Դեսպան Ազնավուրն ու երգիչ Ազնավուրը նու՞յն մարդիկ են

Դեսպան Ազնավուրն ու երգիչ Ազնավուրը նու՞յն մարդիկ են

Ես ուզում եմ հասկանալ Շառլ մարդուն ու չեմ կարողանում: Եվ ուզում եմ իմանալ՝ դեսպան Ազնավուրն ու երգիչ Ազնավուրը նու՞յն մարդիկ են, թե իրար հետ ընդհանրապես կապ չունեն:



2011-ից շատ չի անցել, ավելի է խորացել այն վիճակը, ինչի մասին Նուվել դ‘Աղմենի – ում խոսում էր դեսպան Ազնավուրը: Արտագաղթ, սոցիալական ծայրահեղ լարվածություն, կոռուպցիոն համակարգ: Ուզում եմ մեջբերել Ազնավուրի հարցազրույցից մի փոքրիկ հատված, որն այդպես ոգեշնչել ու հույս էր ներշնչել իր բազմաչարչար ժողովրդին.



« Ոչինչ չենք անում այնտեղ ապրող մարդկանց օգնելու համար: Հակառակը: Ես մաֆիոզների մասին անտանելի պատմություններ գիտեմ: Նրանք խժռում են գյուղացիներին իրենց հողերի վրա: Մաֆիայի այդ անդամներին պետք է գնդակահարել։ Այդպես այլևս չի կարող շարունակվել։ Ցանկանում եք անդամակցե՞լ մաֆիային։ Գնացեք ձեր մաֆիան ուրիշ երկրներում հիմնեք։ Շատերը ձեզ կընդունեն: Բայց դա ձեր երկրում մի արեք, սեփական ժողովրդի դեմ մի արեք, Աստծո սիրուն»: Խոսքը Հայաստանի մասին է: Եվ ահա ուզում եմ ներկայացնել աշխարհահռչակ երգիչ Ազնավուրի շնորհավորական ուղերձը՝ ուղղված Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձին: Բանից պարզվում է, որ Հայաստանը մի երկիր է, որ ծաղկում ու բարգավաճում է. «Մեծարգո պարոն Նախագահ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ձեր պաշտոնավարման տարիների ընթացքում Հայաստանը շարունակում է արձանագրել նորանոր ձեռքբերումներ, ամրապնդվում է մեր Հայրենիքի դերը միջազգային ասպարեզում, հայ ժողովրդի համար կենսական հարցերը ներկայացվում և արժանի լուծում են ստանում: Ձեր նվիրված աշխատանքն անչափ կարևոր է մեր Հայրենիքի անվտանգության, կայուն զարգացման և հայ ժողովրդի բարօրության ապահովման համար: Մաղթում եմ Ձեզ, Ձեր հարազատներին առողջություն և նորանոր հաջողություններ»:



 



ՀԳ Հիմա մնացել եմ շիվար: Դեսպան Ազնավուրն ու երգիչ Ազնավուրը նու՞յն մարդիկ են: Ուրիշ Հայաստա՞ն էլ կա: Խոսքը ո՞ր Հայաստանի մասին է, որ այդպես ծաղկում ու բարգավաճում է, իսկ ժողովուրդն արտագաղթում է զարգացմանը համընթաց: Եթե Շառլը մեր իմացած Շառլն է, ինչու է այդքան տարբեր բաներ ասում…



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ