Նման գրառումը ոչ միայն Կարենի, այլ հանրության համար է առավել մեծ փորձություն

Նման գրառումը ոչ միայն  Կարենի, այլ հանրության համար է առավել մեծ փորձություն

 Գևորգ Ալեքսանյանի գրառումը, որ «Կարեն Մկրտչյանը խաբել է բոլորին» առավել քան  վտանգավոր է ոչ թե Կարեն Մկրտչյանի, այլ հանրության համար:  Բազմաշերտ է հանրությունն ու բազմասիրտ և բոլորը մի մարդու նման, բայց բազում սրտերով, օգնել են Կարենին՝ բուժվելու նպատակով: Ու երբ Կարենն արդեն բուժված ներկայացել է Հայաստան, յուրաքանչու սիրտ առանձին թրթռացել է՝ ես էլ մաս ունեմ այդ փրկության ծրագրին ու ինքն իրեն կարևոր է համարել, մե՜ծ… Գևորգի գրառումը «Կարեն Մկրտչյանը շառլատան է, որը խաբեությամբ կերել է իրեն հանգանակած 80,000 եվրոն» Կարենին ցավացնելուց առաջ նպատակ ունի ցավացնել, կոտրել հանրության հավատի շիվը, գարնան նորելուկ բողբոջները, որ բարություն անունն ունեն, կարկտահարել ու մեծ ռետինով ջնջել: Ես չեմ ուզում ծախսափաստային վիճակագրությամբ զբաղվենք, զրուցել Կարենի, նրա ընտանիքի հետ, գրառողի ներկայացրած փաստերը քրքրել: Չեմ ուզում, որովհետև մենք ավելի մեծ բան ենք կորցնում, քան 80000 եվրոն է, մենք կորցնում ենք այնպիսի արժեք, որը հնարավոր չէ վերականգնել:  80 հազար եվրոն մի չնչին թիվ է դրա կողքին, մի փոքրիկ փետուր: Գրառողը՝ Գևորգը, չգիտե՞ր այդ մասին, թե՞ նրան թվում էր, որ դրանով ջարդում, կոտրատում է  միայն Կարենի թևերը:



Մի բան պիտի պատմեմ:  Շատ տարիներ առաջ եմ կարդացել ու չեմ կարող բառացի վերարտադրել: Եթե չեմ խառնում, խոսքը Մակեդոնացու մասին էր: Երբ նրան հայտնում են, որ իր ամենամտերիմ մարդը պատրաստվում է թունավորել իրեն, նա լուրը բերողին անմիջապես գլխատում է, ասելով. «Բայց չէ որ այդ թույնը արագ է ներգործում, իսկ քո թույնը ողջ կյանքումս է քայքայելու մարմինս: Ավելի լավ է՝ ընդունեմ այդ թույնը, հավատալով նրան, քան ողջ կյանքում կասկածելով ապրեմ»: Ես սա վերարտադրում եմ հիշողությամբ ու չեմ մոռանում, որովհետև մտքի խորաթափանցությունը գերել էր ինձ: Նման խորաթափանցությամբ նայենք իրերին, երևույթներին: Մեծ լինենք ու ավելորդ կասկածով չմաշացնենք հանրության մարմինը: Իսկ Կարենին, ով բազում փորձությունների է ենթարկվել, ևս մի փորձության չենթարկենք: Նման գրառումը ոչ միայն  Կարենի, այլ հանրության համար է առավել մեծ փորձություն: Գևորգը իր զենքը ուղղել է ոչ թե Կարենի, այլ հանրության դեմ:



 



ՀԱՍՄԻԿ   ԲԱԲԱՋԱՆՅԱՆ