Ավելի հարգի չէ՞ր լինի, եթե ամպհովանոցը բռնեին եկեղեցական դասից

Ավելի հարգի չէ՞ր լինի, եթե ամպհովանոցը բռնեին եկեղեցական դասից

Ամբողջացնելով դերասաններ Տիգրան Ներսիսյանի և Արմեն էլբակյանի բացատրական բառապաշարը, մի բան հասկացա, որ նրանց խիստ վրդովվեցրել է այն փաստը, որ իրենց բռնածը զոնտիկի կոթ չի եղել: Իրենց բռնածը ամպհովանու կոթ է եղել: Զոնտիկը աշխարհիկ երևույթ է, երկրային է: Որ մի լավ ցեխոտ անձրև է գալիս, զոնտիկը կամ անձրևանոցը, որոշ ֆիքստուլներ էլ անձրևոցի են ասում,  այդ ժամանակ են օգտագործում: Արևի ուղիղ ճառագայթների դեպքում էլ զոնտիկ են օգտագործում, որ խելքը ասֆալտի նման չհալի ու ճակատն ի ցած հոսի: Մեկ էլ զոնտիկը օգտագործում են զոնտիկով պարի ժամանակ: Դերասանների պնդմամբ իրենց բռնածը ամպհովանու կոթ է եղել: Իրոք որ, մեր ժողովուրդը ոնց որ լրիվ սաղ խառնել է, զոնտիկի կոթն ու՜ր, բահի կոթն ու՜ր, ամպհովանու կոթն ու՜ր… Ամպհովանին, ի տարբերություն զոնտիկի, երկնային է, ամպ բառը չի հուշու՞մ… Ամպհովանին Աստվածային է, եկեղեցական նշանակություն ունի և դերասաններին մի փոքր ուղղելով, ասեմ, որ եկեղեցական գրագրության մեջ օգտագործվում է ամպհովանոց ձևը, այն ավելի հարգի է: Ամպհովանին պարզապես որպես հոմանիշ է նշված: Հիմա տեսնենք թե ինչպես է բացատրվում իմացյալ աղբյուրներում. . (եկեղ.) Ամպհովանոց (մեծ և քառակուսի հովանոց կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականության համար):  Աղբյուրներ փնտրեցի ու չգտա, որ բարձրաստիճան հոգևորականությունից բացի, ամպհովանոցի  տակ կարող են մտնել նաև աշխարհիկ տերերը:  Գուցե այն իր մեջ իշխանություն- եկեղեցի խորհուրդն ունի, բայց մի՞թե հազարաչք կաթողիկոսը չի տեսնում, որ իշխանությունը ժողովրդի կամքը չի արտահայտում: Հետո ինչքան ուզում էի գտնել, որ ամպհովանոցը պետք է բռնեն դերասանները, դա էլ չգտա: Ավելի հարգի չէ՞ր լինի, եթե ամպհովանին բռնեին եկեղեցական դասից: Այդպես գուցե չհեղինակազրկվեին դերասանները: Տիգրան Ներսիսյանի հարցազրույցն եմ հիշում, որտեղ քննադատելով երկրի իշխանություններին, ասում էր՝ չհեղինակազրկված մարդ չկա, չեն ուզում որ լինի… Ես չեմ ուզում ցավ պատճառել դերասաններին, պարզապես հարցնում եմ՝ իրենք չանցա՞ն այդ հեղինակազրկման ճանապարհով և դրանում ու՞մ են մեղադրում:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ