՔԾ-ում քննվում է մեկ այլ գործ՝ արդեն Կիվիրյանի դեմ: Վերջինիս ծեծի ենթարկած ոստիկանը զեկուցագիր էր ներկայացրել, թե ոստիկանական ավտոմեքենայի մեջ Կիվիրյանն իր նկատմամբ բռնություն է գործադրել: Այս գործի շրջանակներում Արգիշտի Կիվիրյանը մի քանի անգամ հրավիրվել է ՀՔԾ, սակայն վերջինս այդպես էլ անհրաժեշտ պայմաններ չի ստեղծել, որպեսզի Կիվիրյանը կարողանա իր 30 փաստաբանի հետ վերեւ բարձրանալ: Այնուամենայնիվ, նա արդեն իսկ գրավոր բացատրություն է ուղարկել, եւ այլեւս նրան չեն հրավիրել ՀՔԾ: «Ակնհայտ է, որ փորձում են իմ դեմ հարուցված քրեական գործով ամեն ձեւով խոչընդոտել իմ հասարակական եւ լրագրողական գործունեությունը: Ամբողջ նպատակը դա է, իսկ մնացած գործողությունները, բռնարարքներն իմ դեմ տեղավորվում են այդ սցենարի մեջ: Այսինքն՝ փորձ է արվում բռնություններով, ճնշումներով, քրեական գործով խոչընդոտել իմ գործունեությունը: Դրա համար էլ մինչ օրս գործ չի հարուցվում իմ հաղորդման հիման վրա»,- մեզ հետ զրույցում ասաց Արգիշտի Կիվիրյանը:






Սոնա ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ



[email protected]