Ես չեմ կարող համակերպվել հայի այդ նոր տեսակի հետ

Ես չեմ կարող համակերպվել հայի այդ նոր տեսակի հետ

Հարցազրույց աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանի հետ։



 



-Դուք կրկին Հայաստանում եք կարճ ժամանակով, օրերս մեկնելու եք։ Ի՞նչ շրջանակներում է Ձեր այցը, համերգնե՞ր, հրավե՞ր, թե՞ պարզապես այցելություն հայրենիք։



 



- Ես եկել էի Սպիվակովի նվագախմբի հետ՝ երգելու Գյումրիում, դա էր իմ այցի նպատակը։ Իսկ հետո ինձ առաջարկեցին Մոնթե Մելքոնյանի տարեդարձի հանդիսությանը մասնակցել, և ես չկարողացա մերժել, որովհետև կան սրբություններ, որոնց ես շատ մեծ ակնածանքով եմ վերաբերվում։ Շատ հետաքրքիր էր միջոցառման գլխագիրը՝ «Ես կվերադառնամ», որը շատ կարևոր է մեզ համար։ Եթե Մոնթեն կենդանի լիներ, մեր բարոյական չափանիշների սանդղակն այսօր ուրիշ հարթության վրա կլիներ։ Մենք, իհարկե, պետք է աշխատենք, միգուցե այսօրվանից, արժանի լինել իր հիշատակին։ Ամսի 28-ին գնալու եմ, բայց հունվարի վերջին պիտի գամ, փետրվարի 5-ին և 7-ին պիտի համերգային կատարում ունենամ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Ես հիմա ավելի հաճախ եմ գալիս Հայաստան, չնայած ինձ երբեք հեռացած չեմ համարել, այլ համարել եմ, որ ես երկարատև գործուղման մեջ եմ, պարզապես հիմա իմ բնակավայրն է Վիեննան, բայց ապրում եմ Հայաստանում։



 



- Չի՞ բացառվում, որ մշտական բնակություն հաստատեք Հայաստանում։



 



- Այո, այո, իհարկե, չի բացառվում։



 



- Դուք ամեն անգամ Հայաստան վերադառնալուց նոր կերպ եք տեսնում, նոր հայացքով եք քննում մեր իրականությունը։ Երկրում ընդգծված սոցիալական անհավասարություն կա, որոշակի դժգոհություն։



 



- Ես շատ լավ գիտեմ մեր աշխարհագրական դիրքի մասին, պետության հնարավորությունների մասին, թե որքան դժվար է արտաքին քաղաքականությունն իրականացնել, և որչափ դժվար են մեզ տրվում քայլերը։ Բայց ես մի բան չեմ կարող հասկանալ, թե ինչու մենք չենք կարող ներսում ստեղծել մեր պետությունը, ուժեղացնել, հզորացնել, մեր ուժերով համախմբվել, որպեսզի կարողանանք դիմակայել արտաքին ուժերին, արտաքին թշնամիներին։ Մեզ կարող են վերաբերվել հարգանքով միայն, եթե մենք ուժեղ լինենք, համախմբված լինենք, քաղաքակիրթ ու սոցիալապես ապահովված լինենք։ Մեր այսօրվա ամենակարևոր խնդիրն իրավական երկիր լինելն է, որպեսզի մարդը պաշտպանված լինի իր երկրում։ Ես մի մարդ եմ, որը քայլում է փողոցով, և պետք է վստահ լինեմ, որ ունեմ պետություն, որն իմ թիկունքին կանգնած է, սա է պետք ապահովել, այս զգացողությունը պետք է տալ երիտասարդին, այդ ինքնավստահությունը, որպեսզի նա մնա մեր հողի վրա, ապրի, ստեղծագործի և կարողանա զարգացնել։ Ինչքան էլ խոսենք մեր նվաճումներից, մարդիկ տեսնում են սոցիալական անհավասարությունը, տեսնում են այն մեծ անջրպետը, որ կա սոցիալական մի խավի և չպաշտպանված մյուս խավի միջև։ Սա է, որ ես տեսնում եմ ամեն անգամ, և գնալով խորանում է։ Մարդը կարող է սոված լինել, անօթևան լինել, բայց որպեսզի մնա այս հողի վրա և կարողանա արարել, հավասարության, արդարության զգացողությունը պետք է ունենա մարդը։



 



- Այդ սոցիալական խոր ճեղքվածքը, արտագաղթը, որ տագնապի, ազգային աղետի է վերածվել, քանի որ հայ էթնոսը տարածաշրջանից դուրս է մղվում նաև այսօր։ Արվեստագետի Ձեր զգացողությամբ ի՞նչ է անհրաժեշտ վիճակը փոխելու համար։



 



- Արդեն ասացի, երբ մարդն ունենա այդ վստահությունը, որ ինքը պաշտպանված է, բացի այդ, հնարավոր չէ այդպիսի սոցիալական մեծ տարբերություն։ Ես չեմ կարող համակերպվել հայի այդ նոր տեսակի հետ, որն անդադար հարստանում է, և կա մյուս տեսակը, որը չի կարողանում օրվա հացը վաստակել։ Սա ամենամեծ անարդարությունն է ինձ համար, որի հետ չեմ կարող համակերպվել։ Կարծես թե ինչ-որ գործեր անում են, բայց ի՞նչ են անում, ինչի՞ն է ուղղված, ինչպիսի՞ ապագա են տեսնում, չէ՞ որ իրենք էլ են այս հողի վրա ապրում, թե՞ իրենց թվում է, որ պիտի թողնեն-գնան այստեղից։ Սա է ինձ ամենաշատը զարմացնում, ես չեմ կարող դա տեսնել, այսինքն՝ հասկանալ։ Ինձ թվում է՝ լուծումը միակն է, որ մարդիկ պետք է կարողանան նայել իրենց շուրջ, այն փշրանքները, որ տալիս են մյուսներին իրենց դիզած հարստությունից, դա լուծում չէ, պետք է մարդուն հնարավորություն տալ, որ նա կարողանա ապրել։ Իսկ հայ ժողովուրդը աշխատասեր և ստեղծող ժողովուրդ է, սա է խնդիրը։ Դրսից միգուցե խթանում են արտագաղթը, բայց ես չեմ հավատում, որ մարդը հոժարակամ թողնի ու գնա իր տնից ու երկրից։ Չէ՞ որ ժողովուրդը դիմացավ այն ցուրտ ու մութ տարիներին, որովհետև ոգի կար, իսկ այսօր ոգի չկա։



 



- Հենց այդ բարոյալքված լինելն է, որ տանում է արժեքների կորստի։ Մենք մշակույթի հետ հարաբերվելու միջոցն ենք կորցրել, և ոգու աղետ է երկրում, ոչ միայն սոցիալական։ Ձեր հայացքով, այսօր մարդը մշակույթի հետ որքանո՞վ է հաղորդվում մեր երկրում։



 



- Հիմնական չեմ ապրում երկրում, մշտապես ներսում չեմ, և ինձ համար դժվար է միանշանակ պատասխանել այդ հարցին, բայց մշակութային անկում կա ամբողջ աշխարհում։ Ընդհանրապես տնտեսական ճգնաժամն առաջինը հարվածում է մշակույթին, ամենացավալի ոլորտն է դա, բայց նրանց մշակույթն այնպիսի հիմքերի վրա է դրված, որ ինչքան էլ փակվի՝ նորից կմնա տակը։ Ամենակարևորը դպրոցն է, կրթության ոլորտը չպիտի փոխվի։ Կան շատ լավ համերգներ, փառատոններ, լավ թատրոններ, այսինքն՝ այն, ինչ ես տեսնում եմ։ Օրինակ, անցյալ օրը գնացի Համազգային թատրոն և տեսա շատ-շատ լավ բեմադրություն՝ «Հացի խնդիրը», որն ինձ իսկապես շատ հուզեց։ Պետք է ասեմ, որ երիտասարդները նույնպես հաճախում են թատրոններ, մշակութային օջախները միշտ լեփ-լեցուն են, հետաքրքրությունը կա: Ես չեմ տեսնում այդպիսի մշակութային աղետ, հիմա Դուք կասեք, թե երաժշտությունը, որ հնչում է ռեստորաններում, հարսանիքների ժամանակ, այո, շատ ցավալի է, որովհետև մենք իսկապես ունենք շատ լավ երաժշտություն, պարեր։ Համաձայն եմ, որ Բախի, Բեթհովենի երաժշտության տակ չեն կարող հարսանիքներին պարել, բայց մենք ունենք ազգային պարեր, գեղեցիկ երաժշտություն։ 80-ականներին նաև մեր հեռուստատեսությունը մեծ գործ էր կատարում, կային շատ լավ մշակութային հաղորդումներ, գեղեցիկ ֆիլմեր էին ստեղծվում։ Հիմա, իհարկե, ես չեմ կարող ասել, որ վերանան այդ երգիչ-երգչուհիները, միգուցե դրանք էլ են պետք, դրանց պահանջարկը կա, պարզապես դա այսօր գերազանցում է, չէ՞ որ ինչ մատուցում ես, այն էլ ընդունում են, առաջարկը համապատասխանում է պահանջարկին։



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ