Չվաճառվող գոտին՝ Բայազետից. մի իրի պատմություն

Չվաճառվող գոտին՝ Բայազետից. մի իրի պատմություն

Իսկ ձեր տներում կա՞ն տատիկներից մնացած հին սնդուկներ կամ ճամպրուկ-«չեմոդաններ», որոնք քանդելիս շատ հետաքրքիր իրեր եք գտնում՝ թաշկինակներ, կտորներ, հին կոպեկներ կամ օժիտից մնացած զարդեղեն: Այդ իրերը «շնչել» են ձեր նախնիների օդը, «շփվել» նրանց ձեռքերի հետ, իսկ այսօր ապահովում են ձեր նոստալգիկ տրամադրությունը:



 



Եթե ոչ, ապա շտապեք Վերնիսաժ, այնտեղ կան մարդիկ, որ իրենց նախնիների իրերը դրած վաճառասեղանին՝ բարի ժպիտով պատմում են դանակի, գդալի կամ մազակալի պատմությունը:



 



Կաշվե մուգ շագանակագույն գոտու վրա հավաքված արծաթե զարդերն արտահայտիչ հնաոճությամբ են աչքի ընկնում: Վարվառա տատիկի գոտին է, ով ապրել է Արեւմտյան Հայաստանի Բայազետ քաղաքում: Իր հայրենի քաղաքից իր հետ բերած գոտին այսօր հասել է թոռանը, ով տեղեկացրեց, որ գոտին չի վաճառվում. «Այն գեղեցկության համար է այստեղ դրված, այս գոտին անգին է»: Կարմիր վաճառասեղանի վրա, հենց «անգին գոտու» հարեւանությամբ դրված են երկու շքանշաններ՝ պարգեւատրված «Մայրական փառքի» համար: Դարձյալ Վարվառա տատիկինն են։ «Տատս յոթ երեխա է ունեցել: Սա էլ տատիկիս մատնոցն է, սրանով պապիս համար շորեր է կարել»,-պատմում է վաճառասեղանից այն կողմ գտնվող տղամարդը: Ի դեպ, վերջինիս դիմագծերը բացահայտորեն արտահայտում են արեւմտահայերին հատուկ  խառնվածքային կերտվածքը: Երեւում է՝ Վարվառա տատիկի եւ իր ամուսնու գեներն ուժեղ են:



 



Գոտին պատկերացում է տալիս այն կրող կնոջ մասին, որը 7 երեխա է ունեցել եւ իր երիտասարդ տարիներին, որպես իսկական գեղեցկուհի-հայուհի, տարազով արծաթազարդ գոտի է կապել, որի վրա դրոշմված գեղեցիկ ծաղկազարդերն ապացուցում են, որ հայերը գեղարվեստական ճաշակից զուրկ չեն եղել:



 



Վարվառա տատիկն իր հետ բերել է նաեւ օժիտի արծաթե դանակները, պատառաքաղները, գդալները, նույնիսկ հատուկ աղանդերի համար նախատեսված երկկեռ պատառաքաղներ, որոնք օգտագործում էին բարձրաշխարհիկ ֆրանսիացիները: Այդ իրերն ապացուցում են նաեւ, որ Արեւմտյան Հայաստանում ապրած հայ ընտանիքները գնահատել են էսթետիկ արժեքները:



 



Վերնիսաժում կարելի է գտնել շատ հետաքրքրական իրեր: Ասում են՝ իրերը հիշողություն ունեն… Վերնիսաժում գտնվող տարատեսակ իրերը, հնությունները, կենցաղային առարկաներն անգամ ստիպում են ընկնել հիշողությունների գիրկը: Այն հիշողությունների, որոնք թեեւ մերը չեն, սակայն մեր արյան ու գենետիկայի միջոցով մեզ են փոխանցվել եւ նոստալգիկ զգացողությունների տեղիք են տալիս:



 



Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ