Հակոբյանը չի բացառում, որ եռյակի ուժերը կդառնան հակառակորդներ

Հակոբյանը չի բացառում, որ եռյակի ուժերը կդառնան հակառակորդներ

Հոկտեմբերի 24-ի հանրահավաքի վերաբերյալ կարծես թե միայն մեկ բան է հստակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությունն այդ հանրահավաքին: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը երեկ վստահեցրեց, որ անկախ ամեն ինչից՝ Րաֆֆին այդ օրը հարթակում կլինի: Մյուս հարցերը՝ իշխանափոխության ճանապարհային քարտեզ, միասնական օրակարգ, մեխանիզմներ եւ այլն, դեռ պարզ չեն, պարզ կդառնան միայն այդ օրը: Մեր դիտարկմանը, թե հոկտեմբերի 10-ի հանրահավաքը կարծես անոնս լիներ ամսի 24-ի հանրահավաքի վերաբերյալ, Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ կարելի է ցանկացած գնահատական տալ դրան: «Ես միանգամից ասեմ, որ ուներ թերություններ այդ հանրահավաքը, որովհետեւ միասնություն էր ակնկալում ժողովուրդը: Բոլոր դեպքերում, կուզեք դիտել որպես անոնս, կուզեք տարբեր գնահատականներ տվեք, բայց կարծում եմ, որ դա ինչ-որ տեղ նախապատրաստվում էր 24-ի հանրահավաքին»,-ասաց նա՝ ընդգծելով, որ մեկ հանրահավաքով գործը չի ավարտվի: Իսկ արդյոք առաջիկա հանրահավաքը վճռակա՞ն է լինելու, Հակոբյանը կրկին չցանկացավ գնահատականներ տալ. «Իմ կարծիքով՝ սա պետք է լինի հանրահավաք, որտեղ պետք է իսկապես 3 քաղաքական ուժեր ներկայացնեն միասնական ճանապարհային քարտեզն ու առաջիկա քայլերը»: Իսկ հաջորդ հանրահավաքների հետ կապված ի՞նչ է որոշվել, Հակոբյանն ասաց, որ այդ հարցը եւս ամսի 24-ին կորոշվի:



Նա նաեւ անդրադարձավ ՀՅԴ-ի կողմից հնչեցված մեղադրանքներին, թե իբրեւ եռյակը համագործակցում ու բանակցում է իշխանությունների հետ՝ նշելով, որ բանակցելու մեջ որեւէ վատ բան չկա, իսկ համագործակցություն գոնե իրենց քաղաքական ուժի կողմից չկա: Հակոբյանին եւս հետաքրքիր է, թե ինչ է ասելու Գագիկ Ծառուկյանը եկող հանրահավաքին: «Իհարկե, եւ բոլորին է հետաքրքիր, նաեւ կարծում եմ՝ Գագիկ Ծառուկյանին էլ հետաքրքիր կլինի, թե մենք ինչ ենք ասելու: Այնպես որ, այստեղ հետաքրքիր դաշտը բավականին մեծ է»: Ի դեպ, նախորդ հանրահավաքին ինքը հիասթափություն չի ապրել, որ ԲՀԿ առաջնորդը ոչինչ չի ասել: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին անդամակցության հարցում եռյակում կոնսոլիդացիայի բացակայությանը, Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ բնական է, երբ տարբեր քաղաքական ուժեր ունեն տարբեր մոտեցումներ այս կամ այն հարցում: «Բայց այս համագործակցության մեջ չէր մտնում, որ գաղափարական քաղաքական միավոր պետք է ձեւավորվի: Այս երեք, նախապես չորս, քաղաքական ուժերի հիմնական խնդիրը շատ մարտավարական է՝ իրականացնել իշխանափոխություն, որպեսզի յուրաքանչյուր քաղաքական ուժ հնարավորություն ունենա նորմալ, ժողովրդավար պետության մեջ իր քաղաքական նիշան զբաղեցնի»,-ասաց նա:
Մեր դիտարկմանը, թե երբ եռյակը քառյակ էր, այդ ժամանակ էլ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ կոնսոլիդացիա չկար, եւ քառյակը տրոհվեց, հիմա էլ ԵՏՄ-ի հարցում չկա միասնական դիրքորոշում, սակայն եռյակը շարունակում է գործել, ո՞րն էր տարբերությունը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն ասաց, որ եռյակի անդամ ուժերի համագործակցության շրջանակում արտաքին քաղաքական հարցեր չեն մտնում:
Այսինքն՝ չե՞ք կարեւորում արտաքին քաղաքական վեկտորը: «Ես չասացի, թե չենք կարեւորում, շատ-շատ ենք կարեւորում, բայց ասում եմ՝ տարբեր քաղաքական ուժեր են, որոնք ունեն տարբեր հայեցակարգեր արտաքին քաղաքականության հետ կապված, եւ պատահական չասացի, որ ի սկզբանե դա նկատի ունենալով՝ մենք պայմանավորվել ենք ընդհանրապես արտաքին քաղաքական հարցեր չշոշափել եռյակի ձեւաչափում»,- ասաց Ռ. Հակոբյանը: Իսկ եթե իշխանափոխություն լինի, եւ նախագահի թեկնածուի հարց ծագի, այստեղ խնդիր չի՞ առաջանա արտաքին քաղաքական վեկտորի առումով, Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ, իհարկե, կառաջանա:



«Խնդիրն այն է, որ կարող է իշխանափոխությունից հետո լրիվ հակադիր բեւեռներում հայտնվեն այս երեք քաղաքական ուժերը՝ պայմանավորված իրենց մոտեցումներով նաեւ արտաքին վեկտորի առումով: Շատ հնարավոր է, որ արդեն մրցակից հակառակորդներ լինեն: Խնդիրն այն է, որ ունենք այնպիսի հարթություն, որտեղ ժողովուրդը կարողանա որոշել՝ մտնե՞լ ԵՏՄ, թե՞ չմտնել»,- պարզաբանեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը: