ՃՈ-ն «մեծ ձկների» խախտումները շարունակում է չնկատել

ՃՈ-ն «մեծ ձկների» խախտումները շարունակում է չնկատել

Ավտոմեքենաների պետհամարանիշների դիզայնին զուգահեռ, փոխվել են նաեւ մոտոցիկլետների ու կցորդների պետհամարանիշների կառուցվածքն ու դիզայնը։
«Օդի հանդիպակաց ճնշման արդյունքում բավականին խոչընդոտներ էին առաջանում, նախկինում նաեւ քաղաքացիներ, հասարակական կազմակերպություններ դիմել էին մեզ այս հարցով, եւ մենք, հաշվի առնելով հասարակական կարծիքներն ու նաեւ միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքում բերել ենք էդ համարանիշները միջազգային ստանդարտների, որպեսզի լինեն ավելի ընթեռնելի, համարանիշի չափերը՝ ավելի հարմար օգտագործման համար»,-ասաց Ճանպարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը՝ ավելացնելով, որ այս ամենի արդյունքում մոտոցիկլետների համարանիշների վահանակի չափերը փոքրացվել են, իսկ կցորդների համար էլ նախատեսվել են նաեւ ոչ միայն քառակուսի, այլեւ երկար՝ ստանդարտ տեսքի վահանակով համարանիշներ։



 




Նկատենք, որ քառակուսի համարանիշներ տեղադրվում են նաեւ մի շարք մարդատար ավտոմեքենաների վրա. դրանք հիմնականում ամերիկյան ստանդարտներով թողարկված մեքենաներն են, նաեւ ճապոնական շուկայից ներմուծված մի շարք մոդելներ։ Այս առումով Արթուր Տոնոյանն ասաց, որ լինում են ցանկալի, հերթական եւ մեծ չափորոշիչին համապատասխան համարանիշներ։ Հերթական համարանիշների մեջ իրենք նախատեսել են երկու սովորական երկար, մեկ երկար, մեկ կարճ եւ երկու կարճ։



 




Պետհամարանիշների օգտագործման համատեքստում ՃՈ պետի տեղակալի հետ զրուցեցինք նաեւ օրինախախտման դեպքերի մասին, մասնավորապես, որ վերջերս «մոդա» է ընկել ԱԺ-ի համարներն ապօրինի կրկնօրինակել եւ նույն համարը փակցնել մի քանի մեքենաների վրա ու «անձեռնմխելի» ֆռֆռալ։ Ահավասիկ Դավիթ Լոքյանի որդու՝ Սերգեյ Լոքյանի օրինակը, ով իրեն ԱԺ-ից «նվեր» մնացած 037 oo 01 պետհամարանիշը փակցրել էր միաժամանակ մի քանի մեքենաների վրա։ Լոքյանին, ինչպես տեղեկացանք, օրեր առաջ զրկել են այդ համարանիշի տնօրինման իրավունքից։




Արթուր Տոնոյանը մեզ վստահեցրեց, որ Հայաստանում նման օրենք չկա, որ նույն պետհամարանիշը մի քանի մեքենաների վրա հաշվառեն։ Ուստի, ցանկացած նման դեպք, երբ թվերի ու տառերի բացառապես նույն կոմբինացիայով համարանիշը, փաստացի կրկնօրինակված, կփակցվի մեկից ավելի մեքենաների վրա, դա, միանշանակ, օրենքի կոպիտ խախտում է։




«Բացառվում է դա, սակայն նախկինում տեխնիկական պատճառներով նմանատիպ դեպքեր եղել են, մի երեք-չորս դեպք, որոնք վերացվել են, բայց դա վաղուց է եղել»,-վստահեցրեց ոստիկանապետի տեղակալը, ով նշեց, որ Սերգեյ Լոքյանի անօրինական արարքից տեղյակ չի եղել։




Վերջին տարիներին Հայաստանում հաճախակի կարելի է հանդիպել նաեւ ռուսական գոլդ համարանիշներով մեքենաներ, որոնք ամիսներ շարունակ, նույնիսկ մշտական կարգավիճակով, մնում են Հայաստանում ու ոչ մաքսազերծվում են, ոչ էլ լքում են ՀՀ տարածքը։ Տպավորություն է, որ հայ ցուցամոլ էլիտային այլեւս չեն բավարարում հայկական գոլդ համարանիշները, ու նրանք իրենց «գոլդ» ամբիցիաներն ու «ցուցամոլ» կրքերը փորձում են բավարարել արդեն ռուսական ցանկալի համարանիշներով։
Օրինակ՝ ռուսական գոլդ համարանիշներով մեքենա (թյունինգապատ Porsche Panamera) է վարում հայ «ռազմատենչ» գեներալներից Հայկազ Բաղմանյանը։ Ռուսական գոլդ, այս դեպքում՝ անվանական գոլդ համարներով (տառերը՝ ծԸՀ) վերջին սերնդի սպիտակ Range Rover-ով իր նախասիրություններն ու կարգավիճակն է ընդգծում նախագահի եղբորորդի Նարեկ Սարգսյանը։ Ի դեպ, նա իր մեքենայի ռուսական պետհամարանիշում տառերի միջոցով ակնարկել է իր անունը՝ Նարեկ, իսկ թվերի կոմբինացիան էլ նմանեցված է իր մյուս մեքենաների վրա փակցված հայկական համարներին՝ 70 007։ Արթուր Տոնոյանից հետաքրքրվեցինք, թե ինչ օրենք է գործում այս դեպքում, եւ որքան կարող են մնալ Հայաստանում արտասահմանյան պետհամարանիշով մեքենաները։




«Կանոնակարգն էսպես է. կա կառավարության՝ գրանցման ու հաշվառման 12 51 որոշում, որով կարգավորվում է, որ մինչեւ երկու ամիս մաքսային ռեժիմով ներմուծված տրանսպորտային միջոցները ճՈ-ում չեն հաշվառվում, դրանք հաշվառվում են մաքսային մարմինների կողմից։ Իսկ երկու ամիս եւ ավելի ժամկետով ՀՀ-ում գտնվող տրանսպորտային միջոցները պարտավոր են դիմելու ՃՈ եւ փոխարինելու իրենց համարանիշները մեր հայկական համարանիշներով։ Բայց հիմա, եթե շատ են, երեւի նրանից է, որ արձակուրդի սեզոն է»,-ասաց Ա. Տոնոյանը ու չհամաձայնեց մեր դիտարկմանը, թե ռուսական համարներով մեքենաներ կան, որոնք սահմանվածից երկար են մնում ՀՀ տարածքում, սակայն ՃՈ-ն աչք է փակում այդ հանգամանքի վրա։ Պարոն Տոնոյանը եւս իր հերթին փաստեց, որ ավտոմեքենայի միակողմանի պետհամարանիշով երթեւեկելը եւս օրենքի խախտում է, երբ, օրինակ, պետհամարանիշը փակցված է ավտոմեքենայի միայն հետեւի կամ առջեւի մասում։ Այս հարցում եւս իր «օրիգինալությամբ» աչքի է ընկնում նախագահի եղբորորդին, ով իր «սեւաթույր» Mercedes-Benz CL 63AMG Coupe-ն վարում է միայն հետեւի կողմում փակցված պետհամարանիշով։ Արթուր Տոնոյանը, ինչպես եւ ոստիկանության պետի մյուս տեղակալ Արթուր Օսիկյանը, եւս տեղյակ չէր դրանից, սակայն փաստեց, որ նման դեպքերում վարորդը պետք է վարչական պատասխանատվության ենթարկվի։



ՀԳ. Հետաքրքիր է, որ մեր Ճանապարհային ոստկանության աշխատակիցներն ամեն առիթով ոստիկանապետի խստաբարո «դասախոսություններն» ու պահանջկոտ հորդորները լսելուց հետո էլի շարունակում են «չնկատել» իրենց քթի տակ օրը ցերեկով ամեն օր խախտում կատարող մեր բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց հարազատների մեքենաները։ Թերեւս այդ «կարճատեսության» արդյունքն է այն, որ հայտնի թաղային հեղինակություն Ճվճվ Արոյի զավակը, ով բազմիցս է ոստիկանության կողմից վարչական պատասխանատվության ենթարկվել խախտումների համար, երկու օր առաջ, վարորդական իրավունքից զրկված լինելով հանդերձ, իր սպիտակ Mercedes-ով, ոգելից խմիչքի ազդեցության տակ, բախվել է միկրոավտոբուսին ու 10 հոգու հիվանդանոց տեղափոխվելու պատճառ դարձել։ Այ, եթե ոստիկանությունը ժամանակին պատժեր նրան, այնպես, որ նա իր մաշկի վրա զգար օրենքի ուժը, այս դեպքը տեղի չէր ունենա։




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
[email protected]