Շանթը, Արարատն ու Պուտինը

Շանթը, Արարատն ու Պուտինը

Նախորդ օրը տեղի ունեցած ԳՄ նիստը բավականին երկար է տեւել: Չնայած ԳՄ-ականները մտածել են, որ թերեւս անդրադարձ կլինի «Շանթի հարցին», քանզի Շանթի հայրը եղել է հայտնի ԱՄԿ-ական, նախկին քաղբանտարկյալ, այնուհանդերձ, հարցին որեւէ անդրադարձ չի եղել, մի քանի խոսք Շանթի ոչ ադեկվատ «վարքի» մասին բարձրաձայնել է Ռազմիկ Զոհրաբյանը, եւ այդքանով խնդիրը փակվել է: Քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է Արարատի ընտրությունները:



 



Ի դեպ, ներկաների ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ նիստից առաջ միջանցքում կազմ ու պատրաստ սպասելիս են եղել «Կենտրոնի» օպերատորն ու լրագրողը, ինչը նշանակում է, որ նրանք նախօրոք տեղեկացված են եղել, որ Արարատի ընտրությունների հարցը քննարկվելու է ԳՄ-ում: Հարցը ներկայացրել է ՀՀԿ կազմակերպիչ Ռուբեն Թադեւոսյանը` արձանագրելով, որ իրավիճակը նորմալ է, ՀՀԿ-ականները բավականին ակտիվ աշխատել են, երկու օրից քվեարկությունն է: Սերժ Սարգսյանը հետաքրքրվել է ՀՀԿ շանսերով: Խոսվել է նաեւ այն մասին, որ ԲՀԿ ողջ թիմն ակտիվ անցուդարձի մեջ է Արարատում, իրենցից մարդ չի՞ գնալու միտինգին: Արձանագրել են, որ տեղում «Արայիկենք» աշխատում են, իմաստ չունի, որ որեւէ մեկը գնա: Հովիկ Աբրահամյանն ասել է, որ «Արայիկենց հետ ակտիվ շփման մեջ է մշտապես»:



 



  Ի դեպ, մեր տեղեկություններով, թե ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն այդ օրը «կամերաներով» նկարահանելու են ընտրությունների ընթացքը բոլոր 7 տեղամասերում: ԳՄ նիստից հետո Սերժ Սարգսյանը բավականին երկար տետատետ հանդիպում է ունեցել մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ: ԳՄ-ում քննարկվել են նաեւ գեոքաղաքական հարցեր, այդ թվում Ալիեւ-Սարգսյան հանդիպմանն առնչվող, սակայն տեղն ու ժամանակը չեն նշվել: Անդրադարձ է եղել Դավութօղլուի` հայ-թուրքական սահմանի բացմանն առնչվող հայտնի հայտարարությանը՝ Բաքվի համաձայնությամբ պատրաստ են բացել այն, Սերժ Սարգսյանն ասել է` հարցի նկատմամբ մեր դիրքորոշումը չի փոխվել եւ երբեք չի փոխվի:



 



Ինչ վերաբերում է Պուտինի ՀՀ կատարելիք այցին, այդ մասին Ս. Սարգսյանն արտահայտվել է դեռ ԳՄ մի քանի նիստ առաջ՝ ասելով. «Մաքսային միությանն առնչվող մնացած հարցերն էլ ՌԴ նախագահը կգա Հայաստան, դրանից հետո նոր ԳՄ-ում կանդրադառնանք»: