Ալիևին հարց չտալը ճիշտ էր և վերջ․ ԵԽԽՎ հայ պատվիրակներն ասուլիս տվեցին

Ալիևին հարց չտալը ճիշտ էր և վերջ․ ԵԽԽՎ հայ պատվիրակներն ասուլիս տվեցին

Այսօր Ազգային ժողովում վերջապես տեղի ունեցավ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ասուլիսը։ Պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ասաց, որ իրենք շատ արդյունավետ ու տքնաջան աշխատանք են կատարել այդ օրերին ԵԽԽՎ-ում, և նշեց, որ նստաշրջանն առաջին հերթին աչքի ընկավ նրանով, որ Ադրբեջանի նախագահության պայմաններում էր ընթանում։ Նա նաև նշեց, որ իր համար այս պատվիրակությունը ղեկավարելը չափազանց կարևոր էր, թեպետ ինքը բավականին երկարատև աշխատանքի փորձ ունի ԵԽԽՎ-ում։



 



«Պիտի ասեմ, որ ինչպես Ադրբեջանի նախագահության վեց ամիսը, այնպես էլ, կարծում եմ հետագա շրջանը, լինելու է ադրբեջանական ակտիվության ու մասսայական գրոհների շրջան, և այս պարագայում, բնականաբար, պատվիրակությունը համարում է, որ մեր աշխատաոճը պետք է լինի ակտիվ, աշխույժ  ԵԽԽՎ-ի բոլոր քաղաքական խմբերում ու հանձնաժողովներում»,-ասաց Հ․ Նաղդալյանը։



 



Վերջինիս կարծիքով՝ շատ կարևոր է, որ պատվիրակության կազմում ընդգրկված են ավելի շատ ոչ իշխանական թևի անդամներ և ավելացրեց, որ թեպետ առկա քաղաքական հայացքների տարբերությանը, այն խնդիրներում, որոնք վերաբերում են պետականության հարցերին, պատվիրակությունը, ինչպես միշտ, համախմբված է եղել»։



 



Ասուլիսին հիմնական հարցերը կրկին վերաբերում էին Ալիևին հարց չտալուն։



 



«Խնդիրը քննարկվել է պատվիրակության կողմից, և պիտի ասեմ, որ միահամուռ բոլորիս համաձայնությունն է եղել, որ հարցով հանդես գալը հնարավորություն կտար հակահայկական պրոպագանդայի, որին ձգտում է Ադրբեջանի ղեկավարը, որոշումը, որի շուրջ համաձայնության եկան պատվիրակության անդամները, այն է, որ տակտիկապես սխալ կլինի հակահայկական քարոզչության հնավարություն տալ։ Կարծում եմ՝ իմաստ կամ նպատակ չկար՝ Ալիևին հարց տալու»,-ասաց Նաղդալյանը: Նրա գործընկերներ Արփինե Հովհաննիսյանը և Նաիրա Կարապետյանը ևս ընդգծեցին, որ հարց չտալը ճիշտ էր, և հնարավորության դեպքում կրկին նույն պահվածքը կընտրեին։



 



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ