Եվրոմայդանի շուրջ Բրյուսելն ու Մոսկվան պայմանավորվե՞լ են

Եվրոմայդանի շուրջ Բրյուսելն ու Մոսկվան պայմանավորվե՞լ են

Ղրիմն առանձնացնելու մասին երազում են թաթարները, իսկ Արեւելքի մասին՝ Ռուսաստանը:



 



500 ՀԱԶԱՐԻՑ 1 ՄԼՆ ՑՈՒՑԱՐԱՐ ՄԱՅԴԱՆՈՒՄ



Դեկտեմբերի 1-ին Կիեւի կենտրոնական հրապարակում՝ Մայդանում, նվազագույնը 500 հազար մարդ էր հավաքվել, պահանջելով Ազարովի կառավարության եւ Յանուկովիչի հրաժարականը, արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում: «Դուրս ենք գալիս ոչ թե փողի համար, այլ գաղափարների եւ արդարության»,- այսպես էր արտահայտվել «Բատկիվշչինա» ֆրակցիայի առաջնորդ Արսենի Յացենյուկը, որը Տիմոշենկոյի վարչապետության տարիներին երկու անգամ նախարար է եղել եւ մեկ անգամ գլխավորել է Ռադան: Նրա Twitter-ի գրառումից էլ նոյեմբերի 21-ին սկսվեցին առաջին փողոցային ակցիաները:



 



Այդ օրը ընդամենը 1-2 հազար մարդ դուրս եկավ փողոց, երբ կառավարությունը հայտարարեց, որ չի ստորագրելու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Նոյեմբերի 24-ին Կիեւում մեծ երթի ժամանակ միտինգավորների ոչ պաշտոնական թիվը 150 հազար էր: Նոյեմբերի 29-ին՝ Վիլնյուսի գագաթնաժողովի օրը, երբ պարզ դարձավ, որ փաստաթուղթը չի ստորագրվել, «Բերկուտ» հատուկ ստորաբաժանումը դաժանաբար ջարդեց ցուցարարներին, կարծես դիտավորյալ գազազեցնելով նրանց: Առավոտվանից վրդովված մարդիկ անցան գրոհի:



 



ԵՐԵԿ ԿԻԵՎՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ ԵԿԱՎ, ԲԱՅՑ ՄԱՅԴԱՆԸ ԿՐԿԻՆ ՏԱՔ ԷՐ






Կհայտարարի՞ արդյոք Ուկրաինայի նախագահն արտակարգ դրություն, տանկեր կմտնե՞ն Կիեւի կենտրոնական հրապարակ, թե՞ ոչ. այս տագնապալի սպասումն էր երեկ տարածվել հեղափոխական հրապարակում: Երեկոյան հինգին նախագահականի մոտ աղջիկների խմբեր հավաքվեցին, որոնք «Բերկուտի» ջոկատայինների վահաններին ժապավեններ էին փակցնում՝ «Ծառայում են Ուկրաինայի ժողովրդին» գրությամբ: Հայտարարվեց  համազգային գործադուլ:



 



Նախարարների կաբինետի ներքին բակում Եվրամիության դրոշներն են: Մայդանում են Եվրոպայի հատուկ ծառայությունների ֆորպոստի՝ Լեհաստանի գործիչները՝ Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասեւիչը, նախկին նախագահ Յեժի Բուզեկը, «Օրենք եւ արդարություն» կուսակցության նախագահ, Լեհաստանի նախկին վարչապես Յարոսլավ Կաչինսկին: Ցուցարարները միմյանց կոչ են անում հակաօրինական գործողությունների չդիմել, զգուշանալ սադրանքներից, հանել սեւ դիմակները, քանի որ հենց դիմակավորների մեջ են սադրիչները: Նախօրեին գրաված Կիեւի քաղաքային ադմինիստրացիայի շենքում, որը նրանց «Սմոլնին» է, մարդկանց անվճար թեյ, սուրճ եւ բուտերբրոդներ են բաժանում: Այսպիսին էր Եվրոմայդանը երեկ, շարժում, որին ուշադիր ենք նաեւ Հայաստանում:



 



Հետեւում էինք, թե ինչպես են ակտիվիստները գրոհում Բանկովսկի փողոցում գտնվող նախագահականը, պայքարում ոստիկանական պատնեշի դեմ սովորական բուլդոզերի միջոցով, ինչպես են գրավում քաղաքապետարանն ու արհմիությունների շենքը, փորձում  քանդել Լենինի արձանը, ինչը, սակայն, չհաջողվեց:



 



ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ. «ՀԱՐՑԸ ՌՈՒՍՆԵՐԸ ՉԵՆ, ՀԱՐՑԸ ՊՈՒՏԻՆԻԶՄՆ Է»






Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով, այսօր հետխորհրդային երկրները գնում են դեպի Եվրոպա, սակայն նրանց խանգարում է ոչ թե Ռուսաստանը, այլ Պուտինի ռեժիմը: «Այն այսօր ձեւավորել է հակաարժեքներ, դրանց վրա ձեւավորել է  հակահամակարգ եւ վարում է հակառազմավարություն, որն ուղղված է նրան, որ կասեցնի հետխորհրդային երկրների զարգացումը եւ նրանց բնականոն մերձեցումը Եվրամիության հետ:



 



Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, ուղղակի վերջ է դնում պուտինյան ինտեգրացիոն պլաններին, որովհետեւ առանց Ուկրաինայի բոլոր պլանները՝ լինի դա Մաքսային Միություն թե Եվրոպական, դառնում են ինքնանպատակ: Ուկրաինացի ժողովուրդը ցույց տվեց, որ միտք չունի հանդուրժելու Կրեմլին եւ Կրեմլի սատրապներին: Դառնալով հայաստանյան իրադարձություններին, նշեմ, որ Ուկրաինայում այդ համաժողովրդական տրամադրությունները հնարավոր դարձան նախեւառաջ այն պատճառով, որ Ուկրաինայի խորհրդարանում կա ներկայացուցչական պրոեվրոպական ընդդիմություն, այն, ինչ Հայաստանում չունենք, այլ ունենք Ռուսաստանին կամակատար իշխանություն եւ Ռուսաստանին ոչ պակաս կամակատար խորհրդարանական ընդդիմություն»:



 



ՌՈՒՍԱՄԵՏ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐԸ ԴԵՌ ԲԱՑԱՀԱՅՏ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ 






Ռուսական վերլուծաբանները երեկ բավականին պասիվ էին  եւ զերծ էին մնում մեկնաբանություններից: Սակայն մեզ հաջողվեց զրուցել Կրեմլի անալիտիկ շրջանակներին մոտ տեղեկացված աղբյուրի հետ, որն անձնական պատճառներով  չցանկացավ նշել իր անունը: Ըստ այդ աղբյուրի, ուկրաինական գործընթացը Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ համաձայնեցված գործողությունների արդյունք է: «Հիմա ռեալ աշխատանք է տարվում Ուկրաինայի կառավարության հրաժարականն ստանալու համար: Այդ աշխատանքին մասնակցում է նաեւ նախագահական նստավայրը: Ներքին լուրջ պայմանավորվածություններ կան, որպեսզի կառավարությունը փոխվի: Թեման այն է, որ Տիմոշենկոյին բաց չթողնեն, որ նա գործողություններ չանի: Ինչո՞ւ էր պետք Մայդանը ցրել այդպիսի դաժանությամբ: Հիմնական հրաման տվողները եղել են ոչ թե ոստիկանության աշխատակիցները, այլ նախագահի ադմինիստրացիայի ղեկավարները: Այսինքն, վիճակը սրել են, եւ սրան համապատասխան արեւմտամետ խումբը մտել է եւ գործողություններ է անում: Նպատակը հիմա կառավարության ցրելն է, նոր կառավարություն ստեղծելն է, նոր կոալիցիա ստեղծելը, Յանուկովիչից որոշ լիազորություններ վերցնելն է մինչեւ 2015 թիվը, որովհետեւ, եթե նման  բաներ չանեն, երկիրը երեք մասի կբաժանվի՝ Արեւելք, Արեւմուտք եւ Ղրիմ»:



 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ