Երկուստեք պատերազմի ուրվականով վախեցնելու խնդիրը կա

Երկուստեք պատերազմի ուրվականով վախեցնելու խնդիրը կա

- Պարոն Վարդումյան, վերջին օրերին սահմանին տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիոն գործողությունների հետեւանքով հայկական կողմը 5 զոհ տվեց, իրավիճակը մնում է լարված, գնդակոծություններն էլ շարունակվում են։ Որպես ազատամարտիկ, ինչպե՞ս կբնութագրեք ստեղծված իրավիճակը, ինչքանո՞վ է մեծ պատերազմի վերսկսման հավանականությունը։




- Նախեւառաջ խուճապի մատնվելու կարիք չկա, որովհետեւ պատերազմը դեռ ավարտված չէ, եւ իրականում մենք պատերազմի մեջ ենք, սահմանում միշտ կրակում են, լռություն չի, չնայած վերջին շրջանում խիստ ինտենսիվացել է՝ քաղաքական նկատառումներից ելնելով, իրենք իրենց հարցերն են ուզում իրենց երկրում լուծել, մեր կառավարությունը՝ իր հարցերը, շատ խառը իրավիճակ է, եւ չես կարող միակողմանի ինչ-որ բան ասել։




- Սեյրան Օհանյանն այսօր ասել էր, որ իրավիճակն առաջին գծում լարված է, եւ կարող են էլի սադրանքներ լինել, ինչը կարող է վերածվել պատերազմի։ Սադրանքներից կարո՞ղ է պատերազմ սկսվել, թե՞ դրա համար ավելի մեծամասշտաբ նախապատրաստություն է պետք։



- Իրավիճակն իրոք լարված է, բայց պատերազմի հավանականությունը համարյա թե զրո է, դա իմ կարծիքն է, եւ չեմ կարծում, որ դրանից պատերազմ սկսվի, ուղղակի իրար վրա ճնշումներ գործադրելու, ներքին հարցեր լուծելու խնդիրներ կան։ Պատերազմն այդքան հեշտ չի սկսվի, որովհետեւ պատերազմ սկսվելու կամ չսկսվելու դեպքում միայն մեր կամ Ադրբեջանի շահերը չեն, այնտեղ բազմաթիվ մեծ տերությունների շահեր կան, Ադրբեջանի գազը, նավթը, փողը գնում-հասնում են եվրոպական երկրներ, եւ ոչ ոք չի ուզենա, որ պատերազմ սկսվի, որովհետեւ պատերազմի սկսման դեպքում առաջին հարվածը կհասնի գազամուղներին եւ նավթամուղներին, իսկ մեծ տերություններին դա ձեռնտու չի։ Իսկ, օրինակ, Ռուսաստանի շահերն էլ պահանջում են, որ լարվածությունը գնալով թեժանա, ինչը ճնշում կգործադրի թե Բաքվի, թե Երեւանի վրա, մի ձեռքով 2 նապաստակ կխփեն, կամ մեկ այլ տարբերակով, եթե այստեղ լարվածություն առաջանա, Ուկրաինայի հարցը մի քիչ 2-րդ պլան կմղվի։




- Նման լարված դեպքերում մեծ երկրների, միջազգային հանրության դատապարտել-չդատապարտելն ի՞նչ ազդեցություն եւ նշանակություն է ունենում կոնֆլիկտի կարգավորման գործում։




- Նախ, բոլոր հայտարարությունները փուչիկ են՝ թե Եվրամիության, թե Ռուսաստանի, թե Ամերիկայի, ամեն մեկն իր շահերն է հետապնդում։ Նույնիսկ եթե ուշադիր լինենք, երբ հայտարարություններ են անում, սահմանային միջադեպերի հետ կապված, երբեք չենք լսել, որ ասեն՝ Հայաստանն է մեղավոր կամ Ադրբեջանը։ Իրենք, շատ լավ իմանալով, որ Ադրբեջանի դիվերսիոն խումբը մտել է Հայաստանի սահմանից ներս, կամ ամեն օր Չինար կրակում են, բայց, միեւնույն է, երբ խոսում են այդ թեմայով, միշտ հավասարության նշան են դնում։ Հետո, Ադրբեջանն էլ չի ուզենա պատերազմի մեջ մտնել, որովհետեւ ինքն էլ պարտադրող չի, եթե պարտադրող լիներ, թքած կունենար ուրիշների կարծիքների վրա, կմտներ եւ իր հարցերը կլուծեր։ Ինքն Արցախյան ազատամարտի ժամանակ 10 անգամ շատ ունենալով զինամթերք եւ կենդանի ուժ, պարտություններ կրեց շատ կետերում։




- Կարծիքներ կան, քանի որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, եւ վերջինս էլ այնքան զենք է կուտակել, որ ցանկացած դեպքում կուզենա պատերազմ վերսկսել, Դուք ինչքանո՞վ եք համամիտ նման կարծիքներին։




- Ես երբեք չեմ կիսում այն մոտեցումը, որ եթե զենք է կուտակել, ուրեմն անպայման պետք է պատերազմ լինի, կուտակում են վախեցնելու, իրենց ներքին հարցերը լուծելու համար, եւ, ընդհանրապես, պետությունը պետք է զենք կուտակի, մենք էլ ենք կուտակում, մենք ունենք հրթիռներ, իրենք ունեն հակահրթիռային, համարյա թե բալանսը հավասար է։ Հետո, Ադրբեջանն 1-ին պատերազմի ժամանակ ուներ լավ զինատեսակներ, բայց չուներ լավ մասնագետներ, օրինակ՝ պատերազմի ժամանակ իրենք ունեին մի ռազմական օդաչու, ով առաջին օրերին զոհվեց, ու հերոսի կոչում տվեցին, դրանից հետո իրենց տանկերը, ինքնաթիռները, ողջ զրահատեխնիկան աշխատացնողները ռուսներ ու ուկրաինացիներ էին։ Իրենք չունեն հայերի մտավոր ուժը, իսկ այդ ամենն իրենք հաշվի առնում են, դրան էլ գումարած, որ արտաքին ուժերը, մեծ տերությունները չեն ուզի, որ այստեղ պատերազմ լինի։ Բացի դրանից, ինչպես մեզ մոտ, այնպես էլ Ադրբեջանում իրավիճակը ժողովրդի եւ իշխանությունների միջեւ լարված է, որովհետեւ այնտեղ էլ ամեն ինչ յուրացնում են մի 20 հոգի, իսկ ժողովուրդը քաղցած վիճակում է, իրենց մոտ դա ավելի վատ է, որովհետեւ գիտեն՝ նավթը, գազը, փողը կա, բայց իրենք էլի քաղցած են, իսկ եթե պատերազմ սկսվի, տնտեսական վիճակն ավելի կվատանա, եւ ժողովուրդը կարող է ըմբոստանալ, որովհետեւ դժգոհությունները հասնում են գագաթնակետին։ Դրա համար ոչ մերոնք կուզենան պատերազմ, ոչ նրանք։ Ուղղակի երկուստեք պատերազմի ուրվականով վախեցնելու խնդիրը կա։



 



- Ինչքանո՞վ է նորմալ բանակ ունեցող երկրի համար, երբ ջոկատներ են կազմվում եւ կամավորներ մեկնում սահման, առավել եւս, երբ 92 թվականը չէ։




- Մենք ունենք բանակ, բայց, դժբախտաբար, մեր թվաքանակը չի ապահովում մեր բանակի բնական, նորմալ չափը։ Այդքան երիտասարդ կադրեր չունենք, որ գնան, սահմանը պահեն, կապված արտագաղթի եւ տարբեր բաների հետ։ Բացի դրանից, այդ հին տղերքը որ գնում են, այսօր կռվի փորձ ունեն, վախը հաղթահարած մարդիկ են, 94թ.-ին էլ, չնայած բանակն ուժեղ էր, բայց էլի չէր բավականացնում, եռամսյակը մեկ հավաքագրում էին եւ ուղարկում վաշտեր, էլի մենք մեր տղերքով գնում էինք իրենց հետ իրենց ոգին տեղը պահելու եւ շատ բաներ ցույց տալու համար, ամենակերեւորը ոգին է։ Այսօր էլ այդ տղերքը որ գնում են, ոգի են երիտասարդների համար, դա պետք է։




- Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պիտի անեն ՊՆ-ն, ԱԳՆ-ն, նախագահը, որպեսզի հնարավորինս կանխվեն այդ դիվերսիաները, զոհերը, Դուք տեսնո՞ւմ եք այս հարցի խաղաղ լուծման ճանապարհը։




- Խաղաղ լուծում դրան չկա, էնպես չի, որ գնաս-նստես, այդ հարցը հանգիստ լուծես։ Նրանք էլ շատ լավ գիտեն, որ այս հարցը չի լուծվելու, մենք էլ գիտենք, որ իրենց ոչ մի հող չի տրվելու, ու դրա համար էլ իրենք իրենց քայլերն են անում, ուզում են անընդհատ լարված պահեն, դիվիդենտներ շահեն։ Մենակ մի ձեւ կա պայքարելու՝ ավելի կոշտ պատասխան պետք է տալ։ Մերոնք այս վերջին շրջանում արդեն այդ ձեւերն օգտագործում են, 1 զոհի դիմաց մերոնք պատասխանում են 4-5-ով։ Միակ ձեւը դա է՝ վախացնես, համոզելով հարց չի լուծվում։




- Այսինքն՝ կոշտ պատասխանը միայն զենքի ճանապարհով պետք է լինի եւ ոչ, ասենք, նախագահների մակարդակով։



- Նախագահները գնում մի տեղ հանդիպում են, խոսում են, եւ հանդիպման պահին սահմանում մի տեղ կրակում են։ Դա էլ ի՞նչ նշանակություն ունի, այդպես հարց չի լուծվում, հարց լուծողն ուժն է։




- Իսկ մենք այսօր ունե՞նք այդ ուժը, որ կարողանանք հարց լուծել։




- Թվաքանակով չունենք, բայց քանակը դեռ որակ չի, ես հիշում եմ՝ ջրամբարի գրավման կռիվների ժամանակ նրանք ոչխարի նման փախչում էին եւ օգտագործում էին անգամ հայրենական պատերազմի մեթոդները, երբ զինվորներն առաջ էին, իսկ հետեւից հրետանին էր, որպեսզի չթողնեն զինվորները փախչեն, այդ մեթոդը նույնիսկ այդտեղ կիրառել էին, մենք եկանք ու տեսանք, որ իրենք իրենց զինվորներին խփել ու փախել են, այնքան էին վախեցած։ Մերոնք հենց սկսում էին մի քիչ հրետակոծել, խրամատից ելնում-փախնում էին։ Այդ առումով թվաքանակը հարց չի լուծում, մենք միշտ էլ 10 անգամ քիչ ենք եղել եւ թվաքանակով, եւ զենքով, բայց հաղթել ենք։ Բայց դա մեր ժամանակ էր, հիմա քիչ եմ զինվորների հետ շփվում, չգիտեմ ինչպես է նրանց մտածողությունը՝ մերին նմա՞ն, ոգին մեր նման բա՞րձր է, բայց էքստրեմալ վիճակներում հայը նորից կգա դրան։




Սոնա ԱԴԱՄՅԱՆ
sona.adamyan@hraparak.am



Լուսանկարը՝ Գրական թերթի