Եթե առողջապահության նախարարը կողմ է ալկոհոլի գովազդին, հարց չկա

Եթե առողջապահության նախարարը կողմ է ալկոհոլի գովազդին, հարց չկա

Դատելով ՀՀ կառավարության 2014 թվականի առաջին նիստի արձագանքներից, կարելի է ասել, որ կառավարության ոչ բոլոր անդամներն են ՙհետ եկել՚ ամանորյա խմվածքից: Մերժել են` ինչ ձեռքներն է ընկել, այդ թվում նաև ՀՀԿ ֆրակցիայի պատգամավորների` ոգելից խմիչքների գովազդը (բացի կոնյակից) արգելելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը կարճ է կապել, հավանաբար, մտածելով, որ ՀՀԿ ֆրակցիան որևէ խելոք բան չի կարող առաջարկած լինել: Ինչպես նշում են լրատվամիջոցները` նա շատ անկապ ու անհասկանալի բացատրություն է տվել իր մերժումին, ասելով, թե դա առողջության հետ կապված խնդիր է և չի կարելի արգելել ալկոհոլային խմիչքների գովազդը:



 



Թվում էր, այսքան բանից հետո այս ոլորտում իր պապի խորհուրդներով շարժվող Տիգրան Սարգսյանը պիտի պաշտպաներ առողջապահության նախարարին, բայց արի ու տես, որ ՀՀԿ-ական պատգամավորների կողմն է անցել ու պնդել, որ հարցը նորից քննարկվի:



 



Կարծում եմ ճիշտ չէ, որ կառավարությունը միանգամից մերժի իշխող կուսակցության նախաձեռնությունը: Դա կարող է վատ սովորության վերածվել` մոտավորապես այսպիսի բան է ասել Տիգրան Սարգսյանը:



 



Նրա` այս հանկարծահաս սերն ու հարգանքն առ ՀՀԿ-ական երեսփոխանները, թերևս միայն մեկ բանով կարելի է բացատրել: Չի բացառվում, որ ԱԺ-ն իր առաջին քառօրյաներից մեկում բարձրացնի կառավարության հրաժարականի հարցը, իսկ այդ ժամանակ յուրաքանչյուր ՀՀԿ-ականի ձայնը փրկօղակ կարող է հանդիսանալ Տիգրան Սարգսյանի համար:



 



Չնայած` Հայաստանում այսպիսի լուրջ հաշվարկներ պատգամավորների ձայների վրա չեն արվում: Եթե այնտեղից ասել են հրաժարական, ուրեմն էլ ոչ մի բան չի փրկի, իսկ եթե չեն ասել, ապա Տիգրան Սարգսյանն իզուր էլ ջանում է սիրաշահել ՀՀԿ-ականներին: Միևնույն է, նրանք դեմ չեն քվեարկի կառավարությանը:



 



Էդ.Ա.