Հայ փոքրիկները գիրք չե՞ն կարդում

Հայ փոքրիկները գիրք չե՞ն կարդում

Իսկ դուք գրախանութներում, կամ անցումների տակ հանդիպե՞լ եք էժանագին տեսքով, փայլփլուն և աչք ծակող գույներով մանկական գրքերի։ Ես դրանք տեսնում եմ ամեն օր։ Մուլտհերոսների տխմար պատմություններ են, դրան էլ գումարած մեկ-մեկ կարելի է հանդիպել տառասխալների, և այդ գունավոր ու էժան գրքերը դաստիարակում են մեր երեխաներին։ Հավատացեք, երբ ձեր երեխայի ձեռքը բռնած գրախանութով շրջում եք, նրանց ուշադրությունը գրավում են հենց այդ գրքերը։ Սակայն Հայաստանում էլ են հրատարակվում մանկական գրքեր, որոնք արտասահմանյան սցենարների թարգմանություններ չեն։



«Շատ հաճելի է, որ այսօրվա մանկական գրքերը նկարազարդ են։ Լավ կլիներ, որ նկարազարդումն ու ասելիքը համապատասխանեին իրար։ Միշտ էլ ասելիքն է կարևորը»․ նշում է մանկագիր Երվանդ Պետրոսյանը։ Վերջինս չի մոռանում ասել, որ մանկագիրներն այսօր «տարիքն առած» մարդիկ են․ «Ընդհանուր առմամբ պետք է ասել, կարիք կա երիտասարդների, որոնք նոր շունչ կհաղորդեն։ Իմ գործը և բոլորի գործը համեմատում եմ փոխանցումավազքի հետ։ Սերնդափոխություն այսպես թե այնպես հարկավոր է»։



Գրող և դերասանուհի Նաիրա Եդիգարյանը լրագրողների հետ հանդիպմանը եկել էր իր նոր լույս տեսած գրքով․՝«Իմ տատիկ Թամթիմարիան»։ Երիտասարդ գրողը համաձայն չէ այն մտքի հետ, որ հայ փոքրիկները գիրք չեն կարդում․ «Մեր երեխաները ակտիվ քննարկումներ են տարածում մանկական ստեղծագործությունների շուրջ։ Իմ գիրքը մի տղայի մասին է, նրա երևակայության մասին է, որի կյանքում մեծ նշանակություն ունի իր տատիկը։ Նա սովորական տատիկ չէ, օգնում է թոռնիկին հաղթահարել դպրոցում առաջացած խնդիրները։ Շատ կարևոր են գրքի նկարները, քանի որ երեխաներին առաջինը գրավում են հենց նկարազարդումները»․ Նաիրա Եդիգարյանն ընդգծեց նաև, որ գիրք հրատարակելը շատ ծախսատար է։



Ս․Հ․