Իսկ ի՞նչ էին մտածում, երբ գնում էին Քի Ուեսթ

Իսկ ի՞նչ էին մտածում, երբ գնում էին Քի Ուեսթ

Մեկնաբանն արդարացիորեն պնդում է, որ «այն տարածքները, որ Վաշինգտոնը համարում է միանշանակ Ադրբեջանին հանձնելու ենթակա, պատկանում են ոչ թե Հայաստանին, այլ Լեռնային Ղարաբաղին: Եվ, հետեւաբար, դրանց հանձնել-չհանձնելու հարցը պետք է որոշեն ոչ թե Երեւանի, այլ Ստեփանակերտի հետ, ինչը հնարավոր չէ ներկայիս բանակցային ֆորմատի պարագայում, որտեղ Լեռնային Ղարաբաղն ընդհանրապես չկա կամ կա ընդամենը որպես բանակցությունների օբյեկտ» (http://www.yerkir.am/am/news/70296.htm)։



 



Իսկ ի՞նչ էր մտածում Հայաստանի «կոմպլեմենտար» արտաքին քաղաքականությունը եւ նրա անբաժանելի մաս «համազգային» լոբբինգը, երբ 1999-2001թթ.-ին Հեյդար Ալիեւի «մեծահոգության շնորհիվ» բանակցվում էր 7 շրջանները վերադարձնելու դիմաց նախկին ԼՂԻՄ-ի տարածքը Լաչինի «կածանով» ՀՀ-ին միացնելու  Մեղրիում Ադրբեջան-Նախիջեւան «անխափան միջանցք» ստեղծելու տարբերակը, իսկ Ստեփանակերտում էլ լուրջ-լուրջ մտմտում էին` Արցախը որպես մե՞կ մարզ է մնալու, թե՞ արժե Կարկառ գետի «սահմանագծով» բաժանել երկուսի:



 



Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղը բանակցությունների ֆորմատում կա՞ր, նրա ժողովրդի կարծիքը որեւէ մեկը հարցրե՞լ էր, երբ ճամպրուկները կապում` մեկնում էին ամերիկյան Քի Ուեսթ եւ հաստատ համոզված էին, որ Ալիեւին «ծնկի են բերել», եւ նա անպայման կստորագրի Արցախը Հայաստանին միավորող «պատմական փաստաթուղթը»:



 



 Միջնորդներին չես զարմացնի դեսպան Հեֆերնի կողմից «Ադրբեջանին հանձնման ենթակա համարվող տարածքները պատկանում են ոչ թե Հայաստանին, այլ Լեռնային Ղարաբաղին»` ներքին լսարանին ականջահաճո ձեւակերպումներով: Քանի որ «փարիզյան սկզբունքները» եւ Քի Ուեսթի «համաձայնությունը» բանակցվել են այն «կոնսենսուսով», որ ծագումով ԼՂ-ից ՀՀ նախագահն «իրենով փոխարինում է ԼՂՀ իշխանություններին», եւ պաշտոնական Ստեփանակերտն էլ, տոգորված լինելով ««Միացումն» իրականություն դարձնելու իրական  հեռանկարով», չի առարկել:



 



«Թակարդը» լարվել է Հեյդար Ալիեւի կողմից: Նա է բանավոր համաձայնություն տվել, որ «88-ի գաղափարն իրականություն դառնա»: Որովհետեւ իրեն պետք էր մի բան` Հայաստանից կորզել ԼՂ «շուրջ տարածքները հանձնել-չհանձնելու» պատասխանատվությունը: Մնացածը «տեխնիկայի հարց» է, եւ Ջոն Հեֆերն այստեղ մեղավոր չէ:



 



…2003թ.-ին, «ընտրվելով» Ադրբեջանի նախագահ, Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ «ոչ մի պայմանավորվածության տեղյակ չէ, ամեն ինչ պետք է սկսել մաքուր էջից»: Եվ Հայաստանի «կոմպլեմենտար» արտաքին քաղաքականությունը տեղի տվեց: Որպեսզի Հայաստանը զրկված լինի 2008-ի նախագահական ընտրություններից հետո «քարտ բլանշ» պահանջելու հնարավորությունից, միջնորդները 2007-ի տարեվերջին պաշտոնապես կողմերին ներկայացրին «մադրիդյան սկզբունքները» եւ մասնակիորեն գաղտնազերծեցին «կարգավորման հայեցակարգը»: Ուորլիքն ու Հեֆերնը կրկնում են այն, ինչ բանակցվել է 2003-07 թվականներին: Այստեղ «նշաձող իջեցնելու կամ բարձրացնելու» խնդիր չկա:



 



Իսկ թե իրականում ով, ինչպես եւ ինչու է պահպանել ստատուս-քվոն ու դեռ պահպանում է` բոլորովին այլ թեմա է, այլ մակարդակի եւ «ֆորմատների»:



 



 



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ



Ստեփանակերտ