Հանգստանում ենք բոլորս

Հանգստանում ենք բոլորս

Երեկ մեռելոց էր՝ ոչ աշխատանքային օր: Տիգրան Սարգսյանի՝ մեզ թողած ժառանգություններից, թերեւս, ամենաշոշափելին: Եկեղեցու սահմանած մեծ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները՝ թվով հինգը, ժամանակին հայտարարվեցին ոչ աշխատանքային օրեր: Դրանով հնգօրյա աշխատանքային շաբաթը խախտեցին, բայց Հայ առաքելական եկեղեցուն հաճո քայլ արեցին: Դե, ծեսեր անել կա, մոմի ու ծաղկի բիզնես կա: Իսկ աշխատանքային օրերը...իբր այն չորս օրը շատ են աշխատում, թող այս մեկն էլ եկեղեցուն ղուրբան լինի: Քաղաքն այս օրերին դատարկվում է՝ դառնում իսկապես մեռելային: Կյանքը մեռնում է, երթեւեկությունը՝ դադարում:



 



Թվում էր՝ մեր բոլոր խնդիրները քիչ աշխատելուց է եւ միայն շատ ու եռանդուն աշխատանքը կարող է շտկել բնական ռեսուրսների ու ճանապարհների բացակայության, ներքին ու արտաքին քաղաքական խնդիրների առկայության պատճառով ստեղծված իրավիճակը: Բայց մենք աշխատել սիրում ենք ուրիշի հողում, օտար պետություններում: Մեր հողում, մեր պետության ներսում ծույլ ենք ու պահանջատեր:



 



Այնպես որ, կառավարության սահմանած մեռելոցները, իմա՝ ոչ աշխատանքային օրերը, հենց մեզ համար են: Աշխատանքից խուսափող, մշտապես հանգիստ ու արձակուրդ երազող, գլուխ պահող հայերիս: Եվ սա համատարած է: Ահա՝ երկրիս նախագահը, որ Սոչիի հանդիպումից անմիջապես հետո, երբ երկրում դեռ լարված իրավիճակ էր, մեկնում է վաստակած հանգստի: Ահա՝ երկրիս վարչապետն ու նախարարները, որ այս օրերին երեւում են մեկ Ծաղկաձորում, մեկ Գյումրիում՝ իբր աշխատանքային բուռն առօրյա է, իրականում՝ մարզային «ռելաքսներ»: Էլ չենք խոսում պատգամավորների մասին, որոնք պաշտոնապես օգոստոսի 15-ից աշխատանքի մեջ են, բայց ԱԺ դռները դեռ բացող չի եղել: Բուռն աշխատանքային գործունեությունից հետո հանգստանում ենք բոլորս: