Այն երկրում, ուր օրենքի մեջ գութ չկա, այդ երկրից համատարած փախչում են

Այն երկրում, ուր օրենքի մեջ գութ չկա, այդ երկրից համատարած փախչում են

Գլխավոր դատախազից բռնած մինչև երկրորդական դատախազն այսօր Վարդան Պետրոսյանի գործի վերաբերյալ այնպիսի ինքնաբուխ խոսքեր են ասում, որ մտածում ես՝ յարաբ այս մարդիկ գիշերը մի երկու րոպե գոնե աչք փակում են երկու անչափահաս տղաների մասին տվայտանքներից:



 



Եթե Հայաստանում չլինեի, առանց երկմտելու կմտածեի՝ արա՜, էս ինչ օրե՜նք է, ի՜նչ արդարադատություն, քննիչն ու դատախազը այնպես են հարցին սրտացավորեն մոտենում, որ Վարդան չէ, Սասունցի Դավիթ էլ լինի, օրենքի շեղբով վիզը կտրում են: Մամուլում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի մեկնաբանությունը կարդալով, Շեքսպիրի գրիչն աչքիդ խունանում է ու նորօրյա Լիր արքա ես հայտնաբերում. «…Իսկ Դու գիտե՞ք, որ երկու 16 տարեկան երեխաներ են մահացել և ընտանիքի մյուս անդամները՝ ևս չորս հոգի գտնվում են ոչ լավ վիճակում»: Դե, եկ, Թամազյան, դիմացիր այդ շեքսպիրյան ողբերգությանը:



 



Կոկորդներս պատռվեց գոռալով՝ իսկ դուք գիտե՞ք, որ մարդ են սպանել, իսկ դուք գիտե՞ք, որ դաժանաբար են սպանել, իսկ դուք գիտեք որ հանցագործներն ազատության մեջ շրջում են... Այս էլ քանի՜ տարի խաղաղ պայմաններում զոհվածների մայրերը հարցնում են՝ իսկ դուք գիտե՞ք որ զինվոր է, տղաս է սպանվել, բացահայտեք: Ինչ ասեմ պարոն Թամազյան, այդ «իսկ դուք գիտեք որը » մեզ պատող ցավն է, մեզ մտատանջող հարցն է, որն այսօր դուք եք համապատասխան զգացմունքայնություն ու երանգ տալով բարձրաձայնում: Նման պարագայում մարդիկ անուժ են գտնվում, որովհետև այդ «իսկ դուք գիտեք որի» տակ թաքնված են ձեր ասած երկու անչափահասի կյանք:



 



Բայց ինչքան կյանքեր ու ճակատագրեր կան թաքնված ժողովրդի՝ ձեզ հղված «իսկ դուք գիտեք որի մեջ», որը երբեք դուք չեք բարձրաձայնել, ընթացք չեք տվել, նման զգացմունքայնություն չեք դրսևորել, ընդհակառակը՝ հանցագործությունը իրավական տարբեր փաթեթների մեջ ամփոփելով, հասկացրել եք՝ իսկ դուք գիտեք որ նա մեղավոր չէ: Այն երկրում, ուր օրենքը բանեցվում է որպես սուր՝ խեղճի, անճարի, քաղաքական տարբեր համոզմունքների տեր մարդկանց վրա, այդ երկրից ճողոպրում են: Այն երկրում, որի օրենքի մեջ գութ չկա, այդ երկրից համատարած փախչում են:



 



Այն երկրում, ուր օրենքը համապատասխանաբար չի տարածվում բոլորի վրա, այդ երկրից մազապուրծ ծլկում են: Այն երկրում , ուր սրտային հիվանդ մարդուն ոստիկանն ասում է՝ հիվանդ ես՝ մեռիր, այդ երկրի մթնոլորտից երկու ոտ էլ փոխ առնելով, սարսափահար հեռանում են: Այն երկրում, ուր հանրության կողմից սիրված մարդուն ձերբակալելու են գնում՝ առանց հրապարակելու նրա մեղքը, մեղքի չափը… հաշվի չառնելով, որ նա ակողնուց չի կարողանում բարձրանալ ու հոգեբանական անասելի տրավմա են պատճառում՝ գլխապատառ փախչել է պետք: Մանավանդ, երբ դրա կողքին հանցագործները շրջում և անպատժելիության սարսափ են տարածում: Վարդան Պետրոսյանի դեպքում չի կարելի մի երկու օր համբերել, որ նա գոնե կապակցված կարողանա երկու բառ ասել:



 



Նման պարագայում կարելի է օրենքից խոսել ու այնպես հուզիչ խոսել, ինչպես Թամազյանն է խոսում. «...կատարված արարքների ճիշտ իրավական գնահատական տալը և կատարված արարքին համաչափ պատիժ նախատեսելն ու սահմանելը մեր բոլորի պարտականությունների մեջ է մտնում... »: Էլի թող ձեր պարտականության մեջ մտնի, բայց մի՞թե ձերբակալման հրամանով մտնում են զոհի տուն ու գամված անկողնուց պոկելով, փորձ անում տանել, այն դեպքում, երբ նա հանցագործ չէ: Այստեղ, իրոք, շեքսպիրյան ողբերգության հերոսի նման մնում է ասել.




Ձի նստենք, ուրեմն, ուշ չդարձնենք մնաս-բարովի,
Այլ իսկույն փախչենք։ Պետք է գողունի փախչել այն տեղից,
Ուրկից ամեն գութ անհետացել է։



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ