Մինչեվ 2017-ը ով սաղ՝ ով մեռած

Մինչեվ 2017-ը ով սաղ՝ ով մեռած

Լեռնային Ղարաբաղի նախագահի նախկին թեկնածու, ընտրություններում 32,5 տոկոս ստացած Վիտալի Բալասանյանը հիշողության կորուստ ունի: Դեռ անցած տարի, նախագահական ընտրություններից անմիջապես հետո, Բալասանյանը հարայ-հրոցով հայտարարեց, որ մտադիր է նոր կուսակցություն հիմնել, քանի որ մեծ թվով ձայներ է հավաքել, սակայն այսօր «սուխոյ ատկազ» է կանգնում, թե ինքը նման հայտարարություն չի արել:



 



«Դուք լսե՞լ եք ինձանից նման հայտարարություն, ո՞վ ա հայտարարել, որ կուսակցություն է ստեղծում»,- երեկ մեզ հետ զրույցում նախագահի երբեմնի համարձակ թեկնածուն հետ կանգնեց իր նախկին հայտարարությունից: Պնդմանը՝ չէ՞ որ ինքն անգամ հայտարարություն է տարածել, Բալասանյանն արձագանքեց. «Կարա՞ք մի տեղ ցույց տաք, որ ես նման հայտարարություն եմ արել»: Բալասանյանը նախորդ տարի ոչ միայն նման հայտարարություն է արել, այլեւ հիմնավորել նոր կուսակցություն ստեղծելու անհրաժեշտությունը. «Նախեւառաջ պայմանավորված է նրանով, որ խորհրդարանական բոլոր կուսակցությունները թե նախկինում, թե այս ընտրություններում սատարել են Բակո Սահակյանին, այն դեպքում, երբ հանրության մի զգալի մասը փոփոխությունների կողմնակից է։ Եվ, այո, մենք պետք է ձեւավորենք այն քաղաքական ուժը, որը տեր կկանգնի այդ մարդկանց իրավունքներին, նաեւ, ինչո՞ւ չէ՝ ԼՂՀ-ն կներկայացնի արտաքին աշխարհին որպես ժողովրդավարական զարգացման ուղին բռնած քաղաքակիրթ հասարակություն»: Ահա հատված այդ հայտարարությունից։ Ավելին, Բալասանյանը հայտարարել է նաեւ, որ այդ ուժը միտված է լինելու ԼՂՀ պաշտպանության եւ անվտանգության ամրապնդմանը, «համայն հայության համախմբմանը մեր ազգային խնդիրների շուրջ»։ Եվ որ այդ քաղաքական կառույցի հիմնական նպատակներից մեկը լինելու է մարդու իրավունքների պաշտպանությունը։ Այժմ Բալասանյանը ճիշտ հակառակի մասին է հայտարարում. «Երբեւիցե ոչ նման հավակնություններ եմ ունեցել, ոչ էլ կուսակցության անդամ եղել, ես երբեք կուսակցություն չեմ ստեղծի. էդքան սարքած կուսակցություն կա, ո՞րն ա էս պահին պետք, որ հլը մի հատ էլ թազա սարքենք: Ձայն էր՝ ստացանք, ի՞նչ ա էլե որ»:



 



Վիտալի Բալասանյանի խոսքով՝ ինքը հիմա ընդամենը սովորական պատգամավորական գործունեությամբ է զբաղված: «Երբ որ նիստ ա լինում, գնում եմ, չի լինում՝ չեմ գնում, պուճուր-մուճուր գործեր ունեմ, դրանք եմ անում»,- ասաց նա՝ չմանրամասնելով, թե ինչ գործերի մասին է խոսքը: Բալասանյանն առիթը բաց չթողեց շարքային չինովնիկի պես դժգոհելու «պրեսսայից»: «Էդքան կարդում եմ, մենակ վատ բաներ եք գրում»: Հակադարձմանը, թե մի լավ բան ասեք՝ լավ բան գրենք, Բալասանյանն արձագանքեց. «Բա ստեղծեք: Բա կարող ա՞ ես ստեղծեմ: Որ որեւէ մեկին քննադատում եք, գրեք նաեւ, որ դուք լինեիք՝ ի՞նչ կանեիք»:



Մինչ այդ Ղարաբաղում սկսվել են հաջորդ նախագահական ընտրությունների հետ կապված քննարկումները: 2017-ին առաջադրվելիք թեկնածուների անուններ են շոշափվում, եւ դրանցից գլխավորը Արկադի Ղուկասյանի անունն է, ում, ըստ շրջանառվող լուրերի, նախագահ է ուզում կարգել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով թերեւս 2018-ին իր վերադարձի հավանականությունը չի բացառել:



 



Ինքը՝ Արկադի Ղուկասյանը, թերթերից մեկի հետ զրույցում ոչ հերքել, ոչ հաստատել է այդ հեռանկարը. նա խոսքը հումորի է վերածել, ասելով, թե գուցե ինքը լինի Հայաստանի նախագահը: Փորձեցինք ղարաբաղյան շրջանակներից ճշտել տեղեկությունը: Նախագահի նախկին թեկնածու Վիտալի Բալասանյանին հարցրինք՝  կա՞ նման խոսակցություն, եւ, ընդհանրապես, ովքե՞ր են համարվում ԼՂՀ նախագահի հավանական թեկնածուները, կամ ինքն ունի՞ նման հավակնություններ: Սակայն, ի պատասխան, Բալասանյանը հիշեց հին հայտնի խոսքը. «Դուք ընենց բան եք ասում, մինչեւ 2017 թիվը ով սաղ ով մեռած, ես հիմա Ձեզ ի՞նչ ասեմ»:



 



Հարցից, թե որպես ղարաբաղցի ինչ տրամադրություններ կան այնտեղ նախկին նախագահի նկատմամբ, Բալասանյանը վրդովվեց, թե իրեն նման հարցեր պետք չէ տալ: «Ես ի՞նչ իմանամ, թե ժողովուրդն ինչ ա խոսում, ինչպիսի վերաբերմունք ունի, եկեք ժողովրդից հարցրեք, Ձեզ թվում է ով ստեղ տռում ա, ես պիտի իմանա՞մ, մեկ Ռուբեն Հայրապետյանի առանձնատնից եք հարցնում, մեկ՝ թե ժողովուրդն ինչ վերաբերմունք ունի Ղուկասյանի նկատմամբ, դուք գիտե՞ք ես ով եմ, կամ Ռուբեն Հայրապետյանն ով ա:



 



Ինքն ինձ ճանաչո՞ւմ ա, որ ես իրան ճանաչեմ»,- բորբոքված խոսում էր Բալասանյանը, ով, փաստորեն, բարեկիրթ էր ու լրագրողների նկատմամբ հարգալից միայն ընտրությունների շրջանում, երբ ընտրողի քվեների կարիքն ուներ: Հիմա դրա կարիքը չկա, իսկ եթե որոշի 2017-ին առաջադրվել, դրան էլ դեռ շատ ժամանակ կա. «ով սաղ՝ ով մեռած»:



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]