«Դեմ եմ»: Երբ պաշտոնյաներն էլ էին ՀՀ քաղաքացի

«Դեմ եմ»:  Երբ պաշտոնյաներն էլ էին ՀՀ քաղաքացի

Այսօր «Դեմ եմ» նաախձեռնության հանրահավաքն էր Ազատության հրապարակում, որից հետո  տեղի ուենցավ երթ Կենտրոնի փողոցներով: Հանրահավաքը բազմամարդ էր. մի քանի հազարի հասնող բազմություն էր հավաքվել Ազատության հրապարակում, թեպետ իշխանական հեռուստաընկերությունների տեսախցիկները, սովորության համաձայն, էլի մի քանի հազարի փոխարեն հազիվ մի քանի հարյուրի չափով մարդ գրանցեցին իրենց օբյեկտիվներից. ապացույցը նրանց կադրերով սարքած ռեպորտաժներն են:



 



Ինչևէ, քաղաքացիական այս շարժման կազմակերպած հանրահավաքին ելույթ ունեցան մի շարք ՀՀ քաղաքացիներ: Այդ ՀՀ քաղաքացիների շարքում էին «Դեմ եմ»-ի երիտասարդները, ազատամարտիկ, նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանն ու տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող գործիչներ, պատգամավորներ: Բայց նրանք բոլորը այդ հարթակում սոսկ ՀՀ քաղաքացիներ էին:



 



ՀՀ քաղաքացի էր Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ քաղաքացի էր նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Հրանտ Բագրատյանը, ՀՀ քաղաքացի էր Արծվիկ Մինասյանը՝ ՀՅԴ-ական պատգամավոր, ԲՀԿ խմբակցությունից Վահան Բաբայանը, ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրանք բոլորը ՀՀ քաղաքացիներ էին՝ առանց մանդատի, առանց քաղաքականության, առանց քաղաքական ելույթների…



 



Երիտասարների շարքերում էլ կուսակցաններ կային՝ մասնավորապես ՀՅԴ անդամ, բայց, միևնույն է, նրանք բոլորը ՀՀ քաղաքացիներ էին: Կուտակայինին դեմ հասարակ քաղաքացիների շարքերում էին նաև մի շարք այլ կուսակցականներ, քաղաքական գործիչներ, պատգամավորներ՝ Աժ չորս ոչ իշխանական ուժերից: Եվ դա միանգամայն սպասելի էր, քանզի վերոնշյալ չորս ոչ իշխանական ուժերի, կամ, ինչպես արդեն տարածված է անվանել, «հրաշալի քառյակը» օրեր առաջ հերթական միասնական հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ միանալու են «Դեմ եմ»-ի հանրահավաքին, բայց զուտ որպես ՀՀ քաղաքացի՝ առանց որևէ քաղաքական ենթատեքստերի, ուղղակի, հավանաբար, իրենք էլ են դեմ, որ իրենց աշխատավարձից հարկադիր պահումներ են արվում, դրա համար էլ կմիանան հանրահավաքին:



 



Հնչած ելույթներին, Բագրատյանի «կուկարիկու» կանչելու խոստմանն ու Րաֆֆի «սահմանն անցնելուն», էլ չենք ասում սահմանից նոր վերադարձած Վահան Բաբայանի չափազանց բոցաշունչ ելույթին, ինչ խոսք, կարելի է անդրադառնալ առանձին-առանձին, և դրականորեն ընդգծել, որ նրանցից յուրաքանչյուրը, հատկապես, օրինակ, տնտեսագետներ Հրանտ Բագրատյանն ու Արծվիկ Մինասյանը միանշանակ իրենց խոսքում ևս մեկ անգամ ապացուցեցին, որ կուտակայինը, մեղմ ասած, սխալ ռեֆորմ է Հայաստանում, ու դրանք տնտեսագետ պատգամավորները բացատրեցին մասնագիտական տեսանկյունից, բայց հարցը այստեղ լրիվ այլ է:



 



Ո՞րն է լինելու հաջորդ քայլը: Կրկին հանրահավա՞ք: Կրկին ելույթնե՞ր: Սահմանադրական դատարա՞ն: Համաձայն ենք՝ սխալ է, վատ է, չարիք է, հակասահմանադրական է, հակաժողովրդավարական է, և երկրի առնվազն 80 տոկոսը՝ ըստ նախագահի հավաստի տվյալների ու «միամիտ» խոստովանության, դեմ է Կուտակայինին...  հետո՞:  Լուծումը ո՞րն է: Հասնելու ենք հաղթանակի, բայց ինչպե՞ս:



 



Այս հարցերրը այսօր շարունակում են օդում մնալ, քանզի Կուտակայինին կամ այլ «չարեփոխումներին» դեմ լինելուց առավել կարևոր, օրակարգային խնդիր է այն, թե ինչպես հասնել հաղթանակի, այլ ոչ թե ինչպես կողմ կամ դեմ լինել... Իսկ այդ գլխավոր խնդրի լուծումը, կարծես թե, այսօր չտրվեց...



 



Վահե Մակարյան