Կա ընտրություն

Կա ընտրություն

Երբ առողջ, ուժերի ծաղկման շրջանում գտնվող, առաջին հայացքից մտածելու ընդունակ այրը հայտարարում է, թե Հայաստանն այլ ընտրություն չուներ, Հայաստանի միակ ճշմարիտ ուղին ռուսի լծի տակ մտնելն է, նրա ներկայությունն իր հողի վրա օրհնելն ու նրան հպատակվելը, հասկանում ես, որ ինչ-որ կարեւոր բան ինչ-որ կարեւոր պահի խաթարվել է: Գուցե ազգային արժանապատվության զգացո՞ւմն ենք կորցրել: Գուցե մեր երակներում հոսող արյո՞ւնն է ջուր դառել: Գուցե հայրենիքի, ազատության, անկախ պետականության գաղափարնե՞րն են մաշվել: Իսկ գուցե հպարտներն ու համարձակները լքել են այս հողը՝ այն թողնելով վախկոտներին ու խեղճերի՞ն: Ես հրաժարվում եմ հասկանալ այն մարդկանց, ովքեր նախընտրում են ապրել անկախությունը կորցրած երկրում եւ կարծում են, որ մի փոր հացը մի կտոր ազատությունից ավելի կարեւոր է: Չեմ ուզում հավատալ, որ անկախ պետության պայմաններում ծնված ու ապրած երիտասարդները կարող են հանդուրժել այլ երկրի կցորդի, մարզի, «ֆորպոստի» կարգավիճակը: Վստահ եմ, որ «նոր ստրկության» կողմնակիցները սովետի ժամանակ ապրած, սով ու պատերազմ տեսած, հետո երեք ռուբլիանոց երշիկով երջանկացած, հերթերում իրենց կյանքը մաշած մեծահասակներն են կամ նրանց փոխանցած հիշողությունն իրենց գեներում ամուր պահած սերունդը: Չի կարող արտերկրում շրջագայած, եվրոպաների ազատության համն առած, քաղաքակիրթ երկրների ժողովրդավարության օդը շնչած ՀՀ քաղաքացին նախընտրել պուտինյան Ռուսաստանը՝ իր բյուրոկրատիզմով, կոռումպացվածությամբ, մեծապետականությամբ ու այլատյացությամբ: Անգամ իմ սերնդակիցները, որոնք իրենց երիտասարդությունն ապրել են սովետական տարիներին, վայելել սովետական դանդաղ ու ապահով բարեկեցությունը, չեն կարող չնախընտրել ազատ, անկախ եւ ինքնուրույն Հայաստանը: