Եթե առանց Միկոյանի ոմանք այլևս կյանք չունեն, ապա…

Եթե առանց Միկոյանի ոմանք այլևս կյանք չունեն, ապա…

Անկեղծորեն՝ զարմանալ կարելի է մեր միջի առանձին անհատների համառության վրա, որով նրանք պնդում են Միկոյանի արձանը տեղադրելու անհրաժեշտությունը: Կարելի է մտածել որ դա համազգային հոգևոր պահանջմունք է ու պիտի այսօր-վաղը բավարարվի, այլապես ազգս կկործանվի:



 



Քանի՞ արձան դեռ կարելի է տեղադրել Երևանում, որ ժողովուրդն ընդունի ու չընդվզի այդ արձանի տեղադրման դեմ: Երևի՝ հարյուրավոր: Բայց կպել ենք Միկոյանից ու նրա վիճելի պատմական կերպարից: Դարձրել ենք համաշխարհային քննարկման առարկա:



 



Խորհրդային Միության տարիներին մենք այս նույն ոգևորությամբ Միկոյանի արձան չտեղադրեցինք: Լենին ունեինք, Շահումյան, Մյասնիկյան, բազմաթիվ այլ հայ կոմունիստներ, բայց Միկոյան չունեինք: Ինչո՞ւ չդրեցինք, չգիտեի՞նք, որ Միկոյանը համաշխարհային դեմք է: Ուզում եմ նաև հասկանալ, թե ինչո՞ւ այդ տարիներին Միկոյանի համար հոգի տվողները, որոնց մի մասն այսօր մտավորականի տեսքով ներկայացված է Երևանի ավագանու կազմում, հարց չէր բարձրացնում Կարիբյան ավազանի ճգնաժամից աշխարհն անփորձանք դուրս բերած հայորդու արձանը կանգնեցնելու մասին: Անուններ չենք ուզում նշել, բայց զուտ մարդկայնորեն հետաքրքիր է, թե այդ ի՞նչ մեղու կծեց նրանց հանկարծ, որ դարձան Միկոյանի վկա:



 



Երբ իշխանության որևէ ներկայացուցչի, ընդհուպ մինչև մշակույթի նախարարին, հարցնում ես՝ ինչի՞ համար է այս աղմուկը, պատասխանում են, որ դա կապված է Միկոյանի հակասական կերպարի հետ, բայց մենք կքննենք, կլսենք մասնագետներին, կհասկանանք, հետո կորոշենք ինչ անել: Կարծես նորմալ բան են ասում, բայց դարձյալ այն չի: Այն չի, որովհետև պատմաբաններն արդեն իրենց տեսակետն ասել են, Միկոյանին արժևորել ինչպես հարկն է, բայց իշխանությունները Երևանի քաղաքապետարանի ձեռամբ անընդհատ գրգռում են հասարակությանը: Ինչո՞ւ: Մի՞թե կարելի է տեղադրել մի հուշարձան, որի հանդեպ հասարակության մի հսկա մասը այդքան նեգատիվ վերաբերմունք ունի: Սա էլ հո պարտադիր կենսաթոշակային չէ՞, որ ուզում են անպայման անցկացնեն:



 



Կարծեմ՝ Մեքսիկայում էր, որ Հեյդար Ալիևի արձան տեղադրեցին: Փողով: Հասարակությունը հանել տվեց, չհանդուրժեց: Հիմա Միկոյանին եք պարտադրում: Ինչո՞ւ: Մեկը գրում է, թե Միկոյանին իր մեծությամբ պետք է համեմատել Չերչիլի, Ռուզվելտի, Քենեդու հետ: Ներողություն, իսկ ինչո՞ւ ոչ Ստալինի հետ: Միկոյանը, հասկանալի է, հայ ժողովրդի զավակն է, բայց նա որպես քաղաքական դեմք ու որպես համաշխարհային մեծություն՝ նախևառաջ Ստալինի շկոլայի ներկայացուցիչն է: Մարդիկ Խոսում են Կարիբյան ավազանի ճգնաժամի օրերին Միկոյանի ջանքերով երրորդ աշխարհամարտից խուսափելու մասին, բայց չգիտես ինչու չեն խոսում Ստալինի տաղանդից, որ կարողացավ արդեն սկսված երկրորդ աշխարհամարտում ոչնչացնել մարդկությանն սպսռնացող ամենասարսափելի ժանտախտը՝ ֆաշիզմը: Բայց, փոխանակ դափնիներ տալու, նոր արձաններ ավելացնելու, եղած արձաններն էլ հանեցին, իսկ իրեն մեղադրեցին միլիոնավոր անմեղ մարդկանց մահվան ու աքսորի դատապարտելու մեջ, մի բանում, ինչի մեջ իր անուրանալի ավանդն ունի նաև Միկոյանը: Իսկ ինչո՞ւ եք մտածում, որ նա խնդրել է միայն հազարավոր հայերի աքսորել ու գնդակահարել: Իսկ լեհերի, ռուսների, այլ ազգերի ներկայացուցիչների չի՞ քշել աքսոր կամ սպանել տվել:



 





 



Արձանի տեղադրման կողմնակիցները մի կռվան ունեն միայն՝ Միկոյանը աշխարհը փրկել է երրորդ համաշխարհայինից: Իսկ ի՞նչ էր տեղի ունենալու, եթե երրորդ համաշխարհայինն սկսվեր: Ոչ ոք չունի այդ հարցի պատասխանը: Իսկ գուցե այդ աշխարհամարտում բոլորովին այլ աշխարհակարգ ստեղծվեր ու նաև մեր հարցը լուծվեր, ո՞վ գիտի:



 



Ոմանք էլ պնդում են՝ մեր պատմությունն է ի վերջո, ու պիտի այդ արձանը լինի: Վիկտոր Համբարձումյանն էլ է մեր պատմությունը, ինչո՞ւ էք սրճարանապատել: Ոչ ոք չբողոքեց չէ՞ Վիկտոր Համաբարձումյանի արձանը տեղադրելու դեմ:



 



Եթե Միկոյանի արձանի տեղադրումն, այնուհանդերձ անհրաժեշտություն է, և չտեղադրելու պարագայում հարյուր հազարավոր հայեր կարող են ինֆարկտ ստանալ, առաջարկում եմ այդ արձանը չպահել Երևանի քաղաքապետարանի նկուղում այլ տանել ու դնել նրա ծննդավայրում, շուրջն էլ մի սիրուն հուշահամալիր կառուցել, տուն-թանգարանը ներառելով այդ համալիրում: Հուսանք համագյուղացիները, գոնե, չեն բողոքի: Մյուս կողմից էլ՝ առանց Միկոյանի արձանի իրենց կյանքը չպատկերացնող ինտելիգենցիան առիթ կունենա Երևանից դուրս գալու և շուտ-շուտ այցելելու Կարիբյան ավազանի ճգնաժամց աշխարհը փրկած նախավերջին բոլշևիկին:



 



Էդիկ Անդրեասյան