Ոչ մի լավ բան չսպասեք մաքսային դաշինքից

Ոչ մի լավ բան չսպասեք մաքսային դաշինքից

Ինչ կտա Հայաստանի տնտեսությանը եւ ՀՀ շարքային քաղաքացուն անդամակցությունը Մաքսային դաշինքին մոտակա եւ հեռանկարային ապագայում: Որպեսզի ճիշտ տնտեսական պատկերացումներ ունենանք, անհրաժեշտ է վերլուծության ենթարկել ապրանքային, ֆինանսական աշխատուժի տեխնոլոգիաների եւ արտարժույթի շուկաները, ինչպես նաեւ մակրոտնտեսական ցուցանիշները, պետական եկամուտները եւ դրանց առաջացման աղբյուրները, առեւտրային հաշվեկշիռը:



 



Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, զրկվելով ապրանքային արտադրության ճյուղերից, վերածվել է առավելապես ներմուծողի, որոնց մեջ զգալի տեսակարար կշիռ են կազմում էներգակիրները: ՀՀ եկամուտների զգալի մաս են կազմում մաքսային տուրքերը: Եթե ՀՀ պետական բյուջեն պատկերացնենք լողավազանի տեսքով, իսկ եկամուտները` աղբյուրների, որոնցից առաջինը ներմուծվող բոլոր ապրանքներից գանձվող մաքսային տուրքերն են, իսկ երկրորդը հարկերն ու ոչ մաքսային պետական տուրքերը, ապա կտեսնենք, որ լողավազանի զգալի մասը լցվում է հենց մաքսային տուրքերի հաշվին: Հետեւաբար, Մաքսային դաշինքին ՀՀ անդամակցությամբ զգալիորեն կնվազեն պետական եկամուտները մաքսային տուրքերից: Նման իրավիճակում ՀՀ կառավարությունն ստիպված կլինի բարձրացնել հարկերի դրույքաչափերը եւ այլ տուրքերը: Իսկ դա կհանգեցնի գրեթե բոլոր ապրանքների եւ ծառայությունների գների աճին, որովհետեւ, մասնագետների խորին համոզմամբ, կավելացվեն այն հարկատեսակները, որոնք կբերեն ոչ թե առավել հարուստների եկամուտների նվազման (եկամտահարկ, հողի հարկ, գույքահարկ, կապիտալի հարկ), այլ գների թանկացման (ավելացված արժեքի հարկ, ակցիզներ եւ այլն):



Գազի, էլեկտրաէներգիայի եւ վառելիքի գները չեն նվազի, իսկ մյուս բոլոր ապրանքների գներն զգալիորեն կաճեն, կաճեն նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքների եւ հատկապես գյուղմթերքների գները՝ ի հաշիվ ՌԴ գյուղմթերքների էլ ավելի ինտենսիվ արտահանման (բանջարաբոստանային կուլտուրաներ), իսկ անասնապահությունը, խոզաբուծությունը եւ թռչնաբուծությունը կարող են ընդհանրապես ճգնաժամի առջեւ կանգնել ՌԴ-ից ներմուծվող էժան խոզի եւ թռչնամսի ներմուծման արդյունքում:



 



 



Ինչ կարող են Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններն արտահանել Մաքսային դաշինքի այլ երկրներ` օգտվելով ստեղծված բարենպաստ պայմաններից: Առաջին հերթին գյուղմթերքներ եւ պահածոներ, ներքին եւ արտաքին հարդարման համար քարատեսակներ, ցեմենտ եւ այլ շինանյութ, հանքային ջրեր եւ բնական հյութեր, կոշիկ եւ հագուստ, ոսկերչական իրեր, մետաղամշակման որոշ ճյուղերի արտադրանք, մեքենաշինական նշանակության որոշ ապրանքներ, մրգային ալկոհոլ խմիչքներ: Հայտնի է, որ մրցակցային պայքարում հաղթում են այն ապրանք արտադրողները, որոնց ծախսերն ավելի ցածր են, եւ, հետեւաբար, առաջարկվող ապրանքների գներն են ցածր, քան մրցակիցներինը: Հայաստանի Հանրապետությունում աշխատուժի գինն ավելի ցածր է, քան Մաքսային դաշինքի մյուս երկրներում, բայց էներգակիրների  բարձր գները, տրանսպորտային մեծ ծախսերը, հարկային եւ վարկային բարձր դրույքաչափերն զգալիորեն կբարձրացնեն հայկական ծագում ունեցող ապրանքների գները` ոչ մրցունակ դարձնելով դրանք Մաքսային դաշինքի մյուս երկրներում:



 



Մտահոգում են նաեւ ֆինանսական եւ արտարժույթի շուկաները: Վարկային ռեսուրսները եւ դրանց գինը ՀՀ ձեռնարկությունների համար մնում են շատ բարձր (14-15 տոկոս տարեկան տոկոսադրույքով), իսկ հայկական արտարժույթը` դրամը, թանկացել է ՌԴ արտարժույթի (ռուբլու) նկատմամբ, ինչը ոչ բարենպաստ ազդեցություն կունենա հայկական արտահանողների համար: Անդամակցությամբ դժվար թե զգալիորեն նվազեն վարկային դրույքաչափերը, իսկ ֆինանսական այլ աղբյուրներից նույնպես չի կարելի ֆինանսավորում սպասել, քանի որ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Մաքսային դաշինքի մյուս երկրների ֆինանսական շուկաներն անկատար են, եւ մոտակա տարիներին ոչ մի դրական կառուցվածքային փոփոխություններ չեն սպասվում: Ավելին` պետական բյուջե եկամուտների նվազմամբ Հայաստանի Հանրապետությունը կարժանանա նույն բախտին, ինչին արդեն մեկ անգամ արժանացավ  Բելառուսը, այսինքն` դեֆոլտ: ՀՀ տնտեսությունը սնանկացման առջեւ կկանգնի, իսկ հայկական արտարժույթը` դրամը, կտրուկ կարժեզրկվի: Սոցիալական դեֆոլտի հետեւանքները շատ ծանր կլինեն մեծ թվով քաղաքացիների համար, ինչը կբերի քաղաքական լարվածության եւ կատակլիզմների:



Իսկ հույսը, որ անդամակցությամբ Հայաստան կներմուծվեն բարձր տեխնոլոգիաներ, ինչը կհանգեցնի հայկական ձեռնարկությունների տեխնոլոգիական վերազինման, անհեթեթություն է եւ ընդամենը բարի հեքիաթ աղքատների համար, որովհետեւ Ռուսաստանը վերջին 30 տարիների ընթացքում զգալիորեն հետ է մնացել ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Չինաստանից, ինչպես եվրոպական, այնպես էլ ասիական մյուս զարգացած արդյունաբերական երկրներից: Անդամակցությունը Մաքսային դաշինքին ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական բնույթ է կրում, եւ այդ անդամակցության հետեւանքները բացասական ազդեցություն կունենան ՀՀ մեծ թվով քաղաքացիների վրա եւ կհանգեցնեն Հայաստանի Հանրապետության պետականության կորստին:



 



Արամ ԴԱՎԹՅԱՆ