Գովազդային շուկան վերաձևում են

Գովազդային շուկան վերաձևում են

Երևանի քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցությանը քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է համապատասխան քայլեր ձեռնարկել փոքր կենտրոնում առկա գովազդային մեծ վահանակների ապամոնտաժման ուղղությամբ: «Կազմված ժամանակացույցով պետք է սկսենք փոքր կենտրոնի գովազդային մեծ վահանակների ապամոնտաժման աշխատանքները: Դրանցում պետք է ներգրավել պատկան բոլոր մարմիններին: Ապամոնտաժումներից հետո կարճ ժամկետում պետք է կազմակերպել նաև տարածքի բարեկարգումն ու պատշաճ տեսքի ապահովումը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Երեւանի քաղաքապետարանի լրատվականից ստացված հաղորդագրությունը մեծ ոգեւորությամբ ազդարարում էր այս փաստը. «Կապամոնտաժվեն փոքր կենտրոնի գովազդային մեծ վահանակները» վերնագրի ներքո: Կարելի էր կարծել, թե վահանակներն ընդհանրապես ապամոնտաժվելու են եւ որոշ ընկերություններ, ինչպես նաեւ քաղաքապետարանը հոժարակամ զրկվելու են այս վահանակների բերած շահույթից: Պարզվեց՝ իրականությունը բոլորովին այլ է: Երեանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ոչ թե վահանակներն ամբողջությամբ ապամոնտաժվելու են՝ բացելով երեւանցիների տեսադաշտն ու հորիզոնը, այլ ընդամենը փոխարինվելու են նոր գովազդային վահանակներով: «Նոր գովազդային վահանակներն ավելի հարմարավետ և քաղաքակիրթ տեսք կտան մեր քաղաքին»,-ասաց Սարուխանյանը` հավելելով, որ այդպիսի գովազդային վահանակներ քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված են: