Երկրապահների միություններ՝ շատ լինի, քիչ չլինի

Երկրապահների միություններ՝ շատ լինի, քիչ չլինի

Վերջին շրջանում, ազատամարտիկների կամ երկրապահների ակտիվանալուն զուգահեռ, մի քանի նոր կազմակերպություններ ձեւավորվեցին. շատ լինի՝ քիչ չլինի տարբերակով: Հիմա իրարից ետ չմնալով, ամեն մեկն իր «երկրապահների միությունն» է ստեղծում եւ ամեն մեկն ասում է, որ հենց սա է «իսկականը», այնպես, որ չգիտես՝ այս առատության մեջ ինչպես տարբերես երկրապահի «սուտն» ու «ճիշտը»: Կար Մանվել Գրիգորյանի երկրապահ, ստեղծվեց Վոլոդյա Ավետիսյանի երկրապահ, ապա՝ Ազատամարտիկների դաշինք, հիմա էլ՝ Ռուբեն Գեւորգյանի Երդվյալ ազատամարտիկների միություն:



Վերջինիս համագումարը տեղի ունեցավ շաբաթ օրը, ԲՀԿ առաջնորդին պատկանող շքեղ կառույցներից մեկում՝ «Փարավոն» ռեստորանային համալիրում: Բնականաբար, Ռուբեն Գեւորգյանի երդվյալ ազատամարտիկները չեն վճարել ճոխ պայմաններում համագումար անցկացնելու գինը, ըստ երդվյալների նախագահի՝ այդ վերաբերմունքը Գագիկ Ծառուկյանի բարի կամքի դրսեւորումն էր: ԲՀԿ առաջնորդն ամաչել է, որ ազատամարտիկները պիտի բաց երկնքի տակ՝ Ազատության հրապարակում անցկացնեն իրենց համագումարը, եւ առաջարկել է իր փառահեղ ռեստորանը:Բայց ինչո՞ւ հենց Ռուբեն Գեւորգյանի հավաքագրած միությանը՝ դե, որովհետեւ իրենք են երդվյալն ու իսկականը: 



«Երկրի այս վիճակի մեջ մենք՝ երկրապահներս, միշտ պետք է միասնական լինենք ամեն դեպքում, բայց ամեն մեկն իր լուծման ձեւն ունի, էդ խնդիրները լուծելու իր տարբերակն է պատկերացնում: Էդ մարդիկ համախմբվել են, երեւի ուզում են ցույց տան, որ նպատակն էն ա, ինչ որ մերն ա: Իսկ մեր նպատակն էն ա, որ ժողովրդին էս վիճակից հանենք, էս արտագաղթը, որ ստեղծվել ա, ապրել չի լինի»,- նկատում է Ազատամարտիկների դաշինքի անդամ, հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը: Իսկ այն հարցին, թե ինչու են ազատամարտիկներն անջատ-անջատ գործում, Ապարանի նախկին քաղաքապետը պատասխանեց. «Կարեւորը, որ հավաքվում են իրար գլխի, հլը թող հավաքվեն, տեսնենք՝ եթե նպատակներն ազնիվ են, ժամանակի ընթացքում ավտոմատ կմիավորվենք: Շատ ծանոթ չեմ իրենց նպատակին, բայց որ իրենց նպատակն էլ նույնը լինի, ինչ որ մերն ա, կանգնենք ժողովրդի կողքին, առաջնորդենք, էս վիճակից դուրս բերենք: Եթե իրենց նպատակն էլ էդ կլինի, մենք ամբիցիաներ չունենք, կկանգնենք իրար կողք, միավորվենք: Ինչքան միասնական լինենք, էնքան հեշտ կլինի»:



Դեռ օրեր առաջ Ազատամարտիկների դաշինքը բոլորովին այլ կարծիքի էր, որ իրենք Գագիկ Ծառուկյանի հրահանգով չեն գործում, զարմանում են, թե ինչու է «Ծաղիկ Ռուբոն զորք հավաքում»: Որ «Հայրենիք» կինոթատրոնի շենքը Ծառուկյանը չի տրամադրել իրենց՝ հանդիպումների համար: Իսկ այսօր պատրաստ են միավորվել Ծաղիկ Ռուբոյի հետ: «Ես ըտեղ վատ բան չեմ տեսնում, հակառակը, ես ավելի շատ վատ բան եմ տեսնում, որ տղերքն ուզում են հավաքվեն՝ դահլիճ չեն տալիս: Վատ բան չեմ տեսնում, որ Գագիկ Ծառուկյանն իրանց օգնել ա, մանավանդ, որ Գեւորգյան Ռուբենը ԲՀԿ-ի պատգամավորներից ա: Եթե նպատակը ժողովրդի կողքին կանգնելն ա, մենք արագ կմիավորվենք»,- նկատեց հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը: Հետաքրքիր է, Գագիկ Ծառուկյանն ինչո՞ւ Ազատամարտիկների դաշինքին չի առաջարկել, որ իրենց համագումարը կամ որեւէ հավաք «Փարավոնում» անցկացնեն: Կամ՝ ինչո՞ւ Ազատամարտիկների դաշինքը չի միավորվում Մանվել Գրիգորյանի «Երկրապահ»-ի հետ, ավելին՝ ինչո՞ւ ժամանակին չմիավորվեցին գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ազատամարտիկների հետ, որոնք նույնպես իշխանություններին պահանջ էին ներկայացրել:



Ֆելիքս
ԵՂԻԱԶԱՐՅԱՆ