ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն տապալեցին «Բարեւ, Երեւանի» նախագիծը

ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն տապալեցին «Բարեւ, Երեւանի» նախագիծը

Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանը, Ստեփան Սաֆարյանը եւ Գագիկ Բաղդասարյանը մի նախագիծ էին ներկայացրել ավագանու նիստին, որը ներառում էր 3 հարց: Որ ավագանու նիստերն առցանց հեռարձակվեն, ավագանու նիստերին հարցուպատասխաններն ավելի հաճախակի դառնան:



Այսինքն, բոլոր նիստերին հարցուպատասխան լինի, եւ յուրաքանչյուրն առավելագույնը 2 հարց հնչեցնի:



3-րդ հարցն էլ վերաբերում էր ավագանու իրավունքներին: Առաջարկվում էր, որ Երեւանի համար կենսական նշանակություն ունեցող պայմանագրերը, որոնք կնքվում են քաղաքապետի կողմից, սահմանվեն որպես Երեւանի ավագանու կողմից վավերացվող  պայմանագրեր: Իսկ սա նախատեսվում է Երեւան քաղաքում ՏԻՄ ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, որտեղ ավագանուն է վերապահվում Երեւանի քաղաքապետի կողմից կնքված մի շարք պայմանագրերի վավերացումը: Այսինքն, Երեւանի համար կենսական նշանակություն ունեցող հանրային ծառայությունների վերաբերյալ պայմանագրերը վավերացվեն ավագանու նիստով: Պատկերավոր ասած՝ եթե սա ընդունվեր ավագանու կողմից, ապա ուղեվարձի սակագնի փոփոխության հարցը  պետք է ներկայացվեր ավագանու քննարկմանը եւ միայն վավերացվեր ավագանու կողմից: Բնականաբար, այս պահանջները չէին կարող ընդունելի լինել իշխանավորների համար: Նիստերն առցանց հեռարձակելը տեխնիկապես ու կազմակերպչական առումներով դեռ հնարավոր չէ: Նախագծի քննարկման ժամանակ ուրվագծվեց, որ ՀՀԿ-ականները, այդ թվում ԲՀԿ-ն, տրամադրված են դեմ քվեարկելու, այդ իսկ պատճառով Անահիտ Բախշյանն առաջարկեց հարցն օրակարգից հանել:



 



Եվ օրակարգ դարձյալ ընդգրկել, երբ հետագա քննարկումներով հնարավոր լինի փոխհամաձայնության գալ:  Եթե  առցանց հեռարձակելն այնուամենայնիվ որոշեն կյանքի կոչել, ինչպես նաեւ ամենամսյա հարցուպատասխանը, ապա հանրային ծառայությունների մասով դրական որոշման հավանականությունը փոքր է: Իհարկե, այստեղ էլ «լուծում» կգտնվի, ինչպես ԱԺ-ում. ՀՀԿ-ականները մեծամասնություն են ու ցանկացած հարց հրահանգված քվեարկությամբ կանցկացնեն:  Իսկ մինչ այդ լավ կլինի, որ Տարոն Մարգարյանը որոշակի գումար տրամադրի ու  կարգի բերի  ավագանու անդամների  անսարք խոսափողները, որոնք ժամանակ առ ժամանակ խափանվում են ու տհաճ իրավիճակ ստեղծում նիստի ժամանակ:



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ