Եղծ աղանդոց կամ՝ մաքսային փչոցներ Աշոտյանի կատարմամբ

Եղծ աղանդոց կամ՝ մաքսային փչոցներ Աշոտյանի կատարմամբ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանին, որպես Մաքսային միության համար ունիկալ երկիր:



 



Ճիշտն ասած դժվար է այս դեպքում հասկանալ ունիկալ բառի իմաստը՝ հազվագյո՞ւտ, բացառիկ արժեք ներկայացնո՞ղ... Իսկ ինչո՞վ ենք մենք այդքան տարբեր մյուսներից, որ Աշոտյանն այսքան ոգևորվել է:



 



Աշոտյանը խոսել է կետերով, հետևաբար մենք նույնպես կխոսենք կետերով: Այլապես բան չի ստացվի: Եվ այսպես, մեր ԿԳ նախարարը գրում է.



 



1.Հայաստանը ՄՄ միակ անդամ երկիրն է լինելու, որտեղ ռուսերենը պետական լեզու չէ, Սահմանադրությամբ ամրագրված միակ պետական լեզուն հայերենն է, և ռուսերենի կարևորությունը բացառապես դիտվում է որպես ազգամիջյան շփումների, քաղաքակրթական, ռուսալեզու մշակութային ժառանգությանը հաղորդակցվելու և հաջող կարիերա անելու տեսակետից:



 



Ինչպիսի շարադրանք: Ընդամենը մեկ սխալ կա այստեղ: Այն, որ Հայաստանը միակ երկիրը չէ ՄՄ կազմում, ուր ռուսերենը պետական լեզու չէ: Այդպիսի երկիր է նաև Բելառուսը: Պատկերացնո՞ւմ եք, նույնիսկ Ուկրաինայում պետական լեզուն ռուսերենը չէ, այլ ուկրաիներենը: Այնտեղ ռուսերենը համարվում է երկրորդ ամենատարածված լեզու: Բայց դուք պատկերացրեք իմ վիճակը, երբ ես պարզեցի, որ նույնիսկ Ղազախստանում ռուսերենը պետական լեզու չէ:



Պարոն Աշոտյան, խիղճն էլ լավ բան է: Ե՞րբ պետք է դադարեք հայ հանրությանն զվարճացնել ձեր աննորմալ եզրակացություններով ու մեկնություններով: Գոնե ասեիք, որ ՄՄ-ում Ռուսաստանը միակ երկիրն է, որտեղ պետական լեզուն ռուսերենն է: Եվ, առհասարակ, ժամանակն է սովորել՝ պետական, պաշտոնական, աշխատանքային և այլ լեզուները տարբերել իրարից:



Գնանք առաջ: Աշոտյանը գրում է.



 



 2. Առաջին ու, ըստ ամենայնի, վերջին հարավկովկասյան պետությունն է, որ մտնելու է Մաքսային միություն:



 



Աշոտյանի այս կետի հետ թերևս կարելի է համաձայնել, թեև այստեղ էլ փիլիսոփայական սխալ կա: Եթե Հայաստանը հարավկովկասյան միակ երկիրն է ուրեմն դրանով ունիկա՞լ է: Իսկ ինչո՞ւ ունիկալ չե Բելառուսը, որը ՄՄ անդամ միակ երկիրն է, որ սահման ունի Կալինինգրադի մարզի հետ և դեռ Լուկաշենկոյի աչքն էլ այդ մարզի վրա է: Ասել է՝ Պուտինին խնդրեմ՝ տա մեզ: Եվ ապա՝ Աշոտյանի այս կետը կարող է կարճ կյանք ունենալ եթե Ադրբեջանն էլ հանկարծ մտափոխվի, ինչպես մենք Մոսկվայում մտափոխվեցինք:



 



Հետևյալ կետում Աշոտյանը մեր ունիկալ լինելը ամրագրելու համար մի ուրիշ բան է մոգոնել: Կարդացեք.



 



3. ՀՀ-ն այն պետությունն է, որի շնորհիվ ՄՄ-ն անմիջական շփման մեջ է մտնում Առաջավոր Ասիայի, Մերձավոր Արևելքի և Իրանի հետ:



 



Նման բան ասելու համար մարդ կամ Հայաստանի տեղը պիտի չիմանա քարտեզի վրա, կամ Առաջավոր Ասիայի, Մերձավոր Արևելքի և Իրանի: Աշոտյանի դեպքում, սակայն, «կամ-կամ»-ը չի աշխատում: Նրա մոտ «համ-համ»-ն է գործել:



 



Հարգելի ԿԳ նախարար, եթե մի կողմ թողնենք 21-րդ դարում շփվելու բոլոր այլընտրանքային ձևերն ու միջոցները, ապա, որպեսզի ՄՄ-ն Հայաստանով ձեր ասած անմիջական շփում ունենա նշված տարածաշրջանների և պետությունների հետ, նախ պետք է անմիջական շփում ունենա Հայաստանի հետ: Սա տրամաբանություն է: Իսկ ինչ վերաբերում է բուն կապերին, ինչպես մենք ենք հասկանում,  Կասպից, Սև և մյուս ծովերով ՄՄ-ն կապ ունի թե Իրանի, թե Առաջավոր Ասիայի, թե Մերձավոր Արևելքի և թե մնացած աշխարհի հետ:



 



Եվ վերջաջապես Աշոտյանի չորրորդ կետը.



 



 4. Աշխարհասփյուռ հայության գործոնը հաշվի առնելով՝ սփյուռքը լուրջ կոմպոնենտ կարող է լինել ՀՀ-ի կարևորությունը ՄՄ-ում ընդգծելու համար:



 



Այ սրա համար արժե Աշոտյանին 5 նշանակել: ԿԳ նախարարն էլ կարող է մեկ-մեկ հինգ ստանալ: Բայց ասենք, նաև, որ օրեր առաջ նրա կուսակից մի նախարարուհի հակառակն էր պնդել, ու անբավարար ստացել:



 



 



Հարգանքներով՝



Էդիկ Անդրեասյան