Թուրքիայի այսօրվա առաջնորդները պատրաստ չեն ընդունելու ցեղասպանությունը

Թուրքիայի այսօրվա առաջնորդները պատրաստ չեն ընդունելու ցեղասպանությունը

Համատեղ ավտոբուսային շրջագայության ընթացքում անցկացրած 14 օրերը թուրք եւ հայ լրագրողներիս համար եւս մեկ անգամ փաստեցին, թե ինչքան նմանություններ եւ ընդհանրություններ ունեն կողք կողքի ապրող, բայց արդեն 100 տարվա լռություն պահպանող երկու ժողովուրդները: Այդ նմանություններն ընդգծվում էին ամեն քայլափոխի, երբ Թուրքիայում մեզ` հայերիս, շատ հաճախ թուրքերի տեղ էին ընդունում, իսկ Հայաստանում թուրքերին` հայերի: Արդեն Երեւանում գրեթե բոլոր թուրք լրագրողները նշում էին, որ ոչ մի տարբերություն չեն զգացել Հայաստան գալով. նույն սովորույթները, նույն երգն ու պարը, նույն սնունդը, միայն լեզուն է տարբեր, այն էլ՝ մի շարք ընդհանրություններով հանդերձ:



Ազգությամբ քուրդ բլոգեր Նայիֆ Յիլմազն ասում է, որ Հայաստան գալուց առաջ շատ բան չգիտեր, միայն հեռուստատեսությամբ լսել էր, որ աղքատությունը շատ է Հայաստանում: Նայիֆն իր հերթին էլ ընդգծում է քուրդ եւ հայ մշակույթների նմանությունները: Ասում է, որ մինչեւ Հայաստան գալն արդեն տեղյակ էր Հայոց ցեղասպանությանը, որովհետեւ իր տատն ու պապն իրեն պատմել են այդ մասին: Նայիֆի կարծիքով, չնայած թուրքական կառավարությունը չի ընդունում, որ դա ցեղասպանություն է, բայց ինքն այն ընդունում է եւ ճանաչում: Իսկ սահմանները բացելով՝ մարդիկ միմյանց հետ ավելի հեշտ կհաղորդակցվեն: Նա ասում է. չնայած քիչ ժամանակ ունեցավ Հայաստանում լինելու եւ հայերի հետ շփվելու համար, բայց մարդիկ իր սպասածից ավելի բարեհամբույր էին:



Հայաստան այցելությունից հետո միայն բլոգեր Դենիս Հիզալն զգաց եւ հասկացավ, թե ինչքան խորն է ցավը ամեն հայի մոտ, որ մինչ այսօր կա: Ասում է` մի քանի հայ ընկերներ ունի, ովքեր ապրում են Թուրքիայում, նրանց պատմելով գիտեր, որ Հայաստանում ապրող հայերն այնքան էլ նման չեն Թուրքիայում ապրող հայերին, ավելի ազգայնական են, բայց, ամեն դեպքում, նախընտրեց գալ եւ անձամբ տեսնել Հայաստանը: Պատմում է, որ Վերնիսաժում հանդիպել է մի մարդու, ով իր հետ թուրքերեն է խոսել, հետո, զրույցի ընթացքում պարզել է, որ նրա հայրն Արեւմտյան Հայաստանից է եղել, ինչը լսելով՝ տխրել է այդ մարդու համար: Դենիսի կարծիքով, եթե կառավարություններն ունեն խնդիրներ միմյանց հետ, ապա հասարակ քաղաքացիներն իրար հետ շփումներում չունեն այդ խնդիրները, որովհետեւ նրանց մշակույթները շատ նման են իրար: Ասում է` երբեք չէր պատկերացնի, որ կգար Հայաստան, եւ առավել եւս չէր պատկերացնի, որ այդքան կտխրի Հայաստանից հեռանալիս:



Ազատ լրագրող Հուսեյն Հայաթսեւերի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ակնհայտորեն, սկսվում է քաղաքական մակարդակում` քաղաքական գործիչներից, բայց դա չի նշանակում, որ հասարակությունները պատրաստ չեն: Հուսեյնը կարծում է, որ հասարակությունը կարող է ազդեցություն ունենալ կառավարության վրա սահմանը բացելու հարցում, բայց պետք է լինել իրատես եւ նշել, որ այս պահին Թուրքիայում այդպիսի հասարակություն չկա: Իսկ, մեծ հաշվով` այդ պահանջն էլ չկա հասարակությունում: Բայց եթե քաղաքական գործիչները հանդես բերեն կամք եւ ցանկություն, շատ հեշտորեն կարող են մարդկանց նախապատրաստել դրան:



Մինչեւ Հայաստան գալը Հուսեյնը ինտերնետով արդեն տեսել եւ կարդացել էր բազմաթիվ նյութեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ասում է՝ Ցեղասպանության թանգարան այցելությունից հետո ոչինչ չփոխվեց իր մեջ, բայց կրկին զգաց մարդկանց ցավը, տառապանքը 1915թ. դեպքերի հետ կապված: Խնդրում եմ ուղիղ պատասխանել հարցիս` ընդունո՞ւմ է Հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ, ինչին Հուսեյնը, ինչպես միշտ, տալիս է դիվանագիտական պատասխան, նկատելով, որ այդ հարցը չի գտնում ճիշտ, որովհետեւ մենք չպետք է խոսենք այս հարցի շուրջ` «ցեղասպանություն» բառը դարձնելով նախապայման:



Ապա մանրամասնում է` ցեղասպանության ընդունումը կամ չընդունումը չի մեղմացնի այն մարդկանց ցավերը, եթե դրա ընդունումից հետո մենք որեւէ բան չենք անելու: Ցեղասպանության սահմանման մասին քննարկումները, ըստ Հուսեյնի, չեն փոխի ոչինչ, որովհետեւ փաստ է, որ այն մարդիկ, ովքեր սպանվել են կամ մահացել, այսօր չկան, եւ երբ կենտրոնանում ենք «ցեղասպանություն» բառի վրա, դա մեզ ոչ մի տեղ չի տանում: Ըստ այդմ՝ առաջին բանը, որ պետք է մենք անենք, ըստ Հուսեյնի, այն է` չկենտրոնանալ 1915թ. դեպքերի սահմանման վրա, եւ 2-րդ. պետք է մի բան անել՝ այդ մարդկանց ցավը թեթեւացնելու համար:



«Todayևs Zaman» թերթի լրագրող Օսման Ունալանը, թե որպես լրագրող եւ թե որպես քաղաքացիական հասարակության անդամ, հավատում է, որ կարող ենք առաջ մղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պրոցեսը, ապա ընդգծում, որ ամեն դեպքում մենք` լրագրողներս, մեր դերը չպետք է գերագնահատենք, որովհետեւ իրական ուժը քաղաքական գործիչների ձեռքում է: Օսմանը կարծում է, որ հայ-թուրքական սահմանը պետք է մի օր բացվի, որովհետեւ անհարկի ձեւով փակված է: Ու քանի որ երկու երկրների հարաբերությունների մասին ենք խոսում, ապա չպետք է լինի այն 3-րդ երկիրը, որն այդ հարաբերությունները խոչընդոտում է, մեր երկրներն իրենց արտաքին քաղաքականության մեջ պետք է լինեն անկախ: Օսմանը սահմանների բացման հետ է կապում կարգավորման գործընթացի հետագա շարունակությունը: «Ես միջին վիճակագրական թուրք չեմ եւ դեռ մանկությունից եմ կարդացել 1915թ. դեպքերի մասին: Ցեղասպանության թանգարան գալով՝ ես իմ ափսոսանքը հայտնեցի եւ իմ հարգանքի տուրքը մատուցեցի այն մարդկանց հանդեպ, ովքեր այդ դեպքերի զոհ են դարձել»,-ասում է Օսմանը, ապա ընդգծում` երբ որպես մարդ ես այցելում Ցեղասպանության թանգարան, պետք է, իհարկե, ցավ, ափսոսանք զգաս, որովհետեւ առնչվում ես այդ մարդկանց ցավին, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, լինեն թուրք, թե հայ:



Օսմանը զրույցի ընթացքում նշում է, որ եթե անկեղծորեն խոսենք` նկատի ունենալով ներկայիս քաղաքական իրավիճակը, ապա չի կարծում, որ այսօրվա քաղաքական առաջնորդները պատրաստ են եւ կամք ունեն ընդունելու ցեղասպանությունը: Բայց, մյուս կողմից, հասկանում է հայ ընկերների ցավը, ովքեր այս կողմից աղաղակում են, բարձրաձայնում հարցը, բայց, մյուս կողմից, պատասխան չի եղել տարիներով. «Ես հիմա շարքային թուրքերի անունից եմ ուզում ասել, որ եթե դուք նման պահանջ եք ներկայացնում, դա կպնում է իրենց մարդկային զգացումներին, եւ հեշտ չի իրենց համար:



Ես առաջարկում եմ իմ հայ ընկերներին ավելի դիվանագիտորեն մոտենալ եւ թույլ տալ, որ պատմաբաններն ու գիտնականներն ուսումնասիրություններ անեն, քանի որ 1915թ. իրադարձությունները թաղել չես կարող»: Հայ հասարակության դեպքում Օսմանը նկատել է, որ մարդիկ տրավմայի են ենթարկված, իսկ թուրք հասարակության դեպքում դա չկա, որովհետեւ մարդիկ տեղյակ էլ չեն այդ խնդրին: Օսմանն ասում է. նույնիսկ եթե ինքն ու իր լրատվամիջոցն ընդունեն ցեղասպանությունը, միեւնույն է՝ ուժը քաղաքական գործիչների ձեռքում է: Ու քանի դեռ կարգավորման պրոցեսն ընթացքի մեջ է, իրենք «ցեղասպանություն» բառը չակերտների մեջ են վերցնում:



Ինչ վերաբերում է ընդհանուր լրատվական դաշտին, ապա, Օսմանի դիտարկմամբ, թուրքական մամուլում Հայաստանի մասին թեմաները հիմնականում խմբագրական տիրույթում են, եւ լրագրողները հազվադեպ են անդրադառնում Հայաստանի մասին առանձին թեմաների, դա լինում է միայն այն ժամանակ, երբ կառավարությունից որեւէ մեկը խոսում է այդ թեմայով, կամ տեղի են ունենում այցելություններ: