ԱԱԾ-ն և կուսանոցի անլուր փորացավերը

ԱԱԾ-ն և կուսանոցի անլուր փորացավերը

Ի՞նչ կարելի է մտածել ՙԺառանգության՚` իր վարչության երիտասարդ անդամին ԱԱԾ-ի կողմից հավաքագրելու փորձի մասին հայտարարությունն ընթերցելով: Տարբեր մարդիկ տարբեր տպավորություններ են ստացել, իսկ ես անձամբ այն տպավորությունն ստացա, ասես կանանց մենաստանում հուժկու տղամարդ է հայտնվել` ՙսեքս մեքենա՚, և կույսերը, բազե տեսած ճնճղուկի պես դեսուդեն են ընկել` փրկեք մեզ կուսազրկումից: Օգնության կանչեք Անի Զաքարյանին, եթե այդքան դժվար է այդ արարողությանը հոգեբանորեն նախապատրաստվելը: Վստահ ենք, հարգելի ժառանգականներ, նա ձեզ այդ հարցում կօգնի:



 



Քանի՞ մարդ կա այսօր ՙԺառանգությունում՚, որ համագործակցում է ԱԱԾ-ի հետ: Անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը կամ այդ կուսակցության մեկ այլ հնաբնակ կարո՞ղ է այս հարցին պատասխանել: Եվ շատ զարմանալի կլիներ, որ կարողանային: Հետևաբար` ո՞րն է պատճառը, որ Հրայր Մանուկյանի հետ կապված այսպիսի աղմուկ են բարձրացրել, դատապարտում են, համարյա` ինքնահրկիզվում:



 



Ով բուհ է ավարտել խորհրդային տարիներին (մեկն էլ` ես) կհաստատի, որ կուրսում ամենաքիչը մի 2-3 հոգու հավաքագրել են ուսանողության տարիներին: Ընդ որում այդ մասին ոչ ԿԳԲ-ն է հայտարարություն արել, ոչ էլ հավաքագրվողը: Մենք դա հստակ նկատում էինք հավաքագրվածների վարքի փոփոխությունից: Նրանք դառնում էին առավել լռակյաց, նախընտրում էին ավելի շատ լսել, նրանց բացակայությունները դեկանատների ու դասախոսների աչքից ՙվրիպում՚ էին, գնահատականները միշտ բարձր էին այնքան, որ կրթաթոշակը ապահովվեր և այլն: Նրանցից ոմանք երևանյան բուհերի 2-3-րդ կուրսերից գնում էին Մոսկվայում և Լենինգրադում սովորելու, ինչը երազանք էր անհույսներիս` չհավաքագրվածներիս համար:



 



Համալսարանական տարիներին, սակայն, մեզնից ոչ ոք այդպես էլ չիմացավ, թե ով կամ ովքեր են համալսարանում զբաղվում հավաքագրման հարցով և կամ համալսարանո՞ւմ էին, արդյաք աշխատում այդ ՙհատուկ՚ մարդիկ, թե ՙպատահական՚ ծանոթության շնորհիվ էին կարողանում իրենց ցանցը գցել մեր դասընկերներին: Կարելի է, ուրեմն, խոսել այն մասին, որ անվտանգության մարմինները նույնիսկ ԽՍՀՄ տարիներին էին գործում ամենանուրբ, համարյա աննկատ մեթոդներով:



 



Իսկ այս դեպքում, լսելով աղմուկ հանած ձայնագրությունը, տեսնում ես, որ ԱԱԾ աշխատակից ներկայացած անձը բացահայտ գրոհում է մարդու, այն էլ կրթված, բանիմաց լրագրողի, որոշակի քաղաքական հայացքներ ունեցող քաղաքացու վրա` սպառնալով ամենաքստմնելի բաներով` կտուժես դու, կտուժեն հարազատներդ և այլն և այլն: Կարող է նույնիսկ հարց առաջանալ` ԱԱԾ-ին վախեցնելով ու սարսափեցնելով հավաքագրված մարդ պե՞տք է, արդյոք: Չէ՞ որ վախեցողը կարող է մեկ ուրիշ տեղում էլ վախենալ և վախից տեղեկատվություն փոխանցել արդեն ԱԱԾ-ի մասին: Ուզում ենք հասկանալ` այդ  ինչի՞ էր ձգտում ԱԱԾ-ն Հրայր Մանուկյանին շանտաժի ենթարկելիս:



 



Իսկ եթե Հրայր Մանուկյանն է փորձում իր մուտքը քաղաքականություն այսպես շռնդալից դարձնե՞լ: Ինչո՞ւ այս մասին ոչ ոք չի մտածում: Հենց իրենք` ժառանգականներն, այս ուղղությամբ մտածե՞լ են: Բացառված չէ նաև, որ հենց ՙԺառանգությանն՚ է ձեռնտու այս աղմուկը: Այդ կուսակցությանն, առհասարակ, աղմկարարությունը հատուկ է, և մեկ անգամ չէ, որ նրա առանձին ներկայացուցիչներ մեկ էլ ծլում են ոստիկանության հետ քաշքշուկների կիզակետում, կրծքի երեխայի հետ նետվում մարտադաշտ, պառկում գետնին պառկած օտար տղամարդու վրա և այլն:



 



Շատերն են մտածում, որ ԱԱԾ-ն կարձագանքի տեղի ունեցածին և, ով գիտի, գուցե նաև ներողություն խնդրի, որ անհանգստացրել է ՙԺառանգության՚ վարչության նորընծա անդամին: Միամտություն է: ԱԱԾ-ն, եթե անգամ նման գործակալ ունի, սուսուփուս կհրաժարվի նրանից, բայց երբեք չի խոստովանի, որ այդքան անճար է: Եթե խոստովանի, ապա խոստովանած կլինի նաև, որ ինքը մի անօգնական կառույց է, որին երբեք չի կարելի վստահել երկրի նախագահի հատուկ հանձնարարությունները և երկրի ու ազգի անվտանգությունն առհասարակ:



 



Իսկ ինչ մնում է իմ գործընկեր Հրայր Մանուկյանին, ապա ասեմ, որ նա  իր շուրջը որոշակի քաղաքական աուրա ապահովելու բավականին տարօրինակ եղանակ է ընտրել: Սա` անձնական առումով: Իսկ եթե  ՙՋեյմս Բոնդ՚-ը հիշեցնող այս ամբողջ պատմությունը (ձայնագրել ԱԱԾ աշխատակցին ու հրապարակել) նրա առաջին կուսակցական հանձնարարությունն է, ապա Հրայր Մանուկյանը, վստահ ենք, շատ շուտով կհասկանա, որ ի տարբերություն քաղաքականության, լրագրությունը լուրջ մասնագիտություն է, և կարիք չկա այն աճուրդի հանել ինչ-ինչ ճղճիմ նպատակներով:



 



Էդիկ Անդրեասյան