Ով կստանա մանդատը

Ով կստանա մանդատը

ՀՅԴ-ում պնդում են, որ Վահան Հովհաննիսյանի դեսպան դառնալու պրոցեսը դեռ երկար կտեւի: Եվ, այնուհանդերձ, քննարկվում է նրա պատգամավորական մանդատի հարցը: Բանն այն է, որ մանդատին հավակնող Արամայիս Գրիգորյանը, ըստ ամենայնի, կնշանակվի մարզպետ: Համամասնական ցուցակի հաջորդ համարը  ԳՄ քարտուղար Միքայել Մանուկյանն է` նախորդ գումարման  ՀՅԴ պատգամավոր, Հրանտ Մարգարյանի, Վահան Հովհաննիսյանի եւ այլոց հետ միասին «Մեղեդի» սրճարանի համասեփականատեր:



 



ՀՅԴ-ում կարծում են, որ մեծ է հավանականությունը, որ ընկեր Միքայելը հրաժարվի` մանդատը զիջելով իրեն հաջորդող Կարեն Շահմուրադյանին. վերջինս Ուկրաինայում ՀՀ դեսպան Սերվիզ Անդոյի բիզնես պարտնյորն է Հայաստանում`  «Արարատ-լադայի» գործադիր տնօրենը, որը բավականին «ներդրումներ» է կատարել  ՀՅԴ նախընտրական փուլում եւ դժվար թե հրաժարվի մանդատից: Իսկ հրաժարվելը ցանկալի է ոչ այն պատճառով, որ ՀՅԴ-ն գենդերի կողմնակիցն է, քանի որ գալիս է  Ռուզան Առաքելյանի հերթը, այլ որ Ռուզանից հետո նախորդ գումարման մեկ այլ հաջողված պատգամավորի՝ Արա Նռանյանի հերթն է: Հիմա ոմանք կարծում են, որ արժե ամեն ինչ անել, «աշխատանք տանել», որ հենց Արա Նռանյանը մտնի խորհրդարան, բայց դա քիչ հավանական են համարում: Ինքը՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը, լավ է վերաբերվում եւ Ռուզան Առաքելյանի, եւ Արա Նռանյանի պատգամավոր դառնալուն: