Ինչու՞ եք սպանում զինվոր ունեցող մայրերին, ինչու՞ եք սպանում մեզ՝ բոլորիս

Ինչու՞ եք սպանում զինվոր ունեցող մայրերին, ինչու՞ եք սպանում մեզ՝ բոլորիս

Mer ojax. Net կայքում տեղադրված վիդեոն՝ «Բանակի իրական դեմքը» վերնագրով, ինձ ցնցեց: Առաջին հերթին մտածեցի բանակում ծառայող բազմահազար զինվորների մայրերի մասին ու սիրտս փոքրացավ, ասեղի չափ դարձավ. ինչու՞ եք սպանում զինվոր ունեցող մայրերին, ինչու՞ եք սպանում մեզ՝ բոլորիս: Հղփացած, մսերից ու ճարպից պայթող, համարյա տկլոր հրամանատարը անասելի միջոցներով նվաստացնում է երկու նվաղ զինվորի, որոնք այնքա՜ն ստորացուցիչ բաներ են անում, որպեսզի չշարժեն գազանի զայրույթը: Լսելի են նաև հայերեն բառեր: Հրամանատար գազանի դեմքը ինչ որ դիրքերից երևում է, հատկապես եզական կազմվածքը ու կարելի է հենց հեղինակի միջոցով ճշտել՝ թե ո՞վ է նա, ո՞վ է այդ գազանը: Ինչքանով տեղեկացա, դեպքը եղել է երեք տարի առաջ ու գազանին բանտում մի այլ կարգի են պատժել, ինչու՞ է կրկին վերաթարմացվել, ու՞մ է ձեռնտու: Կայքը ինչու՞ է տեղադրել այն: Մի՞թե բանակում իրականը դա է, արատավոր մի դրվագ ներկայացնելով, մի՞թե կարելի է դրանով բնութագրել ողջ բանակը: Այդ այլանդակ դրվագներին նայելով, զինվոր ունեցող ծնողը ո՞նց ապրի, ո՞նց գլուխը հանգիստ դնի բարձին ու քնի: Այնպիսի մի ատելություն, զայրույթ է առաջացել մոտս, որ եթե այդ եզին ձեռքս տան, հայ մայրերի փոխարեն ինքս կխեղդեի, առանց թարթելու աչքս: Ես նյութի տակ չեմ ուզում տեղադրել վիդեոն՝ ավելորդ անգամ չալեկոծելու մայրերին, ծնողներին, ողջ ժողովրդին, միայն խնդրում, անասելի շատ եմ խնդրում, իրավունք եմ վերապահում բոլոր մայրերի անունից խնդրել ՀՀ պաշտպանության նախարարին՝ զինվորը մեր խիղճն է, մեր ամրությունը, եթե պետք է, կատոկի նման անցեք բոլոր եզ հրամանատարների վրայով, որպեսզի խաղաղ պայմաններում մեր երեխեքի մի մազն անգամ չպակասի: Ամենակարևորը՝ բանակն արատավորող յուրաքանյուր դրվագ անպատասխան մի թողնեք, բաց եղեք, պարզաբանեք ու առաջին հերթին կանգնեք զինվորի կողքին: Բանակի իրական դեմքը թող երևա ու թույլ մի տվեք, որ այն աղճատվի նման գարշելի կադրերով:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ