Գնահատվեց 3 տարբեր նախագահների կողմից

Գնահատվեց 3 տարբեր նախագահների կողմից

Ինչո՞վ կբացատրեք նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի նկատմամբ վերջին շրջանում դրսեւորվող մեծ հետաքրքրությունը՝ հարցրինք ՄԻԱԿ առաջնորդ Լեւոն Մարտիրոսյանին: «Բայց դա նոր չէ, այդ հոդվածների շարքն անձամբ դուք եք սկսել` դեռ 6 տարի առաջ. ինչո՞ւ եք զարմանում»: Այո, բայց «ցանցային գործակալների» մասին խոսք չի եղել, իսկ հիմա ձեզ` ՄԻԱԿ-ականներիդ, համարում են այդպիսին: «Ուշադրություն չեմ դարձրել»: Դուք ի՞նչ, հիմա հաստատո՞ւմ եք, որ «այդպիսին» եք: «Ոչ, ես ընդամենը հաստատում եմ, որ այդպիսի հոդվածների շարք միշտ է եղել»:



 



Հոդվածների այդ շարքում ձեզ անվանել էին «Hitlerjugend»-ի ներկայացուցիչներ: «Մեզ ամենատարբեր բաներն են անվանել, որը ոչ մի կապ չունի ոչ մեր գործունեության եւ ոչ էլ մեր կերպարի հետ. Արմեն Սարգսյանի հետ կապված էլ ասեմ, որ շատ ուրախ եմ, որ նա կրկին  նշանակվել է դեսպան Անգլիայի նման կարեւորագույն երկրում, որովհետեւ շատ փորձառու դիվանագետ է»:



 



ՄԻԱԿ-ը, որպես երկրորդ սերնդի բարեփոխումների, լիբերալիզմի ջատագով ու քարոզիչ, ինչպե՞ս է վերաբերվում Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայում հաստատած դեսպանական «մոնոպոլիային». չէ՞ որ 2 անգամից ավելի չի կարելի դեսպանվել: «Մոնոպոլիա չկա, այլ անչափ հետաքրքիր փաստ կա, որ պարոն Սարգսյանը, 3 տարբեր նախագահների կողմից գնահատվելով որպես փորձառու, լուրջ գիտելիքներ ունեցող դիվանագետ, տարբեր ժամանակներում նշանակվել է նույն երկրում դեսպան»: Այդ «հմայքն» ինչո՞վ եք բացատրում: «Հարցն ինձ չպետք է ուղղեք»: