Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանած թուրք ռեժիսորին Համբուրգի փառատոնում մրցանակ է շնորհվել

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանած թուրք ռեժիսորին Համբուրգի փառատոնում մրցանակ է շնորհվել

Ծագումով թուրք, գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինը, ում` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հատում» ֆիլմը ներկայացվելու է Վենետիկի կինոփառատոնին, Համբուրգի կինոփառատոնի շրջանակներում մրցանակի է արժանացել, տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը:

Փառատոնի տնօրեն Ալբերտ Վիդերշպիլը նշել է, որ Աքինը օրինակ է թե՛ Թուրքիայում, թե՛ Գերմանիայում բնակվող ռեժիսորների մի սերնդի համար: Նա հիշեցրել է, որ համբուրգցի ռեժիսորի ֆիլմերի մեծ մասը հենց Համբուրգ քաղաքում են նկարահանվում` նպաստելով, որ Համբուրգը`  իր ֆիլմերով, տեղ գտնի համաշխարհային քարտեզի վրա:

«Դուգլաս Սիրք» մրցանակը, որը հանձնվելու է Աքինին, կրում է Համբուրգում ծնված ռեժիսոր Դուգլաս Սիրքի անունը: Այն շնորհվում է մշակույթի և ֆիլմարտադրության ոլորտում մեծ հաջողությունների հասած անձանց: