Մնամ նամակիդ սպասող` Պարույր

Մնամ նամակիդ սպասող` Պարույր

Արդեն 20 օր է, ինչ Պարույր Հայրիկյանն ուզում է Րաֆֆի Հովհաննիսյանից հոդաբաշխ խոսք կորզել համատեղ հանրահավաքի մասին ու չի ստացվում: «Ժառանգությունը» ոչ մի կերպ չի մերժում նրան, բայցեւ չի պատասխանում Պարույր Հայրիկյանի նամակներին, ինչից վերջինս բավականին ջղագրգիռ է դառնում: «Նշել էինք (նախորդ նամակներում՝ Էդ. Ա.), որ հրաւիրեալ են եւ կարող են մասնակցել բոլոր քաղաքական ու հասարակական ուժերը։…….Դուք լռում էիք եւ այլեւս հնարաւոր չէր սպասել»,- գրում է իր վերջին նամակում Հայրիկյանը եւ հարգալից տոնով հավելում. «Բնականաբար Ձեզ հետ հակադրուելուց խուսափելով մենք քաղաքապետարանի հետ այլ բան պայմանաւորուեցինք եւ սկսեցինք մարդկանց իրազեկումը՝ առ այն, որ մեր միջոցառումը պիտի լինի Արամ Խաչատրեանի արձանի մոտ՝ ժամը 16։00»: Այսքանն ասելուց հետո Հայրիկյանն սկսում է բարկանալ. «Դրան յաջորդեց Ձեր յայտարարութիւնը մարտի 22-ին, մասնաւորապէս՝ Ազատութեան հրապարակում, ըստ որի մեզնից մէկ ու կէս ժամ անց դուք պիտի հանրահաւաք անեք ընդամենը 50 մետր հեռաւորութեամբ։ Եւ դեռ հրաւիրում եք միանալ։ Սա՞ էր Ձեր գլխաւոր խնդիրը»:



 



Սկսվեց: Փաստորեն, Հայրիկյանը հստակ ասել է, որ Հովհաննիսյանի փորացավն այն է, որ ԱԻՄ շարքերի հաշվին մարդաշատ հանրահավաք ցույց տա: Եվ իր հետեւյալ տողերում անկրկնելի Հայրիկյանը Հովհաննիսյանին փոխանցում է, թե ինքը հատուկ հրավերով կմիանա «Ժառանգության» հանրահավաքին, բայց քանի որ այդ հանրահավաքը ոչ օրակարգ ունի, ոչ ձեւաչափ, թող այն շարունակվի ԱԻՄ-ի պատկերացրած ձեւով:



 



Իհարկե, այսքանից հետո Րաֆֆին ավելի խորը կլռի, քանզի Հայրիկյանի ուզածը ոչ այլ ինչ է, եթե ոչ «Ժառանգության» միջոցառմանը շիթիլվել, այն էլ, ինչպես տեսանք, ինքնատիպ մուննաթով: Եվ ամենազավեշտալին էլ այն է, որ եթե «Ժառանգության» հանրահավաքն ընթանա Հայրիկյանի սցենարով, այսինքն՝ նաեւ երթ լինի, Հայրիկյանը պիտի նստի «Գազելը», իսկ Րաֆֆին պիտի նրա հետեւից «մարշ ածելով» քայլի: Իսկ գուցե Հայրիկյանը Րաֆֆո՞ւն էլ տեղ տա «Գազելում»:



 



Որտե՞ղ է լսված, պարոն Հայրիկյան, որ հաղթած ու երդված նախագահը քայլի «Գազելի» հետեւից:



 



Եվ սա դեռ ամբողջը չէ: Րաֆֆի Հովհաննիսյանը, ամենայն հավանականությամբ, այլ պատճառներ էլ ունի Հայրիկյանի հետ չմիանալու կամ նրա նամակներին չպատասխանելու: Բնավորության հարց կա: Րաֆֆին հեշտ միացողներից չէ: Նախագահական ընտրություններից առաջ չմիացավ, այսօր 4-ի ֆորմատում էլ դժվարությամբ է տեղավորվում: Հայրիկյանը պիտի այս նրբությունը հաշվի առներ:



 



Ավելի լրջանալով` ասենք, որ բոլորովին վերջերս, ԵԺԿ կոնգրեսում, Րաֆֆի Հովհաննիսյանը (ես չգիտեմ ինչ մեղու էր կծել նրան) մի այնպիսի ելույթ է ունեցել Ղրիմի ժողովրդի ինքնորոշման դեմ, որ հիմա ոչ մի կերպ չի տեղավորվում պարոն Հայրիկյանի օրակարգի առաջին կետի մեջ, որտեղ հստակ ասված է, որ «Կուտակային կենսաթոշակի մասին օրենքը» հնարավոր է մեկնաբանել ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Պետք է ընդունել, որ դա Րաֆֆիի համար բավականին բարդ կլինի անելը, եթե չասենք` անհնար:



 



Եվ ապա` Հայրիկյանի օրակարգի հաջորդ կետի համաձայն, Րաֆֆի Հովհաննիսյանը ԵՄ-ՄՄ-ի մասին գա ի՞նչ ասի, երբ ԵՄ-ի գնացքը գնացել է, իսկ ՄՄ-ինը չի եկել ու չգիտես՝ կգա՞ արդյոք: Աշխարհը քանդվում, մի ուրիշ ձեւով է կառուցվում, իսկ Հայրիկյանը տակավին հանրահավաքի օրակարգ է մտցնում ռուս-ուկրաինական հակամարտությունը: Ո՞ւր է այնտեղ հակամարտություն: Առանց փամփուշտ կրակելու հսկայական հողը միացրին Ռուսաստանին ու դեռ պատրաստվում են էլի միացնել: Քանդեցին հսկա, ծաղկուն երկիրը, Արեւմուտքն իրենն է տանում, Ռուսաստանը՝ իրենը: Ի՞նչ պատժամիջոցներ, ի՞նչ տնտեսական ու ռազմական սանկցիաներ, ի՞նչ հակամարտություն, ի՞նչ ամերիկյան ավիակիր կամ ի՞նչ ռուսական հրթիռ: Խեղճերին ճզմելու ձեւերն են փոխվել: Պիտի մտածել այս մի բուռ հողը պահելու մասին եւ ոչ թե հրապարակներում հակառուսական կամ հակաեվրոպական թեմաներով ձավար անել:



 



Չէ, այսպես կշեղվենք թեմայից:



 



Կարծեմ Հայրիկյանն ուզում էր միանալ Րաֆֆու հանրահավաքին կամ` հակառակը: Վատ գաղափար չի միանալը, միավորվելը, միասին հանդես գալը, հարթակին կողք կողքի կանգնելը: Պարզապես պիտի նաեւ ժողովրդի մասին մտածես, ում հրավիրում ես մի հանրահավաքի, որտեղ գլխավորը ոչ թե ասելիքն է, այլ Հայրիկյան-Հովհաննիսյան փոխհարաբերություններում առկա ինտրիգները, որոնց առաջացման համար Հայրիկյանը ջանք չի խնայում` ժողովրդականացնելով Հովհաննիսյանի հետ ունեցած իր կիսազավեշտալի նամակագրությունը:



 



Պարոն Հայրիկյան, ԱԻՄ-ի հավաք ես անում` արա: Ի՞նչ կապ ունի դա «Ժառանգության» հանրահավաքի հետ: Դեռ մի բան էլ բախտդ բերել է, որ քո հավաքին, հնարավոր է, մասնակցեն նաեւ նույն օրը «Ժառանգության» հանրահավաքին շտապող մարդիկ: Իսկ եթե մեծ է ցանկությունը միանալու, գնա, սուսուփուս կանգնիր կողքին, մարդիկ կտեսնեն եւ կգնահատեն:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ