ԼՂՀ ՊՆ հաղորդագրություն

ԼՂՀ ՊՆ հաղորդագրություն

Շաբաթվա սկզբում Ադրբեջանը հակամարտ զորքերի շփմանգծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններովձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձ,սակայն հանդիպելով հայ զինվորի զգոնությանն ու կյանքիգնով հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությանը՝մեծ կորուստներ կրելով նահանջել իր ելման դիրքերը:



 



ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է.



 



«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անմիջապես հերքեց դիվերսիայի մասին տեղեկատվությունը՝ նշելով, որ հայկական կողմի կորուստը ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանք է: Սակայն պետք է նկատել, որ այդ դիվերսիոն գործողությունից հետո ադրբեջանական ռազմական քարոզչության մեքենան սկսեց հաղորդագրություններ տարածել առաջնագծում ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, հիվանդության կամ վթարի հետևանքով մահացած կամ վիրավորված զինծառայողների մասին: Բայց այդ դեպքերը երկու օրվա համար այնքան շատ էին (2 զոհ և 6 վիրավոր), որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ստիպված հանդես եկավ տեղեկատվությամբ, թե իբր ադրբեջանական զինուժին հաջողվել է կասեցնել հայերի ներթափանցման փորձը և մեծ կորուստներ պատճառելով հետ շպրտել: Սրանով, փաստորեն, Ադրբեջանում փորձ էր արվում արդարացնել սեփական զինուժի կորուստները, որոնց իրական պատճառները, սակայն, պետք է փնտրել ս.թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ծավալված իրադարձություններում:



 



Այսքանից կատարվելիք հետևությունը մեկն է՝ Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարարը կրկնում է իր նախորդի սխալները… Իսկ թե ինչ կլինի դրանք շարունակելու դեպքում, դժվար չէ կռահել…



 



Ինչ վերաբերվում է դիվերսիային, պետք է նշել նաև, որ առհասարակ Ադրբեջանի նման պահվածքը նորություն չէ: Դա վերջինիս ապակառուցողական դիրքորոշման ցուցադրումն է դիվանագիտական կարևոր միջոցառումներից առաջ: Այդպիսի պահվածք Ադրբեջանը դրսևորել է Կազանում նախագահների հանդիպման և ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջան կատարելիք այցի նախօրեին, իսկ այս վերջինն էլ հավանաբար պայմանավորված էր ս.թ. հունվարի 24-ին Փարիզում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հետ: Նման սադրիչ գործողություններով Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ համաձայն չէ 1994թ. մայիսին կրակի դադարեցման մասին համաձայնագրից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության հետ, երկրորդ՝ իր անհամաձայնությունն է հայտնում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շրջանակներում ընթացող գործընթացի նկատմամբ: Սակայն, ի հեճուկս Ադրբեջանի, տարածաշրջանի խաղացող երկրները ամենատարբեր մակարդակով հայտարարեցին, որ ղարաբաղյան հիմնահարցի քաղաքական կարգավորմանն այլընտրանք չկա, իսկ առաջնագծում լարվածությունն ու սադրիչ գործողությունները լուրջ հարված են տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը և կոչ արեցին կողմերին խնդրի լուծման բանալիները փնտրել բանակցային սեղանի շուրջ:



 



Հունվարի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում լարվածությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հասել էր գագաթնակետին: Շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1500 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14.000 կրակոց:



 



ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան քայլեր ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»: