ՕԵԿ հանրահավաքին ընդառաջ

ՕԵԿ հանրահավաքին ընդառաջ

«Օրինաց երկիր» կուսակցության համանուն ԱԺ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, անդրադառնալով իրենց առաջիկա հանրահավաքին, ի պատասխան Tert.am-ի հարցի՝ պատրա՞ստ են հետապնդումների, ասել է, որ «Օրինաց երկիրը» բազմաթիվ անգամ է հանրահավաքներ արել, որևէ մեկից կաշկանդված չէ, ուժային մեթոդներից չի վախեցել ու չի վախենում:



 



«Առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ կասեմ՝ մենք մեր վախը վաղուց բռնել և դատապարտել ենք ցմահ ազատազրկման»,- ասել է ՕԵԿ նվիրյալը, ակնհայտորեն սխսլ մեկնաբանելով վախ բռնելու, վախ չափելու հանրահայտ գործողությունը: Հարգելի Հովհաննես Մարգարյանին ասեմ, որ սեփական վախը չեն բռնում, այլ բռնել են տալիս: Բայց սա արդեն այնքան էլ էական չէ:



 



Ասենք, որ տարբեր քաղաքական գործիչներ ու մեկնաբաններ տարբեր կերպ են մոտենում ՕԵԿ առաջիկա հանրահավաքին ու հավանական քայլերին: ՕԵԿ-ը տակավին առեղծված է թե ստաժավոր քաղաքական գործիչների, թե քաղաքական դաշտը լուսաբանող լրատվամիջոցների համար: Իհարկե, գերակշռում են այն գործիչները և լրատվամիջոցները, որոնք հանգիստ, առանց ավելորդ հուզմունքի են սպասում հուլիսի 18-ին տեղի ունենալիք ՕԵԿ հանրահավաքին, բայց կան նաև տեսակետներ, որ ՕԵԿ հանրահավաքին, եթե իշխանությունները մարդ չբերեն, 100 հոգի էլ չի հավաքվի: Դե իսկ Տիգրան Կարապետյանի համար ամեն ինչ պարզից էլ պարզ է՝ ՕԵԿ-ը ընդդիմադիր դաշտում ռուսական պրոյեկտ է, որի նպատակը իշխանության դեմ պայքար բեմադրելն է:



 



Սպասելով հուկիսի 18-ին՝ մենք կարձանագրենք միայն, որ լրատվամիջոցները արդեն տվել են ՕԵԿ-ի՝ որպես քաղաքական կուսակցության իրենց բնորոշումը՝ «նախկին կոալիցիոն»: Ինչպես ասում են՝ շատ լինի, քիչ չլինի: Քաղաքական դաշտում արդեն ամեն ինչից մի քիչ-մի քիչ կա՝ իշխանություն, ոչ իշանական ուժեր, ոչ ընդդիմադիր ուժեր, այլընտրանք, հիմա էլ՝ նախկին կոալիցիոն:



 



Բոլորս դեպի նախկին կոալիցիոն ՕԵԿ-ի հանրահավաք… Կարծես՝ վատ չի հնչում:



 



Էդիկ Անդրեասյան