Արդարադատության նախարարն այսօր այցելել է անչափահաս կալանավորներին

Արդարադատության նախարարն այսօր այցելել է անչափահաս կալանավորներին

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, այցելել է «Աբովյան» քրեակատարողականում պահվող անչափահաս դատապարտյալներին, մասնակցել չորս դատապարտյալների «Վերջին զանգի» միջոցառմանը, այս մասին տեղեկացնում է ԱՆ մամուլի ծառայությունը:




Հովհաննես Մանուկյանը զրուցել է անչափահաս դատապարտյալների հետ, լսել նրանց հուզող խնդիրներն ու ապագայի հետ կապված ծրագրերը: Շրջանավարտ դատապարտյալներին կոչ է արել շարունակել ուսումը և օգնության կարիք ունենալու դեպքում դիմել իրեն:




Նախարարի խոսքով՝ Հունիսի 1-ը ստիպում է բոլորիս ևս մեկ անգամ վերաիմաստավորել մեր երախաների նկատմամբ ունեցած վերաբերմունքը:




«Ես, որպես նոր ձևավորված Կառավարության անդամ, ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ մեր առաջնահերթություններից մեկը մեր երեխաների համար խաղաղ ու ապահով հայրենիք ստեղծելն է: Եթե մենք կարողանանք որոշ ժամանակ անց մեր սերունդներին փոխանցել շատ ավելի կայուն ու ապահով Հայաստան, դա կնշանակի՝ մենք մեր առաքելությունը որոշ չափով կատարել ենք»,- ասել է Հովհաննես Մանուկյանը՝ կոչ անելով բոլորին Հայաստանի նորագույն պատմությունը կերտել ավելի մեծ հավատով ու ոգով:




Նախարարի խոսքով՝ այսօր ավելի շատ պետք է մտածենք այն երեխաների մասին, ովքեր զրկված են ծնող ունենալու բերկրանքից, մայրական սիրուց ու քնքշանքից, որոնք ճակատագրի բերումով գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, որոնք ծանր սոցիալական վիճակում են:




«Մենք պետք է փորձենք մեր ունեցած ուժերի սահմանում մի փոքր ավելի պայծառ դարձնել այդ երեխաների կյանքը»,- ասել է նախարարը՝ բոլորին մաղթելով համբերություն և հավատ՝ ավելի լավ ապագա ունենալու նկատմամբ:




Հովհաննես Մանուկյանը մասնակցել է«Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ անչափահաս դատապարտյալների ձեռքով պատրաստված կավե հուշանվերի ու նկարների ցուցահանդես-վաճառքին:




Օրվա կապակցությամբ նախարարն անչափահաս դատապարտյալներին ու դատապարտված կանանց երեխաներին նվերներ է հանձնել նախարարության կողմից:




Անչափահաս դատապարտյալների համար անակնկալ էին պատրաստել նաև «Կիմ Երիցյան» հասարակական կազմակերպությունն ու «Մանչո Գրուպ» ՍՊԸ-ն, «Տոսպ» ԲԲԸ-ն ու «Հայ կոլա» ընկերությունը: