Սեքսուալ հեղափոխություն

Սեքսուալ  հեղափոխություն

Երբ լուրջ քաղաքական ուժերն զբաղված են աչքակապությամբ, խաղերով, իրենց ունեցած ռեսուրսը վաճառքի դնելով, քաղաքական դաշտ են դուրս գալիս իրական մարմնավաճառներն ու խեղկատակները, անմիտներն ու պարապները: Երեկ, հետաքրքիր զուգադիպությամբ, հանդես էին գալիս եւ հին, եւ նոր ուժերի քաղաքական լիդերները: Դժվար է ասել, թե մեր հասարակությունն այլեւս ինչ սպասելիքներ ունի Րաֆֆի Հովհաննիսյանից կամ Հայ հեղափոխական դաշնակցությունից: Նրանց իրական կշռի մասին է վկայում ոչ միայն հրապարակային միջոցառումների ժամանակ հավաքվող զանգվածի, այլեւ ասուլիսներին ժամանող լրագրողների քանակը: Թեեւ պետք է հաշվի առնել նաեւ այն, որ, ի վերջո, լրատվամիջոցները պետք է աշխատեն, եւ երբ դաշտում իրական ուժեր չկան, ստիպված են լինում լուսաբանել նաեւ նրանց ասուլիսները, ում նկատմամբ հասարակական հետաքրքրությունը նվազել է, ովքեր թատերականացված ներկայացումներ են բեմադրում եւ գործունեության իմիտացիա անում: Եվ այս ֆոնին դաշտում հայտնվում է նոր քաղաքական ուժ՝ «Նոր քաղաքական մշակույթ» հավակնոտ անունով, որի լիդերը՝ 33-ամյա Անի Զախարյանը, որը մի քանի օր առաջ «Հրապարակին» էր հարցազրույց տվել, երեկ էլ «Առավոտի» հետ զրույցում կոչ է արել հայ աղջիկներին 26 տարեկանում հրաժեշտ տալ կուսությանը: Այո, այո, քաղաքական ուժի լիդերը որոշել է սեքսուալ հեղափոխություն անել երկրում, այդ ճանապարհով հասնել հաջողության: Եվ եթե հաշվի առնենք, որ իրական հեղափոխության կոչերը երկրում չեն իրականանում, իսկ նման կոչեր անողները հաջողության չեն հասնում, գուցե հաջողության ճշմարիտ ուղին հենց այս աղջիկն է գտել: Գուցե նա արդեն իր կուսակցության պլատֆորմն է մշակում՝ հույսը դնելով իր օգնությամբ կուսությունից զրկված կանանց քվեների վրա: